Ռուսաստանը և Չինաստանը պատրաստ են աջակցել միմյանց հարցերի լայն շրջանակում, այդ թվում՝ ինքնիշխանության պաշտպանության հարցում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստան կատարած այցից առաջ:
Reuters-ի փոխանցմամբ՝ Պուտինը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հասել են փոխըմբռնման և վստահության «աննախադեպ մակարդակի»:
Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն ընդլայնում են կապերը տնտեսության, քաղաքականության և պաշտպանության ոլորտներում, նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ Մոսկվայի և Պեկինի միջև «սերտ» և «ռազմավարական» կապը «կայունացնող դեր» է խաղում համաշխարհային հարաբերություններում։
«Մենք չենք միավորվում որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք խաղաղության և համընդհանուր բարգավաճման համար», - ասել է Պուտինը:
Կրեմլը ավելի վաղ հայտարարել է, որ «շատ լուրջ ակնկալիքներ» ունեն նախագահ Վլադիմիր Պուտինի Չինաստան կատարելիք այցից, և երկու կողմերն էլ կօգտագործեն դա իրենց գործընկերությունը զարգացնելու համար
Նախորդ շաբաթ էլ Պեկին էր այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իր երկօրյա այցը Թրամփը «հսկայական հաջողություն» էր համարել: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը «հրաշալի առևտրային համաձայնություններ» են ձեռք բերել, մասնավորապես՝ էներգիայի և գյուղատնտեսության ոլորտում: