Մատչելիության հղումներ

Իրանի հետ գործարքը կա՛մ կլինի հիանալի և նշանակալի, կա՛մ գործարք չի լինի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ «Իրանի հետ գործարքը կլինի կա՛մ հիանալի ու նշանակալի, կա՛մ ընդհանրապես գործարք չի լինի»:

Այսօր ավելի վաղ էլ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ասել՝ ԱՄՆ-ն կա՛մ լավ գործարք կկնքի Իրանի հետ, կա՛մ հարցը կկարգավորի «այլ» ճանապարհով: Ռուբիոն, սակայն շեշտել է՝ Վաշինգտոնն ամեն ինչ կանի հակամարտությունը դիվանագիտությամբ լուծելու համար՝ նախքան «այլընտրանքներին» դիմելը։

Ռուբիոն ասել է, որ սեղանին դրված է բավականին հստակ և հիմնավոր առաջարկ, որով Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը, և ներգրավվի միջուկային հարցի շուրջ շատ իրական, նշանակալի բանակցություններում, որոնց համար կոնկրետ ժամանակահատված է սահմանված:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ քննարկվող գործարքը վերջնական կարգավորում չէ և ամենաբարդ հարցերը թողնում է ապագային. այն առաջարկում է 60-օրով երկարաձգել հրադադարը, վերաբացել Հորմուզի նեղուցը և բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էլ այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ խաղաղության հնարավոր փոխըմբռնման հուշագրի շրջանակում քննարկված բազմաթիվ թեմաների շուրջ արդեն որոշակի եզրահանգումների են եկել, սակայն դա չի նշանակում, թե Թեհրանը մոտ է համաձայնագրի ստորագրմանը:

Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղային հավելել է, որ «Իրանը բանակցում է պատերազմն ավարտելու շուրջ և ներկայումս չի քննարկում միջուկային ծրագրի հարցը»:

XS
SM
MD
LG