Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ «ձևավորվող խորհրդարանը լեգիտիմ չէ»։
«Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի անվան Սահմանադրական դատարան դիմելը նպատակահարմար չենք համարում։ Մենք համոզված ենք, որ դատական իշխանությունը անկախ չէ և ամբողջությամբ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին» ,- «Ազատությանը» փոխանցեց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան»-ը ընտրություններում ստացել է շուրջ 7 հազար ձայն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի երեք և «Ուժեղ Հայաստան» դաշինքի երկու թեկնածուներին վերաբերող Դատախազության միջնորդությունները:
Բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի, Դատախազությունը մյուս չորս թեկնածուների՝ Ռուսլան Բարսեղյանի, Ասատուր Քոչարյանի, Աշոտ Եղիազարյանի և Դավիթ Ղազինյանի նկատմամբ ոչ միայն մեղադրանք առաջադրելու միջնորդություններ է ներկայացրել, այլև՝ ազատությունից զրկելու:
Քոչարյանին ի՞նչ գործով են ուզում մեղադրանք առաջադրել, օրեր շարունակ իրավապահները լռում են:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն տվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու նրան ազատությունից զրկելուն, ինչի համար միջնորդություններ էր ներկայացրել Դատախազությունը:
Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նիստից հետո փոխանցեց, որ մեղադրանքը վերաբերում է ընտրակաշառք տալու նախապատրաստությանը:
Թիվ 10/51, թիվ 35/65 և թիվ 12/13 տեղամասերում, որտեղ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է նշանակվեր վերաքվեարկություն, ինչը կապահովեր այդ տեղամասերի ընտրողների իրավունքի վերականգնումը, վստահ է «Անկախ դիտորդ» դաշինքը:
Նույն դիրքորոշումն էր հայտնել նաև «Բարգավաճ Հայաստան»-ի բողոքը քննող վարչական դատարանը, ընդգծում է «Անկախ դիտորդ»»-ը ընտրությունների իր նախնական գնահատականում կատարած լրացման մեջ:
Դաշինքը համարում է, որ այս տեղամասերում վերաքվեարկությունը չնշանակելը «ապօրինի է և խաթարում է ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը», և պատրաստվում է «հնարավոր իրավական գործողություններ ձեռնարկել՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու և ԿԸՀ որոշմամբ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նախադեպը առանց իրավական հետևանքների չթողնելու նպատակով»:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը երկու ամսով կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։
Ղազինյանը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության հոդվածով։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռուսլան Բարսեղյանին ու Ասատուր Քոչարյանին, «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Աշոտ Եղիազարյանին մեղադրանք առաջադրելուն ու ազատությունից զրկելու համաձայնություն է տվել:
«Կեղծված ընտրություններն ու նոր տարածքային զիջումների կանխումը» կլինեն միավորվող ընդդիմության օրակարգային գլխավոր հարցերը, - «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ, Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Ընդդիմադիր ուժերի համախմբման» գործընթացի մասին նախօրեին հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա»,- ասել էր Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը չի հստակեցրել, թե արդյոք վերցնելո՞ւ են մանդատները և գնալո՞ւ են խորհրդարան, թե՝ ոչ: Միայն նշել է, որ այդ հարցը պետք է քննարկել ժողովորդի հետ՝ բաց, ուղիղ եթերում, ցույց տալով և՛ մանդատները վերցնելու, և՛ չվերցնելու մինուսներն ու պլյուսները: Ամեն դեպքում, 29 մանդատ ստացած դաշինքի առաջնորդը պնդել է՝ Փաշինյանի ցանկությունն է, որ իրենք մանդատները չվերցնեն:
Կարապետյանն ի պատասխան ընդդիմության հասեցին հնչող մեղադրանքներին, թե ընտրակաշառքով են ընտրվել, հենց Փաշինյանին է մեղադրել նույն կերպ ընտրվելու համար. - «Ով մեր կուսակացության կողմից ընտրակաշառաք թեկուզ 100 դոլար բաժանել է, նա Նիկոլ է, չկա այդպիսի բան»:
Հակադարձելով վարչապետ Փաշինյանի այն ձևակերպմանը, թե ջախջախելու է եռագլուխ ուժերին, Սամվել Կարապետյանն ասել է. - «Եռագլուխը չկա, արդեն մենք 500 հազար գլուխ ենք, ավելի ճիշտ 700 հազար գլուխ ենք, եթե հաշվենք փոքր կուսակցությունների ձայները, իրենք պետք է գործ ունենա ոչ թե 3 գլխի հետ, այլ 600-ից 700 հազար գլխի հետ: Եվ այդ գլուխները ամեն օր շատանալու են»:
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։