Հանրապետական կուսակցության կազմակերպած բողոքի ակցիան նախագահական նստավայրի մոտ ավարտվեց: Հայաստան-ԵՄ գագաթնաժողովին զուգահեռ ընդդիմադիրները ակցիաներով եվրոպացի առաջնորդների ուշադրությունն են հրավիրում քաղբանտարկյալների խնդրի վրա:
Նրանց գնահատմամբ՝ Հայաստանում շուրջ 5 տասնյակ քաղաքացի հետապնդվում է իշխանությանը քննադատելու համար:
Նախկին իշխանության անդամները «Ազատություն» գրությամբ պաստառներով էին նախագահականի մոտ: Բաղրամյան փողոցում հավաքված ոստիկանները թույլ չտվեցին, որ նրանք մոտենան նախագահականի մայթին: Դիմացի մայթին ակցիան արեցին, ու երբ նախագահական նստավայրից հեռանում էին եվրոպացի պաշտոնյաները, նրանք անգլերենով վանկարկում էին «ազատություն» և «արդարադատություն»:
«Այսօր այստեղ ենք ի շարունակություն մեր բողոքի ցույցերի: Այս միջոցառումները դարձել են Փաշինյանի նախընտրական արշավի մաս, որը ստացել է գեղջկական բնույթ: ՔՊ-ական վերնախավի քարոզչական ապարատի աշխատանքից տպավորություն է, որ թող ներեն ինձ աֆրիկացիները, սպիտակ տերերը եկել են երրորդ աշխարհի երկիր: Եկել ենք պաստառներով, մեր ասելիքով, մեր քաղբանտարկյալների նկարներով, Եվրոպայի այսօրվա կեցվածքը բնորոշող մեր ձևակերպումներով: ԵՄ-Հայաստան հարաբերությունները առ այսօր խարսխված են Սերժ Սարգսյանի օրոք ստորագրված ՍԵՊԱ-ի հիման վրա», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի առթիվ Հայաստանում են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք երկրների ղեկավարներ: Միջոցառւոմներին զուգահեռ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն այս օրերին բողոքի ակցիաներ է անում: