Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր ստորագրեցին:
Երկու կողմերն էլ այս իրադարձությունը պատմական որակեցին:
«Եթե մենք առանց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համաձայնագիր ու փաստաթուղթ ունենալու էսքան ենք արել, պատկերացնում եմ՝ ռազմավարական գործընկերություն հաստատելուց հետո դեռ ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում», - ստորագրման արարողությունից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց. «Վերջին տարիներին ցանկացել ենք արդիականացնել Հայաստանի զինված ուժերը, ինքնիշխանությունը ամրապնդել: Կարելի է ասել, սա մեր երկկողմ հարաբերությունների կարևոր հիմնասյունն է»:
Հայաստանի վարչապետը նշեց՝ ռազմավարական գործընկերության փաստաթուղթն ընդգծում է առկա իրավիճակն ու այդ առկա իրավիճակն ավելի արդյունավետ օգտագործելու և առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ է ստեղծում:
«Բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերը ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված ու գործընկերություններ հաստատելու համար առկա են բոլոր պայմանները և կառավարությունների դերն է ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր ու պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել», - ասաց Փաշինյանը:
Ապա երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ փոխանակվեցին մի շարք փաստաթղթեր.
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը փոխանակեցին Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը;
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Բենժամեն Հադադը փոխանակեցին Արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակը;
Մխիթար Հայրապետյանը և Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն փոխանակեցին Ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի հետազոտության, զարգացման և նորարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը;
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնը և գլխավոր տնօրեն Լորան Ֆայան, «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Սալան և տնօրեն Ֆիլիպ Տավերնին փոխանակեցին ՀՀ ՏԿԵՆ և «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ու «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջև կնքվող «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը;
Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակեցին «Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը;
Ժաննա Անդրեասյանը և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրեն Վալերի Ֆրելան փոխանակեցին «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի միջև» փոխըմբռնման հուշագիրը;
«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդմոն Բարդումյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակեցին «Հայաստանի Հանրապետությունում մատչելի բնակարանային ապահովման զարգացման վերաբերյալ» հուշագիրը;
«Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը և Բերտրան Վալկենայերը փոխանակեցին «Ամերիաբանկ»-ի և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության՝ «ՊՐՈՊԱՐԿՈ»-ի միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը;
«Էվոկաբանկ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Եղիազարյանը և Բերտրան Վալկենայերը փոխանակեցին «Էվոկաբանկի» և «ՊՐՈՊԱՐԿՈ»-ի միջև վարկային ֆինանսավորման պայմանագիրը;
Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը և «ՍՈՖԵՄԱ» խմբի վարչական խորհրդի նախագահ Ֆեդերիկ Տիսերանը փոխանակեցին ՀՀ ՊՆ և «Սոֆեմա» խմբի միջև հանդերձանքի մատակարարման պայմանագիրը;
Կարեն Բրուտյանը և Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով «ԷՅՐԲԱՍ» ընկերության նախագահի տեղակալ Լյուդովիկ Բուաստոն և նույն ընկերության Եվրոպայի գծով տնօրեն Սեսիլ Առնոն փոխանակեցին ՀՀ ՊՆ և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը;
«Ֆլայուան Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը և «ԷՅՐԲԱՍ» ընկերության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի նախագահ, վաճառքի գծով տեղակալ Շարբել Յուսկատլին փոխանակեցին և «Ֆլայուան Արմենիա» ընկերության և «ԷՅՐԲԱՍ» ընկերության միջև A-321-200 NX տիպի երկու օդանավերի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը։
«Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ–հիմնադրամի տնօրեն Արայիկ Խզմալյանը, Ֆրանսիայի ազգային գրադարանի նախագահ Ժիլ Պեկուն և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի տեղակալ Գուրգեն Գասպարյանը փոխանակեցին Մատենադարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրավոր և տպագիր ժառանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Ֆրանսիայի ազգային գրադարանի միջև գրադարանների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
Երեկոյան Ֆրանսիայի նախագահը մեկնեց Գյումրի, որը նրա պետական այցի երկրորդ կանգառն է: