Մատչելիության հղումներ

Հետընտրական զարգացումները Հայաստանում

Հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքներով՝ ԱԺ են անցնում «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը

12:15 19.6.2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է ընտրակաշառքի գործով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ-ի՝ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Եղիազարյանը մի խումբ անձանց հետ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք է տվել՝ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ ընտրակաշառքի չափը կազմել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է, թե ընտրակաշառք է խոստանում ու տալիս ընտրողներին:

13:58 19.6.2026

Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:

ՍԴ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։

15:50 19.6.2026

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերը» դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։

16:31 19.6.2026

«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից:

17:50 19.6.2026

Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմել է Սահմանադրական դատարան:

«Մենք վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ այն քաղաքական, իրավական և հանրային միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է», - ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

«Հանուն Հանրապետությունը» հայտարարել է, որ Սահմանադրական դատարանում բարձրացնելու է «ընտրակաշառքի համակարգային ազդեցության հարցը՝ որպես ընտրությունների սահմանադրականության գնահատման առանցքային հիմքերից մեկը»։


17:50 19.6.2026

Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժը» ևս դիմել է Սահմանադրական դատարան: Կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենք ևս վիճարկում են ընտրությունների արդյունքները:

«Մենք քիչ առաջ մուտք արեցինք մեր դիմումը, որով ևս պահանջում ենք չեղյալ համարել ընտրությունների արդյունքները: Մի շարք դրվագներով ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մեզ մոտ խորը մտահոգություններ ու կասկածներ կան դրա արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության վերաբերյալ: Խոսքը վարչական ռեսուրսի կիրառման մասին է, հանրային ռեսուրսների, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության ոչ հավասարաչափ բաշխման մասին է, ընտրակաշառքների վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններն են, որոնք մեր կարծիքով պետք է կոնկրետ գնահատական ստանային: ի վերջո ԿԸՀ-ի կողմից հունիսի 17-ին կայացրած որոշումը՝ հրաժարվելը 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպել», - ներկայացրեց Կարապետյանը:



18:03 19.6.2026

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է ներկայացրել՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում կրկին պնդեց, թե գործող իշխանությունը խորհրդարանական ընտրություններին «գործադրել է ողջ վարչական ռեսուրսը»:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Սահմանադրական դատարանից, Մինասյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ այս Սահմանադրական դատարանն ի վիճակի չէ իրականացնելու, իսկ, եթե այնքան կամք ունենա, որ բացահայտ ճշմարտություններն արձանագրելով հանդերձ՝ անվավեր ճանաչի ընտրությունները և իրականացնի մեկ այլ կարևոր առաքելություն՝ սահմանադրականություն ապահովելու համար տա հնարավորություն արգելելու այս հակաիրավական քաղաքական միավորին և նրա ղեկավարին հետագայում երկիրը կառավարելու հնարավորությունից, նշանակում է՝ ժողովուրդը կկարողանա համախմբվելով կազմակերպել և կատարել նորմալ ընտրություն»:

Իշխանությունից բազմիցս հայտարարում են՝ ընդդիմության կողմից ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մասին: Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարեց. «Այս պրոցեսներն ավարտվելուց հետո, այնուամենայնիվ, բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են ազատ թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով: Այլ է հարցը, թե մինչև ընտրություններն ինչպիսի մեծ սխեմաներ են օգտագործվել ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ինչպես նաև ընտրակաշառքների, մարդկանց բերելու, ուղղորդված ընտրություն կազմակերպելու ուղղությամբ, որը բացառապես արել է հենց ընդդիմադիր դաշտը, ոչ թե իշխանական կողմը»:

15:05 20.6.2026

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ինչը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է», - ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ ասված է Ֆիցոյի ուղերձում:

«Ձեր քաղաքացիների կողմից Ձեզ ցուցաբերված աջակցությունն ապացույցն է այն բանի, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը, որոնք են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը և տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։

Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը նաև հնարավորություն կընձեռի Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում Ձեր փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ», - հայ գործընկերոջը գրել է Սլովակիայի վարչապետը:

15:15 20.6.2026

Հայաստանի երկրորդ նախագահը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ռոբերտ Քոչարյանը Վարչական դատարանին խնդրում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին ԿԸՀ որոշումը:

Գլխավոր դատախազությունն էր օրերս դիմել հանձնաժողով, խնդրել համաձայնություն տալ՝ քրեական հետապնդում սկսելու երկրորդ նախագահի դեմ: Դռնփակ նիստում հանձնաժողովը տվել էր իր համաձայնությունը, ինչից հետո մեղադրանք էր առաջադրվել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդին՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով:

Վարչական դատարանն այսօր վարույթ է ընդունել հայցադիմումը, որում որպես երրորդ անձ է որոշվել Գլխավոր դատախազությունը: Առաջին նիստը նշանակված է հունիսի 24-ին:

20:38 20.6.2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին:

Ըստ Դատալեքս տեղեկատվական կայքէջի՝ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցից Կարապետյանը պահանջում է հերքել իր հասցեին արված հայտարարությունն ու զրպարտության համար վճարել մեկ դրամ:

Քաղաքացիական դատարանն օրերս վարույթ է ընդունել հայցադիմումը:

Ընդդիմադիր Կարապետյանը դիմումի մեջ հիշատակել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իր հասցեին արված իրավապահների հայտարարությունը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»:

Կարապետյանը դատարանին խնդրում է քննել ու պատասխանատվության ենթարկել Քննչականին այս «զրպարտության» համար, պահանջել հերքման տեքստ հրապարակել և մեկ ամիս պահպանել Քննչականի պաշտոնական կայքէջում, Ֆեյսբուքի և Տելեգրամի հարթակներում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG