Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաջողվո՞ւմ է կոռուպցիայի դեմ պայքարել, պետական համակարգում կոռուպցիայի մակարդակը նվազեցնել։ Ի՞նչ է ցույց տալիս Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության վերլուծությունը։
«Առաջին տարիներին՝ 18-19 թվականներին, եղավ էական բարելավում նախորդ տարիների համեմատ, որից հետո այդ մակարդակի վրա, մոտավորապես այդ մակարդակի վրա կանգնեց», - ասված է կենտրոնի թարմ զեկույցում:
Ըստ դրա՝ կոռուպցիայի ընկալման միջազգային սանդղակում Հայաստանի ցուցանիշը մեկ միավորով նվազել է, այսինքն՝ հետընթաց կա, բայց հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի բացատրությամբ՝ սա ավելի շատ խոսում է լճացած վիճակի մասին, այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարից պարբերաբար խոսող կառավարությունը, համաձայն այս սանդղակի, վերջին տարիներին չունի առաջխաղացում։
Երկրներում կոռուպցիայի ընկալման այս սանդղակը 10-ից 100-ն է։ Եթե 100-ի է հասնում, նշանակում է՝ կոռուպցիա չկա։ Եթե կոռուպցիոն ընկալման ցուցանիշը 50-ից ցածր է, ուրեմն մտահոգիչ պատկեր է, իսկ Հայաստանում 46 է, բացատրում է Վարուժան Հոկտանյանը։ Հարևան Վրաստանում ցուցանիշը 50 է։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հակակոռուպցիոն ռազմավարությամբ խոստացել էր 2023-26 թվականներին կոռուպցիայի դեմ պայքարել ու այդ ցուցանիշը հասցնել 55-ի։ Այդ ինչպե՞ս են հասցնում, երբ 2026 թվականն է, ու դեռ 46 է, շեշտում է Վարուժան Հոկտանյանը։
Պետական կառույցներում կոռուպցիոն դրսևորումների մասին խոսեցին քննարկման բանախոսները:
Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.