Մատչելիության հղումներ

«Կոչ եմ անում բոլորիդ օգնել մեզ». Դավիթ Բաբայանն ահազանգում է՝ իր իրավունքները կոպտորեն խախտվում են

Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, արխիվ
Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, արխիվ

Վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական բանտից երրորդ հայն է ահազանգում՝ իր իրավունքները կոպտորեն խախտվում են. միջազգային ու նույնիսկ ադրբեջանական օրենքները չեն գործում:

«Կոչ եմ անում բոլորիդ օգնել մեզ այս ուղղությամբ, համայն հայությանը և բարի կամքի մարդկանց, - նշել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և հավելել, - ով է իմանում՝ վաղը ինչ կլինի հետս, որպեսզի դուք տեղյակ լինեք՝ ընդհանուր առմամբ ինչ է կատարվում»:

Այսօր էլ հրապարակվել է Արցախի նախկին արտգործնախարարի ձայնագրություն-խնդրանքը: Դավիթ Բաբայանը դիմում է միջազգային հանրությանը, Մարդու իրավունքների պաշտպաններին ու պարզապես հայ ժողովրդին, որ միավորվեն ու պաշտպանեն հայ գերիների իրավունքները:

«Այն դատավարությունը, որն ընթանում է, շինծու է: Կոպտորեն խախտվում են բոլոր նորմերը՝ մարդասիրության, արդարադատության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը: Կոչ եմ անում, որպեսզի մեր հայրենանվեր հայությունը միավորվի, ու պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան», - ասել է Բաբայանը:

Դավիթ Բաբայանն ադրբեջանական բանտում է 2023 թվականից: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այն, ինչ կատարվում է ադրբեջանական դատարանում, դատավարություն չէ, էթնոքաղաքական վենդետա է հայ ժողովրդի դեմ, ահազանգում է արցախցի նախկին պաշտոնյան:

«Իրենց բոլոր փաստարկները շինծու են, փուչիկ են, շատ թույլ են: Սա ոչ թե դատավարություն է, սա էթնոքաղաքական վենդետա է՝ ուղղված մեր ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային», - ընդգծել է նա:

Դավիթ Բաբայանը զրկված է նույնիսկ Վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելու իրավունքից: Իր դիմումներն անհետացել են, ելույթները չեն պահպանվել, պատմում է նա. «Սա ոչ այլ ինչ է, քան քայլ՝ ոչնչացնելու բոլոր քննադատական ելույթները: Խնդրում եմ՝ սա ընդունեք որպես տեղեկություն, Միջազգային դատարանին՝ որպես ի վարույթ, իսկ միջազգային հանրությանը՝ ի գիտություն: Մենք ուզում ենք իսկապես դիմել Միջազգային դատարան, ու այստեղ միայն դրանով է հնարավոր այդ հարցը կարգավորել»:

Բաբայանն ահազանգում է նաև ադրբեջանցիների կեղծ ցուցմունքների մասին, որ առանց իրեն ճանաչելու պնդել են, թե խոշտանգել է նրանց: 53-ամյա Բաբայանը երբեք ռազմական պաշտոն չի զբաղեցրել:

Օրեր առաջ էլ բանտից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանք էլ պահանջում էին, որ Հայաստանի ՄԻՊ-ը այցելի իրենց, կազմակերպի իրենց ու ընտանիքների հանդիպումը։ Նաև, որ ՄԻՊ-ը իրենց գործերը ամբողջությամբ հայերենով ու ադրբեջաներենով փոխանցի իրենց ընտանիքներին։ Անահիտ Մանասյանն էլ արձագանքել էր, թե իր լիազորությունները սահմանափակվում են Հայաստանի տարածքով:

Ընդդիմադիրների խոսույթը չի նպաստում գերիների հարցի լուծմանը. Փաշինյան

Հայաստանի վարչապետի, կառավարության մանդատի՞ց էլ է դուրս այս հարցը, ի՞նչ են անում, որ 19 հայ գերիները Հայաստան վերադառնան:

«Էդ աշխատանքը մենք աշխատում ենք հնարավորինս կոնֆիդենցիալ պահել, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ դրա հրապարակայնացումը ոչ մի խնդիր չի լուծում: Նաև մենք հնարավորն անում ենք՝ անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը շուտափույթ կերպով լուծելու», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին է մեղադրում, թե գերիների համախոհների զրույցները Արցախի մասին բացասաբար են ազդում այդ հարցի լուծման վրա: Փաշինյանն ասաց, թե խոսում են Արցախը հետ բերելու մասին, չնայած նրա ակնարկած ընդդիմադիր ուժերը արցախցիների վերադարձի ու սեփականության իրավունքի մասին են խոսում:

«Ադրբեջանում էլ են չէ՞ հետևում քաղաքական խոսույթին, հիմա տեսնո՞ւմ են, չէ՞, Իշխանյանի կուսակիցները Հայաստանում ինչ խոսույթներով են հանդես գալիս, հիմա դա ազդո՞ւմ է այդ ընդհանուր պրոցեսի վրա, իհարկե, ազդում է», - նշեց նա:

Ընդդիմադիր ուժերն էլ Փաշինյանին են մեղադրում անգործության համար, թե առանց խաղաղության պայմանագրի ամենօրյա քարոզով մարդկանց հավատացնում է՝ խաղաղությունն իրականություն է, բայց այդ հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանը հայ գերիներին ռազմական հանցագործներ է ներկայացնում ու դատում:

Սիրանուշ Սահակյանը կառավարությանն անգործության համար է մեղադրում,

Չնայած Փաշինյանի վստահեցումներին՝ Եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կառավարությանն անգործության համար է մեղադրում, թե գերիների հետ դիվանագիտական խողովակներով հյուպատոսական հանդիպումներ պետք է ապահովեն ու դա չեն անում:

«Այս ահազանգերը ևս լավ առիթ են, որպեսզի Արտաքին գործերի գերատեսչությունը վերանայի իր մոտեցումը և վերջապես ձեռնամուխ լինի այցելության իրավունքի իրականացմանը միջնորդ երկրների միջոցով», - նշեց Սահակյանը:

«Պետք է լինի հասցեականություն, արդյոք Արտաքին գործերի նախարարությունը պատրաստակամ չէ՞ պաշտպանել իր քաղաքացուն, որը չափազանց բացասական հոգեբանական ազդեցություն է ունենալու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա, թե՞ բոլոր դեպքում ջանքեր գործադրվում են, սակայն ադրբեջանական կողմը խոչընդոտներ է առաջացնում: Հանգամանքը պետք է դառնա հանրային իրազեկվածության առարկա, և մենք պետք է թափանցիկ կերպով հասկանանք՝ որտեղ է եղելությունը», - ասաց իրավապաշտպանը:

Ըստ իրավապաշտպան Սահակյանի՝ հայ գերիների ահազանգերից հետո Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համայնքն էլ պետք է ակտիվանա: Սրանք, նրա խոսքով, ուղիղ փաստեր են, որ չկա արդարադատություն, ու սա ցուցադրական էթնիկ վենդետա է, վրեժխնդրություն:




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG