Մատչելիության հղումներ

Սուրենյանց. ԿԸՀ-ն միտումնավոր չի հայտարարել երկու տեղամասերում վերաքվեարկության մասին

Լրացված

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ մարդիկ արդեն հավաքվում են, բայց ընդդիմության ծրագրած ակցիան դեռ չի մեկնարկել:

«Բարգավաճ Հայաստան»-ից պատգամավորի թեկնածու, Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում ընդունեց, որ երկու ընտրատեղամասերում, որտեղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր ճանաչեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները, խախտում է եղել, բայց միևնույն ժամանակ պնդեց, որ արդյունքները չեղյալ հայտարարելուն զուգահեռ՝ ԿԸՀ-ն պետք է նաև որոշում կայացներ վերաքվեարկություն անցկացնելու մասին: Սուրենյանցը դիտավորություն է տեսնում, որ այդ մասին չի հայտարարվել հենց երեկ, և լուրջ մտավախություն ունի, որ դա չի արվելու նաև կիրակի օրը:

Պատգամավորի թեկնածուի համոզմամբ՝ ԿԸՀ-ն ընտրողաբար է գործել և խնդիր է ունեցել ԲՀԿ-ին դուրս թողնելու խորհրդարանից:

Որպես «Բարգավաճ Հայաստան»-ի պաշտոնական դիրքորոշում՝ Սուրենյանցը բացառեց որևէ համագործակցություն Նիկոլ Փաշինյանի հետ և հայտարարեց, թե վարչապետի հետ քննարկում կարող է լինել միայն մեկ հարցի շուրջ՝ նրա հեռացման:

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը և ԲՀԿ պատգամավորի թեկնածուներ Գևորգ Ստեփանյանն ու Արմեն Մանուկյանը մտան ԿԸՀ: Նրանք ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ հանդիպում են պահանջում, որպեսզի ստանան բացատրություն, թե իրանց ձայների հետ կապված ինչ սխալներ են եղել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրական տեղամասերում: ԲՀԿ-ն պնդում է, թե նպատակը կուսակցությանը նորընտիր Ազգային ժողովից դուրս թողնելն է:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG