Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ Փաշինյանը չարձագանքեց Ալիևին. իշխանության ու ընդդիմության մեկնաբանությունը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում, 4-ը մայիսի, 2026թ.
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում, 4-ը մայիսի, 2026թ.

Ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անարձագանք թողեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որակումները, թե Բաքվում պահվող հայերը ռազմական հանցագործներ են ու անջատողականներ։ Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանն առաջարկում է բավարարվել Եվրախորհրդարանի նախագահի պատասխանով։

«Գիտեք, որ մենք հյուրընկալել էինք գագաթնաժողովը, այսինքն՝ մենք հյուրընկալ կողմ էինք, Եվրոպայի խորհրդարանի նախագահը՝ Ռոբերտա Մեցոլան հնարավորություն ունեցավ արձագանքելու, անդրադառնալու հայտարարությանը։ Եվ եթե կարիք տեսնեինք, այդ պահին արձագանք կլիներ, կամ հետագայում եթե կարիք ունենանք, կարձագանքենք», - «Ազատության» հետ զրույցում նշեց իշխող խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին տեսակապով միացած Ադրբեջանի նախագահը ելույթի հիմնական մասը նվիրեց հենց եվրոպացիներին քննադատելուն։

Իր վրդովմունքը հայտնելուն զուգահեռ՝ Ալիևը պնդում էր, թե եվրոպական կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։

Ալիևի մեղադրանքներն ու քննադատություններն անպատասխան չթողեց Եվրախորհրդարանի նախագահը։

«Կարծում եմ՝ տարաձայնություններ պարունակող հանդիպումները միշտ էլ օգտակար են, բայց ցանկանում եմ արագ արձագանքել և ընդգծել, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ժողովրդավարական մարմին է, որի բանաձևերն ընդունվում են ձայների մեծամասնությամբ։ Հասկանալի է, որ այդ արդյունքը կարող է դուր չգալ ոմանց, սակայն մենք երբեք չենք փոխի մեր աշխատաոճը և կշարունակենք պաշտպանել մեր որդեգրած դիրքորոշումները», - շեշտեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից անընդունելի են համարում ՔՊ-ական պատգամավորի պարզաբանումը, թե պետք է հիմք ընդունել եվրոպացի պաշտոնյայի արձագանքը։

Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը լռելով հերթական զիջումն արեց Ալիևին, որպեսզի նախընտրական այս փուլում Ադրբեջանի նախագահն ասի՝ «այո, խաղաղություն է հաստատված»։

«Եվրախորհրդարանի նախագահը գտնվեց իր բարձունքի վրա, պաշտպանեց եվրոպական շահերը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ձախողեց ՀՀ վարչապետ լինելու իր հանգամանքը և չպաշտպանեց հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության շահերը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը՝ շարունակելով. - «Ալիևի քննադատության թիրախում Եվրոպան էր հիմնականում և նաև Արցախն էր և հայերն էին: Եվրոպացիները իրենց շահը պաշտպանեցին, Նիկոլ Փաշինյանը՝ ոչ»:

Եվրոպական խորհրդարանն օրերս ընդունած բանաձևով վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին։ Կոչ անելով հասնել համապարփակ խաղաղության պայմանագրի՝ Եվրոպական խորհրդարանը միաժամանակ դատապարտել էր «Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորվածների և պատանդների անարդարացի կալանավորումը», պահանջել էր նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Գերիներին ռազմական հանցագործ համարող Ալիևին չպատասխանելով՝ Փաշինյանը, ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, առնվազն փաստում է, որ իր և Ալիևի օրակարգերն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայրենիք վերադարձնելու հարցով համընկնում են։

«Իսկ ո՞վ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը կուզենար, որ, օրինակ, Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը և Արայիկ Հարությունյանը այսօր Երևանում լինեին։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքականությունը՝ Արցախի հանձնման մասին, հիմնված է իրենց փչած կեղծ փուչիկի, ստի վրա, որ Արցախում տեղի ունեցավ հեղաշրջում, և դրա համար Ադրբեջանը գրավեց Արցախը։ Հիմա որ այդ մարդիկ գային, ասեին՝ նման բան չի եղել, և Արայիկ Հարությունյանը կամավոր է հրաժարական տվել, ի՞նչ սուտ էր հորինելու», - ասաց Արթուր Խաչատրյանը:

Վարչապետ Փաշինյանն ու թիմակիցները, հակառակը, մշտապես վստահեցնում են՝ բոլոր գերիներին վերադարձնելու հարցով ամեն օր են աշխատում։ ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը չի կարծում, թե Իլհամ Ալիևին չպատասխանելով Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, համաձայնում է նրա գնահատականների հետ։

«Երբ որ կրակոցներ կային, և մենք պատասխան չէինք կրակում, նշանակում է, որ մենք համաձա՞յն էինք այդ կրակոցի հետ։ Ուղղակի մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը և այս օրակարգով առաջ ենք շարժվում։ Եվ ոչ ոք չի ասում, որ այդ ընթացքում չեն լինելու խոչընդոտներ՝ հայտարարություններ, գործողություններ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ուղուց շեղվենք», - ասաց իշխանական պատգամավորը:

Հարցին՝ Ալիևն ասում է, թե Բաքվի բանտերում գտնվող հայերը ռազմական հանցագործներ են, Հայաստանի իշխանության դիրքորոշումն ինչպիսի՞ն է, ՔՊ վարչության անդամի պատասխանը միանշանակ չէր։

«Հիմա, ես դրա՞ն պատասխանեմ... Մենք գտնում ենք, որ մեր հայրենակիցները պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն, և անում ենք ամեն ինչ։ Նրանք մեր հայրենակիցներն են, և գտնում ենք, որ նրանք պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետություն», - ասաց իշխանական պատգամավորը։

Ադրբեջանում այժմ 19 գերի է պահվում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները։ Այս օրերին Երևանում տեղի ունեցած երկու գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթերում ոչ մի անդրադարձ չկա ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների, ոչ էլ Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցերին, միայն ընդգծվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը աջակցելու կարևորությունը։

Եվրոպացիների հետ քննարկումներում գերիներին վերադարձնելու հարցը հրապարակային չբարձրացրեցին նաև հայ պաշտոնյաները։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG