Չնայած անբարենպաստ արտաքին գործոններին՝ Ռուսաստանի և Չինաստանի կապերն այսօր աննախադեպ մակարդակի են, Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է Վլադիմիր Պուտինը, որն այդ երկրում է երկօրյա պետական այցով: Այն տեղի է ունենում ԱՄՆ նախագահի այցից օրեր անց:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների փոխգործակցությունն ու տնտեսական համագործակցությունն ուժեղ թափ են առնում: Պուտինի խոսքով՝ վերջին քառորդ դարում առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 30 անգամ և մի քանի տարի անընդմեջ գերազանցել է տարեկան 200 միլիարդ դոլարը։
«Այսօր մեր հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի՝ ծառայելով որպես համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության իսկական մոդել»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այս փոխգործակցությունը, ըստ նրա, հիմնված է «հավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու, փոխադարձ աջակցության, բարեկամության և իրական բարիդրացիության սկզբունքների վրա», պնդել է Պուտինը։
Կրեմլի ղեկավարը նաև ասել է, որ ռուս-չինական տնտեսական համագործակցության շարժիչ ուժը փոխգործակցությունն է էներգետիկ ոլորտում։ Մերձավոր Արևելքի ճգնաժամի պայմաններում Ռուսաստանը շարունակում է պահպանել իր դերը որպես ռեսուրսների հուսալի մատակարար, Չինաստանն էլ մնում է այդ ռեսուրսների պատասխանատու սպառող, ասել է նա:
«Մեր նպատակը ռուս և չին ժողովուրդների բարեկեցությունն ու բարգավաճումն ապահովելն է։ Այս անսասան հիմքերը մեր հարաբերություններին հնարավորություն են տվել հաջողությամբ դիմակայել ամրության և դիմակայունության բազմաթիվ փորձությունների»,- ասել է Պուտինը:
Պուտինը նաև խոստացել է զարգացնել Չինաստանի հետ համապարփակ գործընկերությունը և շարունակել այս երկրին էներգակիրների մատակարարումը: Նա պնդել է, որ երկրների միջև առևտուրը պաշտպանված է արտաքին ազդեցությունից և համաշխարհային շուկաներում առկա բացասական միտումներից։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, և այս հարցը ևս քննարկել է Չինաստանի նախագահի հետ: Պուտինը նաև Սի Ծինփինին հրավիրել է հաջորդ տարի այցելել Ռուսաստան՝ պնդելով, որ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունները «նպաստում են համաշխարհային կայունությանը»։
Սի Ծինփինը բարձր է գնահատել երկու երկրների «անսասան» հարաբերությունները: Չինաստանի նախագահը նշել է, որ աշխարհում այսօր մոլեգնում է «միակողմանի գերիշխանությունը», ինչի արդյունքում աշխարհը կանգնած է «ջունգլիների օրենքին վերադառնալու վտանգի առաջ»։ Ծինփինը կոչ է արել ամեն ինչ անել՝ «մարդկության համար ավելի լավ ապագա» ապահովելու նպատակով:
«Չինաստանը կշարունակի խթանել չինական ազգի երիտասարդացումն ու ուժեղ պետականաշինությունը արդիականացման չինական ոճով և անընդհատ կընդլայնի աշխարհի հետ բարձր մակարդակի փոխգործակցությունը՝ զարգացման հնարավորությունները կիսելով Ռուսաստանի և այլ երկրների հետ՝ մարդկության համար համատեղ ավելի լավ ապագա ստեղծելու համար»,- հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
Պուտինի այցի ընթացքում Չինաստանն ու Ռուսաստանը առևտրի և տեխնոլոգիաների ոլորտում ավելի քան 20 համաձայնագիր են ստորագրել, նաև երկարաձգել «Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիրը:
Պուտինի խոսնակը հայտնել է, որ Մոսկվան ու Պեկինը ընդհանուր համաձայնության են եկել նաև «Սիբիրի ուժը 2» գազատարի շուրջ, որի կառուցման դեպքում Ռուսաստանից տարեկան մինչև 50 միլիարդ խ/մ մետր գազ կփոխադրվի Չինաստան։ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ որոշ ճշգրտումներ դեռ պետք է արվեն, բայց «փոխըմբռնում արդեն կա»:
Պեսկովը նաև չի բացառել Պուտինի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոյեմբերին Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում: