Մատչելիության հղումներ

Թրամփը դարձյալ Հայոց ցեղասպանությունն անվանեց Մեծ Եղեռն

Լրացված
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանությունը դարձյալ անվանել է Մեծ Եղեռն:

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն անթիվ հայերի հիշատակին, ովքեր աքսորվեցին և դաժանաբար սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ: Մարդկության պատմության այս դաժան գլուխը հավերժ կմնա որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության հիմքում ընկած հույսի վկայություն: Մեր հարգանքն ենք տածում այն խորը ուժի ու վճռականության հանդեպ, որը ցուցաբերեցին հայերը՝ հաղթահարելով անցյալի ահռելի ողբերգությունները և կերտելով ավելի լավ ապագա, որը սահմանված է տևական բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք կանգնած ենք նրանց կողքին», - նշված է Թրամփի ուղերձում:

Դոլանդ Թրամփը ուղերձում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերություններից ու իր ստեղծած Խաղաղության խորհրդից. - «Միացյալ Նահանգները և Հայաստանը միասին կշարունակեն աշխատանքը՝ ուղղված առավել անվտանգ և բարգավաճ աշխարհի կառուցմանը: Իմ վարչակազմն ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար զգալի հնարավորություններ ստեղծելով և խթանելով երկարատև կայունությունը Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Եվ այժմ, ամերիկացիներն ու հայերը կողք կողքի կանգնած են Խաղաղության պատմական խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով խաղաղության նոր դարաշրջան ազդարարելու համար»:

Միացյալ Նահանգները թե՛ նախագահի, թե Կոնգրեսի զույգ պալատների մակարդակներով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականից սկսած իր ապրիլքսանչորսյան ուղերձներում գործածել է հենց Հայոց ցեղասպանություն տերմինը:

Դոնալդ Թրամփն իր առաջին նախագահության շրջանում ևս Հայոց ցեղասպանության վերաբերյալ օգտագործել է Մեծ Եղեռն (Meds Yeghern) տերմինը, որն առաջինը 2009 թվականին կիրառել էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարում է, որ «խստորեն դատապարտում է նախագահ Դոնալդ Թրամփի շարունակական նահանջը Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և հիշատակումից»:

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, Թրամփը հերթական անգամ ամոթալիորեն տեղի է տվել թուրքական սպառնալիքներին՝ «շարունակելով, արդեն վեցերորդ անգամ, գործադրել Անկարայի լռեցման քաղաքականությունը Ամերիկայի կողմից այդ ոճրի ազնիվ հիշատակման դեմ՝ չնայած Սպիտակ տան, Կոնգրեսի, բոլոր հիսուն նահանգների և տասնյակից ավելի ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ճանաչմանը»:

Համբարյանը պնդում է նաև, որ ԱՄՆ նախագահի «մեղսակցությունը Թուրքիայի հանցագործությունների քողարկմանը միախառնված է հայերին իրենց պատմական հայրենիքից վերացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը զինելու և թույլատրելու՝ իր վարչակազմի անխոհեմ քաղաքականությանը»:

«Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումներից հետո, հայկական տարածքների շարունակվող օկուպացիայի, հայ բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի և հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման ֆոնին, Միացյալ Նահանգները պարտավոր է ոչ միայն ճշմարտությունը ասել 1915 թվականի ցեղասպանության մասին, այլև դադարեցնել իր մեղսակցությունը այդ ցեղասպանությունն ավարտին հասցնելու պանթուրքիստական փորձերին», - հայտարարում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG