ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Իրանին կոչ է արել «արագ գործել»՝ հակառակ պարագայում սպառնալով ծանր հետևանքներով։
«Իրանի համար ժամանակը սպառվում է, և նրանք պետք է ավելի արագ գործեն, հակառակ դեպքում՝ նրանցից ոչինչ չի մնա: Ժամանակը շատ կարևոր է», - Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը:
Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ԱՄՆ-ն որևէ զիջման չի գնացել՝ ի պատասխան պատերազմը դադարեցնելուն ուղղված Թեհրանի վերջին առաջարկությանը, որը Վաշինգտոնին էր փոխանցվել պակիստանցի միջնորդների միջոցով։
Թեև Թեհրանից պաշտոնական մեկնաբանություն չկա, կիսապաշտոնական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «ստանալ այնպիսի զիջումներ, որոնք չկարողացավ ստանալ պատերազմի ընթացքում»՝ հավելելով, որ դա կարող է խոչընդոտ դառնալ բանակցային համաձայնագրի համար։
Նախօրեին Axios-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որը դեմ է արտահայտվել Թեհրանի հետ որևէ փոխզիջմանը, քանի դեռ հակամարտության հիմնական հարցերը չեն լուծվել:
Axios-ը հաղորդում է նաև՝ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահն այս շաբաթ հանդիպում կանցկացնի երկրի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ռազմական գործողությունների տարբերակները քննարկելու համար։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածները փետրվարի 28-ին մեկնարկեցին։ Ապրիլի 8-ից կողմերն անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում։
Իրանը, սակայն, շարունակում է փաստացի անանցանելի պահել համաշխարհային նավթի և գազի մատակարարումների համար կարևոր Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։