Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր քարոզարշավով Գեղարքունիքի մարզում էր, Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց՝ Վանաձորում ԲՀԿ-ի օգտին ենթադրյալ ընտրակաշառք են բաժանել: Կոմիտեն քրեական գործ է հարուցել, կան նաև ձերբակալվածներ:
Ավելի վաղ նույն հոդվածով գործեր էին հարուցվել «Բարգավաճ»-ի Շիրակի ու Տավուշի գրասենյակների դեմ: Ծառուկյանն իրավապահներին այսօր չարձագանքեց, բայց ինքն էլ իր հերթին ճնշումներից ու հետապնդումներից խոսեց, առանց հստակեցումների:
«Մարդիկ վախենում են գան՝ գործից կհանեն, վրեն ակտ կգրեն, սենց երկիր կառավարել չի լինի: Ասելու բան ունեք, եկեք ներկայացեք», - ասաց Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը պնդում է՝ իշխանությունը չի արդարացրել ընտրողների սպասելիքները, նա կրկին կասկածի տակ դրեց Փաշինյանի հիմնական թեզերից մեկը, որ հայ-ադրբեջանական խաղաղությունն այլևս իրողություն է:
«Մի հատ քարտեզ են սարքել կպցնելու, նոր եք հայտնաբերե՞լ Հայաստանը, մասնատելով, բաժանելով, այսօր ամբողջ տարածաշրջանի բարձունքների վրա ադրբեջանցիները բազաներ են սարքում, մտել են մեր հողերը, ետ չեն գնում, գյուղացին չի կարողանում իր տարածքը գնա մշակի, ասում են՝ «խաղաղություն ենք բերել»: Թող ցույց տան թուղթը ստորագրած, պեչատած՝ իր ու Ալիևի, որ այսօրվանից խաղաղություն է, որևիցե մեկն իրավունք չունի ոչ սահման խախտելու, ոչ էլ կրակելու: Սա բանավոր պայմանավորվածություն է, հիմնական խնդիրն՝ Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է», - ասաց Ծառուկյանը:
Վարչապետը, մինչդեռ, որպես ապացույց, պարբերաբար հիշեցնում է՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունից հետո սահմանին գեթ մեկ կրակոց չի հնչել, ոչ մի զինվոր չի զոհվել ադրբեջանցու կրակոցից:
Թեև իշխանությունը կտրականապես հերքում է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի վերաբերյալ պնդումները, արտգործնախարարն անգամ սա համարել է հիվանդ երևակայության արդյունք, Ծառուկյանը այսօր կրկին անդրադարձավ թեմային:
«Ասում ենք, որ 300 հազար ադրբեջանցի գալու է, կառավարությունն ասում է՝ չկա այդպիսի բան, բացեք 2025 թվական, դեկտեմբերի 5, Ալիևի ասածը՝ պետք է ադրբեջանցիները գան, բնակվեն, տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով», - նշեց Ծառուկյանը:
Բելառուսի ու Ռուսաստանի հետ սերտ կապերով հայտնի գործարարը իշխանությանը կոչ արեց չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ ընդգծելով արտահանման խնդիրները: Ծառուկյանի ընկերություններից մի քանիսը զբաղվում են բանջարեղենի ու ալկոհոլային խմիչքների արտահանմամբ դեպի ռուսական շուկա:
«Այսօր արդեն մարդիկ իրենց մշակած ապրանքները չեն կարողանում տանել, վաճառել, էդ սեփականատերը վարկ է վերցրել, ծախս է արել, կլուբնիկ է ցանել, վարունգ, պոմիդոր, ծաղիկ, կոնյակը, որ չեն կարում տանեն, ի՞նչ են անելու, Եվրոպայո՞ւմ են վաճառելու: Կյանքում փորձե՞լ են մի մեքենա Եվրոպա արտահանեն, վաճառեն, նոր ասեն», - ասաց ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանը գեղարքունիքցիներին հորդորեց օգնության տարբեր խնդրանքներով հունիսի 7-ից հետո իրեն դիմել, հիշեցրեց՝ թե չէ դրական խոստումն անգամ ընտրակաշառք կհամարվի: Վստահեցրեց՝ Հիսուսի արձանի և Նոյյան տապանի կառուցման ծրագրերն ավարտի, աշխարհի 4 ծայրից զբոսաշրջիկներ կգան ու միլիոններ կծախսեն Հայաստանում: Մարտունեցի մի տարեց տղամարդ Ծառուկյանին Դավիթ Բեկի հետ համեմատեց:
Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում խոստացել է Ծառուկյանի առանձնատունը ծերերի խնամքի կենտրոն դարձնել, իսկ «Արարատցեմենտ» գործարանը պետությանը վերադարձնել: Նրա դստեր՝ Ռոզա Ծառուկյանի և վերջինիս ամուսնու՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի առանձնանտունն արդեն բռնագանձվել ու պետությանն է փոխանցվել: 1900 քառակուսի մետրանոց առանձնատան պահպանության համար, սակայն, կառավարությունը 7 մլն դրամ կծախսի:
«Հանուն ունեցվածքի չեմ կարող հայրենիքս դավաճանել»,- Ծառուկյանի երեկվա արձագանքն է իր ու ընտանիքի ունեցվածքը պետականացնելու վերաբերյալ հնչած քննարկումներին ու հարուցված քրեական գործերին: