Մատչելիության հղումներ

Փաշինյանը Քոչարյանին, Կարապետյանին և Ծառուկյանին սպառնաց քրեական պատասխանատվությամբ

Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստան»-ի, ԲՀԿ-ի առաջնորդներ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին սպառնաց քրեական պատասխանատվությամբ:

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունն ու նրանց պոչերը չպետք է մտնեն խորհրդարան, սա հայ ժողովրդի արժանապատվության հարցն է, այն լրտեսական ցանցերը, այն ուժերը, որոնք մտածում են կարող են գնել ժողովրդին, այդ քվեարկության օրը պետք է ծնկի բերվեն», - ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ ընտրություններից կարճ ժամանակ անց «Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և Մարտի 1-ի ոճրագործները պետք է երկար տարիներ անցկացնեն բանտում»։

Մայիսի կեսերին ևս քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Մարտի 1»-ը 100 տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի»:

Անդրադառնալով ՀԷՑ-ին, վարչապետն ասաց, որ այն արդեն պետական է և այլևս լինելու է միայն պետական։

Մայիսի սկզբին «Ազատություն»-ը հաղորդել էր, որ Կառավարությունն առաջարկել է ՀԷՑ-ի համար 23.3 միլիարդ դրամ՝ 62 միլիոն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ՀԷՑ-ին վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 միլիարդ 158 մլն դրամը։ Արդյունքում առաջացած գումարը, որ մնում է ՀԷՑ-ի համար, կազմում է մոտ 380 հազար դոլար։ ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարել էր, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքը չի ընդունի ընկերության բաժնետոմսերը մոտ 380 հազար դոլարով Կառավարությանն օտարելու առաջարկը:

Վարչապետն այսօր իր ելույթում հիշեց նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Գլխավոր դատախազությունը ԲՀԿ ղեկավարից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք: Այդ ամենը օր առաջ պետք է վերադարձվի ժողովրդին: Ծառուկյանը և նրա սանձարձակ որդին պետք է ենթարկվեն պատասխանատվության իրենց հանցագործությունների համար», - հայտարարեց Փաշինյանը։

Մայիսի կեսերին ևս Փաշինյանն անդրադարձել էր Ծառուկյանին որդուն՝ հայտարարելով՝ «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել ա, լակոտիդ բռնելու ենք»։ Ծառուկյանի հետախուզվող որդին մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանության և հափշտակության մեջ:

Վարչապետն այսօր նաև անդրադարձավ դատաիրավական համակարգում խնդիրներին՝ ասելով. «Դատաիրավական համակարգում խնդիրները լուծելու համար ընտրություններից հետո քննարկումների արդյունքում, ժողովրդավարական պրոցեսներով պետք է ընդունենք նոր Սահմանադրություն, որի արդյունքում ՀՀ բոլոր դատավորները կվերածվեն դատավորի պարտականությունները կատարողների և կվերանշանակվեն միայն նրանք, ովքեր կանցնեն բարեվարքության մի քանի շերտանի սկզբունքներ»։

«Սա նոր Սահմանադրության ընդունման միակ պատճառը չէ, բայց մինչև էսօր մենք չենք կարողանում պատասխանել ինչո՞ւ բանտում չեն Սերժը, Քոչարյանը և մյուսները», - նշեց նա:

Փաշինյանը հայտարարեց նաև՝ իրավապահներից ակնկալում և պահանջում է, որ բոլոր ընտրակեղծարարաները շատ արագ, ժամերի ընթացքում հայտնվեն բանտում:

«Այս պահից սկսած ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ և բոլոր ծակերում թաքնված ընտրակաշառքները հայտնվեն բանտերում»:

Փաշինյանը մարդկանց առաջարկեց ծափահարել իրավապահներին, ապա հայտարարեց՝ ընտրակեղծարար բոլոր ձեռքերը պետք է ջարդվեն:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG