Մատչելիության հղումներ

Մակրոնը կոչ է անում Ադրբեջանին և Թուրքիային բացել սահմանները, Անկարան խուսափում է կոնկրետ ժամկետներ նշել

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում «Երևանյան երկխոսություն» համաժողովում, 5-ը մայիսի, 2026թ.
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ելույթ է ունենում «Երևանյան երկխոսություն» համաժողովում, 5-ը մայիսի, 2026թ.

Մինչ Ֆրանսիայի նախագահն այսօր Երևանում Ադրբեջանին ու Թուրքիային կոչ էր անում բացել Հայաստանի հետ սահմանները, նույն՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցող թուրք բանագնացը հրաժարվեց ասել, թե երբ կբացվի հայ - թուրքական սահմանը: Երևանն ու Անկարան երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը ձեռք են բերել չորս տարի առաջ, այն այդպես էլ իրականություն չի դառնում:

«Սահմանի բացման հարցը մենք այստեղ չենք քննարկել: Որոշել ենք, որ երբ ճիշտ ժամանակը գա, երբ ձևակերպումները վերջնական տեսքի բերվեն, կբացենք սահմանը: [Ալիջանի անցակետի] շինարարությունը գրեթե պատրաստ է, բայց կան որոշ հարցեր, որոնք պետք է ավարտին հասցվեն, այնտեղ մարդիկ պետք է նշանակվեն, ինտերնետ կապ պետք է հաստատվի և այլն, և այդպես շարունակ», - հայտարարեց հայ - թուրքական հարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը:

Նրա հավաստմամբ՝ խնդիրները տեխնիկական ու բյուրոկրատական են, այդուհանդերձ, դիվանագետը սխալ համարեց որևէ հստակ ժամկետը նշելը:

Մինչդեռ երևանյան համաժողովի հարթակում ունեցած ելույթում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ էր անում Ադրբեջանին և Թուրքիային խիզախություն դրսևորել՝ բացել Հայաստանի հետ սահմանները և շարժվել ժողովրդավարության ու խաղաղության ուղով:

Իր ելույթում Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ ընդգծեց՝ հենց սահմաննների ամբողջական բացումը թույլ կտա Հարավային Կովկասին դուրս գալ կայսրությունների թատերաբեմից և դառնալ իրական խաչմերուկ Եվրոպայի ու Ասիայի միջև:

«Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են կարծես ավար կամ մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին: Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվորպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև ... լինել խաչմերուկ այս տարածշրջանում, լինել այդ միջին միջանցքը: Սա ենթադրում է, որ պետք է սահմանները բացել», - ասաց Մակրոնը՝ շարունակելով. - «Ես ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես որ դուք, և ձեզ ուղեկցեն այս խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին, որպեսզի բոլոր սահմանները բացվեն և բացվեն ամբողջովին: Եվ հենց դա պետք է արվի, որպեսզի Կովկասի պահը գա, որպեսզի սահմանները բացվեն: Եվ իրականում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և որպեսզի չինի որևէ սահմանափակում Վրաստանի հետ: Սա է մեր համոզմունքը և սա պետք է լինի Եվրոպայի հանձնառությունը»:

Ֆրանսիայի նախագահը միաժամանակ ողջունեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ ապրանքաշրջանառության սահմանափակումների վերացումը և հաղորդակցությունների աստիճանական վերականգնումը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի սահմանների բացումը հումանիտար օգնության տեղափոխման նպատակներով: Մակրոնի համոզմամբ՝ այդ քայլը ցույց տվեց, թե որքան կարևոր է, որ սահմանների բացումը լինի լիարժեք:

Տարածաշրջանի զարգացման ու խաղաղության համատեքստում Ֆրանսիայի նախագահը մի քանի անգամ անդրադարձ կատարեց նաև Ռուսաստանին՝ պնդելով, թե Հայաստանն իր քայլերով վերջին տարիներին ցույց տվեց, որ առանց կայսրությունների միջամտության հնարավոր է բարգավաճել,ի սկ 44-օրյա ողբերգական պատերազմն, ըստ Մակրոնի, ի ցույց դրեց Ռուսաստանի մասին ողջ իրականությունը:

«Շատերը երկար ժամանակ մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թևի ներքո: Սակայն 2020-ի թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպես որ շատերը պատկերացնում էին: Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին, և հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն», - ընդգծեց Մակրոնը:

«Բոլորը կարծես սովորել էին, որ Ռուսաստանը պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետև Հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից: Իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը դուք սկսել եք 2018 թվականից», - ասաց Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով. - «Այսինքն՝ խաղաղությունը, որ դուք ընտրել եք, իրատեսական է, բարգավաճումը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության: Վերջին երեք տարիների ընթացքում դուք ապացուցել եք այս փաստը, և հարկավոր է, որ ամբողջ տարածաշրջանը հետևի ձեզ, և սահմանները բացվեն, և հնարավոր լինի արդեն տարբեր երկրների միջև հաստատել խաղաղ հարաբերություններ, որպեսզի լինի այդ միջանցքը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի միջև»:

Ի դեպ, խոսելով Փաշինյանի կողմից խիզախ քայլ դրսևորելու և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին, Մակրոնը հիշատակեց 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովը, ապա դրան հաջորդած 2025-ի վաշինգտոնյան եռակողմ հանդիպումը՝ ընդգծելով, որ հենց դրանք էլ «եզրափակեցին խաղաղությունը»:

Հենց 2022-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, որին արդեն հետևեցին Ղարաբաղի ադրբեջանական բլոկադան, 2023-ի ռազմական հարձակումն ու արցախահայերի էթնիկ զտումը:

Սակայն ոչ նախագահ Մակրոնը և ոչ էլ վարչապետ Փաշինյանը խաղաղության ձեռք բերման մասին ելույթներում որևէ անդրադարձ չկատարեցին արցախահայերի իրավունքներին և Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիներին:

Փաշինյանն իր ելույթում պարզապես շնորհակալություն հայտնեց Էմանյուել Մակրոնին հենց Պրահայում ցուցաբերած ն աջակցության համար: Վարչապետը հատուկ շեշտեց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատվեց ոչ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այլև Ֆրանսիայի նախագահի աջակցությամբ:

«Դերակատարումը այսօր հաստատված խաղաղության մեջ առանցքային է», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, չնայած Բաքուն շարունակ նախապայմաններ է ներկայացնում Հայաստանին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը և լուծել 300 հազար ադրբեջանցների վերադարձի հարցը, շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը, իսկ Թուրքիան էլ արդեն չորրորդ տարին է հրաժարվում է բացել Հայաստանի հետ սահմանն անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար, վարչապետ Փաշինյանն այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովում շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին «աշխարհագրական դիրքի փոփոխության առիթով»:

Փաշինյանը պարզաբանեց՝ եթե նախկինում ընկալում կար, որ Հայաստանն ունի շատ բարդ աշխարհագրական դիրք, քանի որ գտնվում էր խնդրահարույց տարածաշրջանում՝ խնդրահարույց հարևաններով ու գոյաբանական ռիսկերով, ապա այսօր այլ իրավիճակ է, քանի որ հենց Հայաստանով է անցնում արևելքը արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը:

«Ինչո՞ւ նախկինում մենք չէինք նկատում, որ մենք ունենք հոյակապ աշխարհագրական դիրք. խաղաղության բացակայությունը կամ կոնֆլիկտն է, որ մեր տեսադաշտը փակում էր», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG