Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու:
Կանադայի վարչապետին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Մարկ Քարնին եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդն է, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։
«Ես՝ Նիկոլ Փաշինյանի հետ, հրավիրել եմ Մարկ Քարնիին՝ որպես հյուր մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովին», - ավելի վաղ X-ում գրել էր Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ հավելելով. - «Եվրոպան և Կանադան ավելին են, քան պարզապես համախոհ գործընկերներ. միասին մենք կառուցում ենք համաշխարհային դաշինք՝ խաղաղությունը, համատեղ բարգավաճումը և բազմակողմանիությունը պաշտպանելու համար»։
Ավելի ուշ կառավարությունից հաղորդեցին, որ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Քարնիի հետ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու և մեր երկիր այցելելու հնարավորությունն օգտագործելու համար։ Կարծում եմ՝ Ձեր մասնակցությունն այս ձևաչափն ավելի արդյունավետ է դարձնում, որովհետև ակնհայտորեն դա ընդլայնում է հայացքներն ու տեսակետները»,-նշել է Փաշինյանը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին անդրադարձել է Եվրոպական միության հետ տարածաշրջանում իրականացվող մշտադիտարկմանը և հայտնել ընտրությունների անցկացման հարցում աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը։
Կանադայի վարչապետը նշել է, թե որքան տպավորված է վարչապետ Փաշինյանի առաջնորդությամբ տարածաշրջանային կայունության և հայ ժողովրդի համար ավելի մեծ բարգավաճման հեռանկարներ բերելու քայլերի հարցում: