Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել իշխող «Քաղաքացիական պայմանագրին» Fast Bank-ի կողմից ենթադրյալ ապօրինի նվիրատվություն կատարելու դեպքի առթիվ։
Անցած ամիս «Խաղաղության ձայնը» անունով երաժշտական փառատոնի երկու համերգներ կազմակերպվեցին Գյումրիում և Երևանում։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները, որ առավել հայտնի են «Վիվառո» բուքմեյքերական ընկերությամբ։ Վերջիններս ջերմ հարաբերություններ ունեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ 2021-ին պարզվեց, որ ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանն ու Էդուարդ Աղաջանյանը Վիգեն Բադալյանի բիզնես դասի օդանավով մեկնել էին համատեղ հանգստի հունական Միկոնոս կղզի։ Վահե Բադալյանն էլ վերջերս մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի հետ գործարարների հանդիպմանը։
Ապրիլի 25-ին՝ «Քաղաքացու օրվա» կապակցությամբ անցկացված համերգը գովազդվում էր ՔՊ-ականների կողմից։ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ համերգի խորագիրը համապատասխանում էր «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսին։ Երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։
Դիտորդները պնդել էին՝ երաժշտական այս փառատոնը կարելի է ընկալել որպես «բնեղենով նվիրատվություն կուսակցությանը՝ ՔՊ-ին»: Իրավական երկրորդ վիճահարույց դրվագն այն էր, որ իրավաբանական անձինք, ըստ կուսակցությունների մասին օրենքի, իրավունք չունեն նվիրատվություն կատարել քաղաքական ուժերին, այնինչ «Խաղաղության ձայնը» փառատոնի հովանավորների մեջ Fast Bank-ը նշվում է հենց որպես իրավաբանական անձ-հովանավոր։ Բացի այդ, օրենսդրությունն արգելում է տարվա ընթացքում մեկ անձից ստանալ 10 մլն դրամը գերազանցող նվիրատվություններ։ Այնինչ, ենթադրաբար, համերգի ծախսերը անգամներով կարող էին գերազանցել 10 մլն դրամը` հաշվի առնելով դրա լուսաձայնային հնարավորությունները, գովազդները, բացի այդ` ելույթ ունեցողների մեջ էին Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը։
Համերգի կազմակերպիչը՝ «Դոմինո փրոդաքշն»-ի տնօրեն Աշոտ Առաքելյանը, հրաժարվել էր ասել, թե որքան գումար է ծախսվել դրա համար։
Այս ընկերությունն էր կազմակերպել նաև 2021-ին Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի միջոցառումները: Ընկերությունը պնդել էր, որ միջոցները տրվել են ոչ թե պետբյուջեից, այլ մասնավոր հովանավորներից: Թե ովքեր էին այս մասնավոր հովանավորներն ու ինչու էին որոշել պետական տոնին նվիրված միջոցառում ֆինանսավորել, այդպես էլ պարզ չդարձավ։
«Դոմինո փրոդաքշն»-ի հետ է կապվում մեկ այլ իրավաբանական անձ՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ը։ Այս ընկերությունը 2025-ից ի վեր Կառավարությունից ու Երևանի քաղաքապետարանից ստացել է 618 մլն դրամի՝ 1.6 մլն դոլարի պայմանագրեր։ Դրանցից մեկն, օրինակ, առողջապահական համապարփակ ապահովագրության հիմնադրամի բրենդինգի համար է հատկացվել՝ 32.7 մլն դրամի չափով։ Այս ընկերությունն է կազմակերպելու նաև մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք ռազմական սպառազինության ցուցադրությունը։ Թեև օրը տոնական է, և միջոցառման մասին հայտնի էր վաղուց, Պաշտպանության նախարարությունը գնումն իրականացրել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Հակակոռուպցիոն կոմիտեն բնեղենով ենթադրյալ ապօրինի նվիրատվություն ՔՊ-ին կատարելու դեպքով վարույթ չհարուցելը հիմնավորել է նրանով, որ ապօրինի նվիրատվության վերաբերյալ հաղորդում չեն ստացել։ Մինչդեռ Հայաստանի քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ քննիչը կարող է վարույթ նախաձեռնել, եթե զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ են եղել։ «Անկախ դիտորդ»-ը ՔՊ-ի ենթադրյալ ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ այս դեպքի հարցով, սակայն, դիմել է ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտե, այլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը քննչական մարմին չէ, չունի օպերատիվ-հետախուզական գործիքներ։ Հանձնաժողովը, միաժամանակ, կարող է սեփական վարույթը նախաձեռնել և դիմել իրավապահներին, կամ՝ չդիմել։ Առայժմ նման որոշում չի հրապարակվել։
Սրան զուգահեռ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է քննվել «Քաղաքացիական պայմանագրի» ենթադրյալ ապօրինի նվիրատվությունների մեկ այլ քրեական վարույթ, որ հարուցվել էր դեռ 2024-ին։ Գործը
վերաբերում է ՔՊ -ի՝ 2022-ի ֆինանսավորմանը և հարուցվել էր նվիրատվության առավելագույն չափը գերազանցելու, չթույլատրված աղբյուրներից նվիրատվություններ ներգրավելու հատկանիշներով։ Նվիրատվությունների այս սկանդալը 2024-ին բացահայտեց Կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, «Սիվիլնեթ»-ի հետ միասին։ Ըստ հրապարակման՝ տասնյակ անձինք, որ տարբեր համայնքներում ՔՊ թեկնածուներ էին, խոշոր նվիրատվություններ էին փոխանցել իշխող կուսակցությանը, ընդ որում՝ 10 առանձին քաղաքներում ավագանու առնվազն 10 թեկնածու նույն օրը փոխանցել էր ճիշտ նույնքան գումար։ Հետաքննող լրագրողները խոսել էին ավելի քան երեք տասնյակ նվիրատուների հետ, կեսն ասել էին՝ չեն հիշում, որ երբևէ գումար փոխանցած լինեն «Քաղաքացիական պայմանագրին»։ Երկրորդ տարին է՝ վարույթը դեռ նախաքննության փուլում է, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրյալների մասին տեղեկություններ շարունակում է չտրամադրել, ինչպես նաև չմանրամասնել՝ այս գործով ի՞նչ քննչական գործողություններ են եղել, կա՞ն արդյոք նշանակված փորձաքննություններ:
Նույն թեմայի շրջանակում կար նաև մեկ այլ քրեական վարույթ՝ կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։ Անցած սեպտեմբերին հայտնի դարձավ, որ այս վարույթը կարճվել է։
Մկրտիչ Կարապետյան