Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արաբկիրում է քարոզարշավ անցկացնում, որտեղ քաղաքացիներից մեկի հետ բուռն վեճ սկսվեց, մթնոլորտը լարվեց.
Մի կին մոտեցավ վարչապետ Փաշինյանին և ասաց. «Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել....»:
Փաշինյանն ասաց. «մենք առողջության ապահովագրություն ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել...»: Կինն ընդհատեց ու կրկին ասաց. «Դուք փորձեցիք մեզ կզացնել...»:
Այս ընթացքում մթնոլորտը լարվեց, վարչապետն ասաց. «Եթե Դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին սատկացնելու եմ, կալուգացուն էլ եմ կզացնելու, սատկացնելու, Սերժին էլ, Գագոյին էլ: ՀՀ քաղաքացուն Ռոբը գնդակահարել է, ես չեմ գնդակահարել»:
Կինը մեղադրեց Փաշինյանին «երկիրը քանդելու մեջ», վարչապետն էլ արձագանքեց. «Դուք եք քանդել, Ղարաբաղով թալանել եք: Եվ ես ասում եմ՝ էն Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ վիդեոներ են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Ղարաբաղի ակցենտով, մասկաներով վիդեո են տարածում, ասում ենք՝ դուք վախկոտ, համբալներ եք, ովքեր փախել են մարտադաշտից: Հանեք ձեր մասկաները՝ Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգացու...չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը»,- բարկացած ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին ուղղված «Ազատության» հարցին ի պատասխան Փաշինյանը ցույց տվեց այն տեսանյութը, որի մասին խոսում էր և ասաց, որ դրա թիկունքում իր մրցակիցներն են կանգնած. «Մասկեքովին սպառում եմ կոնկրետ ուժային գործողություններով, սաստիկ ուժային գործողություններով սպառնում եմ, սրանց սատկացնելու եմ: Նաև մրցակիցներին սպառնում եմ ՀՀ օրենսդրությամբ և արդարադատությամբ, սպառնում եմ 5000 զոհ ասելու համար, կոնկրետ սպառնում եմ՝ Ռոբիկ, կալուգացի, Սերժ, Գագո, բոլորիդ սպառնում եմ»,- ասաց վարչապետը:
Հարցին, թե փաստեր ունե՞ք, որ այդ տեսանյութի հետևում իրենք են, վարչապետն ասաց. «Այո, փաստն այն է, որ իրենց խոսույթի հետ համապատասխանում է: Էս մասկեքով խոսացողներին էլ ասում եմ՝ հանեք ձեր մասկեքը, և երբ հանեն մասկեքը, կտեսնեք, որ սրանք պատերազմի առաջին ժամերին մարտի դաշտերից փախածներն են, էն որ մետրոյում ասում էի՝ փախածներ, այ սրանք են փախածներ: Ես գտնելու եմ սրանց հատ-հատ, մասկեքը հանելու եմ և ասեցի, թե ինչ եմ անելու»:
Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն այսօր ասաց, թե կասկածներ ունի, որ այդ տեսանյութի հեղինակը իշխանությունն է, մանրամասների մասին, ասաց, երեկոյան հավաքի ընթացքում կխոսի:
Արփինե Սողոյանին հորդորել են հրաժարականի դիմում գրել
Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանող Արփինե Սողոյանին հորդորել են հրաժարականի դիմում գրել, «Ազատությանը» հայտնեց նրա դուստրը՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
Դուստրը հայտնեց, որ մայրը բժշկուհի է, աշխատում է պոլիկլինիկայում՝ կանանց խորհրդատվության բաժնի վարիչ, նաև՝ մասնավոր հիվանդանոցում, որպես մանկաբարձ-գինեկոլոգ:
Թե որ կառույցում և ով է նման հրահանգ տվել, Սողոյանը չհստակեցրեց:
«Համապատասխան խողովակի միջոցով եկած ցանկությունը, որ դիմում գրի, ազատվի, եղել ա, որին չի տրվել մայրիկս: Հիմա չգիտենք՝ ինչ որոշում կկայացվի», - ասաց նա:
Իսկ Ավինյանը բացառում է
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ պնդել էր, թե «բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից»։ «Մանավանդ որ խոսքը կնոջ մասին է, ով եղբորն է կորցրել և իր էմոցիան կարող է արտահայտել այսկերպ կամ այնկերպ», - ասել էր քաղաքապետը:
Արփինե Սողոյանը 44-օրյա պատերազմում անհետ կորած Հրանտ Պապիկյանի քույրն է: