Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր ԱԺ-ում իր տարեկան զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ Բաքվի բանտում պահվող հայերին այցելելու մասին հարցին:
«Այցի նպատակն, օրինակ, չի կարող չէ լինել այն, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը գնա այլ պետություն մշտադիտարկում իրակականացնի: Հիմա եթե մշտադիտարկումը չէ նպատակը, ո՞րն է նպատակը, մենք պետք է նպատակները հստակեցնենք», - ասաց նա:
Անահիտ Մանասյանը կարևորեց, որպեսզի Բաքվի բանտում գտնվողներն ազատ արձակվեն և նշեց. «Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի մանդատին, ես կխնդրեմ նկատի ունենալ, որ երբ խոսում ենք պետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին, չենք խոսում այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է իր մանդատն իրականացնել նաև այլ պետության տարածքում»:
Նախօրեին Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը հարազատների հետ հեռախոսազրույցի միջոցով ադրբեջանական բանտից դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին: Նա ուզում է, որ Անահիտ Մինասյանն իր ադրբեջանցի գործընկերոջ միջոցով ստանա հայ գերիների գործերի մեղադրական եզրակացությունները, դատավճիռներն ու փոխանցի նրանց հարազատներին:
Անցած ամիս էլ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռոբեն Վարդանյանն էր դիմել Հայաստանի ՄԻՊ-ին, որ հանդիպի Բաքվում պահվող գերիներին ու ապահովի նրանց ու ընտանիքի անդամների տեսակցությունը: Անահիտ Մանասյանը Ռուբեն Վարդանյանի դիմումի հետ կապված ասել էր, թե իր լիազորությունները միայն Հայաստանի մակարդակով են: