«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ կուսակցությունն «սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը, և դիմակայելու իշխանության անօրինականություններին»։
«Մեր իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների ուղղությամբ։ Մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար», - ասված է ԲՀԿ առաջնորդի հայտարարությունում:
«Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառվել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների, մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր և առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է՝ համագործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ», - հայտարարում է Գագիկ Ծառուկյանը:
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդեց՝ իշխանության կողմից օգտագործվել է վարչական ռեսուրս, խոսեց քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի տարածման և ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների մասին:
«Ուժեղ Հայաստան»-ը կասկածելի է համարում «Քաղաքացիական պայմանագրի» առնվազն 100 հազար ձայները:
Վարդևանյանը պնդում է, որ ՔՊ-ն չի հաղթել, և պետք է լիներ երկրորդ փուլ:
ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան»-ի դիմումը քննարկելու է այս կիրակի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու օրը:
Ի դեպ, այսօր ԿԸՀ ներկայացրած դիմումում «Ուժեղ Հայաստան»-ը նաև վերաքվեարկության պահանջ է ներկայացրել, որի մասով հանձնաժողովը պետք է առանձին որոշում կայացնի:
Ըստ Արամ Վարդևանյանի՝ եթե վիճարկվող ընտրատեղամասերի քվեարկությունն ազդում է ընտրությունների արդյունքի վրա, պարտավոր են վերաքվեարկություն իրականացնել:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ երկու ընտրատեղամասերի հետ կապված, որտեղ ընտրությունների արդյունքներն անվավեր են ճանաչվել, պետք է վերաքվեարկություն նշանակվի:
Մաթևոսյանը վկայակոչեց իր իրավաբան գործընկերներին, որոնց հետ զրույցներում է պարզել վերոհիշյալը:
«Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավորի թեկնածու, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում ընդունեց, որ երկու ընտրատեղամասերում, որտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները, խախտում է եղել, բայց միևնույն ժամանակ պնդեց, որ արդյունքները չեղյալ հայտարարելուն զուգահեռ՝ ԿԸՀ-ն պետք է նաև որոշում կայացներ վերաքվեարկություն անցկացնելու մասին: Սուրենյանցը դիտավորություն է տեսնում, որ այդ մասին չի հայտարարվել հենց երեկ, և լուրջ մտավախություն ունի, որ դա չի արվելու նաև կիրակի օրը:
Պատգամավորի թեկնածուի համոզմամբ՝ ԿԸՀ-ն ընտրողաբար է գործել և խնդիր է ունեցել ԲՀԿ-ին դուրս թողնելու խորհրդարանից:
Որպես «Բարգավաճ Հայաստան»-ի պաշտոնական դիրքորոշում՝ Սուրենյանցը բացառեց որևէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի հետ և հայտարարեց, թե վարչապետի հետ քննարկում կարող է լինել միայն մեկ հարցի շուրջ՝ նրա հեռացման:
Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Հա՛մ կեղծված են, հա՛մ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում: Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել է: Փաշինյանը չի հաղթել, մենք էլ չենք հաղթել ընտրությունները», - ասաց նա:
Սամվել Կարապետյանը հայտնեց, որ դիմել են ԿԸՀ, դիմելու են նաև Սահմանադրական դատարան երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ:
«Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ճիշտ կլինի 2-րդ փուլով որոշենք՝ հաղթել են, թե չէ», - ասաց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը:
Լրագրողի հարցին՝ եթե ԿԸՀ-ն ու ՍԴ-ն մերժեն դիմումները, իրենք կգնա՞ն խորհրդարան, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Մեր հարցը խորհրդարանն ու խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, որովհետև այս երկիրը դարձրել է դուքան, ինչ ուզում են անում են: Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել ևս մեկ ընտրական տեղամասի՝ 12/13-ի քվեարկության արդյունքները:
ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ 8-րդ համարը Ազգային ժողովրդավարական բևեռն էր:
ԿԸՀ որոշել է թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, արձանագրել է որպես անճշտությունների գումարային չափ։ Ընտրատեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, արձանագրվել են զրո։
Թիվ 12/13-ի ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) ամփոփել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների իրականացրած վերահաշվարկի արդյունքները: Վերահաշվարկվել են 637 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները:
«Ռեֆորմիստների կուսակցություն»՝ 1456 քվեն նվազել է 11-ով։
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն՝ 21 հազար 477 քվեն նվազել է 244-ով։
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 340 հազար 88 քվեն ավելացել է 508-ով։
Հայաստանի շնորհապետական կուսակցություն՝ 30 հազար 807 քվեն նվազել է 117-ով։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն՝ 25 հազար 624 քվեն նվազել է 21-ով։
«Միասնության թևեր» կուսակցություն՝ 33 հազար 644 քվեն նվազել է 56-ով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 58 հազար 378 քվեն ավելացել է 147-ով։
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն՝ 5485 քվեն ավելացել է 5-ով։
«Քոչարի ազգային վերածնունդ և Ազգի զարթոնք» կուսակցություն՝ 1984 քվեն ավելացել է 1-ով։
Հայ ազգային կոնգրես կուսակցություն՝ 3206 քվեն նվազել է 47-ով։
«Հանրապետություն» կուսակցություն՝ 15 հազար 835 քվեն ավելացել է 8-ով։
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն՝ 2679 քվեն մնացել է անփոփոխ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն՝ 5284 քվեն նվազել է 14-ով։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն՝ 26 հազար 567 քվեն նվազել է 819-ով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 727 հազար 820 քվեն ավելացել է 1148-ով։
«Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 145 հազար 113 քվեն ավելացել է 217-ով։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն՝ 6750 քվեն ավելացել է 18-ով։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 7258 քվեն ավելացել է 55-ով:
Անճշտությունների գումարային չափը, ըստ ԿԸՀ-ի, 1279-ից ավելացել է 230-ով: Անվավեր քվեաթերթիկների թիվը 17097-ից նվազել է 859-ով:
Ավելի վաղ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասի քվեարկության արդյունքները:
«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու շուրջ դեռևս վերջնական որոշում չունի, այն պետք է կայացվի խորհրդակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ, հայտարարել է դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ՝ պայքարը, եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են»,- հայտարարել է Քոչարյանը՝ շարունակելով- «Հիմա մանդատները դա լուրջ գործիք են պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց, կրկնեմ, վերջնական որոշում չկա, բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի, այստեղ կասկած չի կարող»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը նախատեսված է վաղը երեկոյան ժամը 18:00-ին:
Նիստում հրապարակվելու է ոչ միայն ընտրությունների վերջնական արդյունքները, այլև քննարկվելու է 3 տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու հարցը, ինչպես նաև ընտրություններն անվավեր ճանաչելու «Ուժեղ Հայաստանի» և «Միասնության Թևերի» դիմումները:
2 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ԿԸՀ որոշումների դեմ ԲՀԿ-ն հայցեր է ներկայացրել վարչական դատարան:
ԲՀԿ հայցադիմումի քննությանը որպես 3-րդ կողմ մասնակացում են «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը և «Հայաստան» դաշինքից Արծվիկ Մինասյանը: Պատասխանող կողմ է հանդես գալիս ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը:
ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը նիստում նշեց, որ 2 տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքով՝ ԲՀԿ-ի համար 4 տոկոսի շեմի հաղթահարման խնդիր է առաջանում:
Արդյո՞ք ԿԸՀ-ն այդ տեղամասերում վերաքվեարկության որոշում կկայացնի, առայժմ պարզ չէ:
ԲՀԿ ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ ԿԸՀ-ն իրավունք չուներ անվավեր ճանաչել ընտրատեղամասերի արդյունքները, քանի որ դա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունն է: Փոխարենը՝ ԿԸՀ-ն կարող էր վերաքվեարկության որոշում կայացնել, ինչը չի արել: Հետևաբար, հայցվոր կողմը դատարանից պահանջեց բեկանել ԿԸՀ որոշումը: ԿԸՀ փոխնախագահը, սակայն, հակադարձեց՝ գործել են ընտրական օրենսգրքի շրջանակում, հետևաբար խնդրեց հայցը մերժել: