Արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի բացահայտում, թե Թուրքիայի հետ կապված ինչի շուրջ է պաշտոնական Երևանը պատրաստվում ողջունող հայտարարություն տարածել:
Այսօր առավոտյան Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին շշնջացել էր, թե «թուրքերն էսօր բացում են... հիշում ե՞ք՝ կոդերը... մի հատ վելքամինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ...»: Այնուհետ Փաշինյանը ցույց էր տվել իրեն ամրացված միկրոֆոնը, ինչից հետո նախարարը հետ էր քաշվել:
Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում Միրզոյանը հրաժարվեց բացահայտել փսփսոցի թեման. - «Որ փսփսալու պահը անցած լիներ, չէինք փսփսա, միանգամից կամերայի առաջ կգայինք ուղիղ կասեինք»:
«Եթե մի բան դեռ չի հանրայնացվում, նշանակում է՝ մի բան ընթացքի մեջ է, հենց լինի՝ անպայման [կհանրայնացվի]», - վստահեցրեց նախարարը:
«Որևէ նորություն որ լինում է, անմիջապես և՛ լրատվամիջոցները, և՛ ողջ հայ հանրությունը տեղեկացվում է», - ընդգծեց Միրզոյանը:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. - «Ապրանքը երբ որ առնում են որևէ երկրից և արտահանում են որևէ տեղ, պետք է նշվի հասցեատեր, առաքման երկիրը: Նախկինում օրենսդրությամբ՝ իրենց [Թուրքիայի] կարգավորումներով, Հայաստանը էդ երկրների ցանկում չկար, և ձևակերպում էր երրորդ երկիր, երրրորդ երկրից նոր վերաարտահանում էր Հայաստան: Գիտեք, որ Հայաստանում բազմաթիվ թուրքական արտադրության ապրանքներ կան, և դա լրացուցիչ, այսինքն՝ տանում են ուրիշ երկիր, ձևակերպում են, նոր են բերում, հիմա իրենք ձևակերպում են, որ էդ ցանկում ուղիղ կարողանան, ոչ թե ուղիղ ֆիզիկապես, այլ որպես առաքման երկիր Հայաստանը նշվի»: