Մատչելիության հղումներ

«Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք ԱԺ». Սամվել Կարապետյան

Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Հա՛մ կեղծված են, հա՛մ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացնում: Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել է: Փաշինյանը չի հաղթել, մենք էլ չենք հաղթել ընտրությունները», - ասաց նա:

Սամվել Կարապետյանը հայտնեց, որ դիմել են ԿԸՀ, դիմելու են նաև Սահմանադրական դատարան երկու պահանջով՝ չեղարկել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ:

«Եթե ինքը վստահ է իր վրա, որ հաղթել է, ճիշտ կլինի 2-րդ փուլով որոշենք՝ հաղթել են, թե չէ», - ասաց «Ուժեղ Հայաստանի» ղեկավարը:

Լրագրողի հարցին՝ եթե ԿԸՀ-ն ու ՍԴ-ն մերժեն դիմումները, իրենք կգնա՞ն խորհրդարան, Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Մեր հարցը խորհրդարանն ու խորհրդարանը չի, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է, որովհետև այս երկիրը դարձրել է դուքան, ինչ ուզում են անում են: Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, ուրեմն կգնանք խորհրդարան»:

Իսկ եթե փողոցային պայքար լինի, ո՞վ կլինի ընդդիմության առաջնորդը, Կարապետյանն ասաց. «Ընդդիմության մեկ առաջնորդ չի լինի, քանի որ բոլորն էլ տուժվել են Փաշինյանի նախընտրական պայքարի քաղաքականությունից, բոլորն էլ պետք է մասնակցեն»:

Սամվել Կարապետյանը հայտնեց նաև, որ չի հանդիպել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդերի՝ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հետ:

«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պնդեց՝ իշխանության կողմից օգտագործվել է վարչական ռեսուրս, խոսեց քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի տարածման և ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների մասին:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG