Մատչելիության հղումներ

Լրանում է առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ պատերազմ վարելու ժամկետը․ Reuters

Պատերազմից տուժած Թեհրանը, ապրիլի 13
Պատերազմից տուժած Թեհրանը, ապրիլի 13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետի առջև է. կա՛մ ավարտելու Իրանի դեմ պատերազմը, կա՛մ Կոնգրեսին հիմնավորելու դրա երկարաձգումը, գրում է Reuters-ը։

Լրատվամիջոցի դիտարկմամբ, սակայն, ակնկալվում է, որ օրը կանցնի առանց էական զարգացումների, քանի որ հակամարտությունը ռազմական գործողություններից վերածվել է ծովային բեռնափոխադրումների ուղիների փակուղային դիմակայության։

Նշվում է, որ պաերազմի ավարտը թվում է խիստ անհավանական։

Ըստ 1973 թվականին ընդունված օրենքի՝ նախագահը կարող է 60 օր ռազմական գործողություններ վարել, որից հետո կամ պետք է դադարեցնի դրանք, կամ «անխուսափելի ռազմական անհրաժեշտության» հիմքով Կոնգրեսից թույլտվություն ստանա ևս 30 օր պատերազմը շարունակելու համար։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նախօրեին Սենատում կայացած լսումների ժամանակ հայտնել է, որ, իր ընկալմամբ, 60-օրյա ժամկետը հրադադարի հաստատման պահին կանգ է առել։

Փորձագետները և կոնգրեսականների օգնականները ակնկալում են, որ Թրամփը Կոնգրեսին կտեղեկացնի, որ նախատեսում է պատերազմը 30 օրով երկարաձգել, կամ պարզապես կանտեսի օրենքով սահմանված վերջնաժամկետը։ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Իրանի հետ գործող հրադադարի հաստատումը նշանակում է հակամարտության ավարտ, գրում է Reuters-ը։

Ընդդիմադիր դեմոկրատները Կոնգրեսին հորդորում են վերահաստատել պատերազմ հայտարարելու իր սահմանադրական իրավունքը, մինչդեռ հանրապետականները մեղադրում են դեմոկրատներին, որ նրանք փորձում են օգտագործել Պատերազմի լիազորությունների մասին օրենքը՝ Թրամփին թուլացնելու համար։

ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածները Իրանին փետրվարի 28-ին էին մեկնարկել՝ արագորեն տարածվելով Պարսից ծոցի այլ երկրներում, երբ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող օբյեկտներին։ Իրանը և Միացյալ Նահանգները ապրիլի 8-ին համաձայնեցին հրադադար հաստատել։


XS
SM
MD
LG