Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ադրբեջանական բանտից պատմել է իր իրավունքների ոտնահարման մասին, դիմել է հայ ժողովրդին, լրատվամիջոցներին, միջազգային հանրությանն ու մարդու իրավունքների պաշտպաններին՝ խնդրելով պաշտպանել հայ գերիների իրավունքները։
«Սա ոչ թե դատավարություն է, այլ էթնոքաղաքական վենդետա՝ ուղղված հայ ժողովրդի անցյալի ու ապագայի դեմ», - ձայնային հաղորդագրությունում ասում է Դավիթ Բաբայանը, որին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման։
Բաբայանը հայտնել է, որ անհետացել են Վերաքննիչ դատարան ուղարկած իր նամակ-բողոքները, դիմումները, իսկ դրանք անհրաժեշտ են իրեն՝ միջազգային դատարան դիմելու համար. «Իմ փաստաբանն է դրա մասին ինձ տեղյակ պահել մայիսի 7-ին, ասել է՝ վերջին օրն է, անակնկալ էր, փետրվարի 23-ին երկու դիմում եմ ուղարկել, և այդ ամենը անհետացել է։ Ստիպված մի նամակ եմ գրել, բայց չգիտեմ պատասխանը։ Բացի դրանից՝ մեկուսարանից բանտ տեղափոխվելու ժամանակ իմ վերջին ելույթն են առգրավել։ Սա ոչ այլ ինչ է, քան քայլ, որ ոչնչացնեն բոլոր քննադատական ելույթները։ Միջազգային հանրությանն ի գիտություն»։
Գրեթե երեք տարի ադրբեջանական բանտարկության մեջ գտնվող Բաբայանը խնդրում է, որ պահանջեն իր վերջին ելույթների տեսանյութերը. «Կխնդրեի, որ պահանջեք, խնդրեք մեր վերջին ելույթները ձեզ տրամադրեն։ Նաև տեսանյութով, եթե արդեն չեն ոչնչացրել։ Դատական գործընթացի մասին հակիրճ ներկայացնեմ, ով է իմանում՝ վաղը ինչ կլինի հետս, որ տեղյակ լինեք ընդհանուր առմամբ՝ ինչ է կատարվում։ Այս դատավարությունը, որն ընթանում է, իհարկե, շինծու է։ Խախտվում են կոպտորեն բոլոր նորմերը՝ մարդասիրության, արդարադատության, միջազգային իրավունքի, իրենց սեփական օրենսդրությունը։ Կոչ եմ անում, որ մեր հայրենանվեր հայությունը միավորվի, և պաշտպանենք մեր իրավունքները, որովհետև մենք դիմելու ենք միջազգային դատարան»։
Օրեր առաջ էլ բանտից Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին էին դիմել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նրանք էլ պահանջում էին, որ Հայաստանի ՄԻՊ-ը այցելի իրենց, կազմակերպի իրենց ու ընտանիքների հանդիպումը։ Նաև, որ ՄԻՊ-ը իրենց գործերը ամբողջությամբ հայերենով ու ադրբեջաներենով փոխանցի իրենց ընտանիքներին։ Անահիտ Մանասյանն արդեն հայտնել է, որ իր լիազորությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետությունով։
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15-ից մինչև ցմահ ազատազրկման։