Մատչելիության հղումներ

Սպիտակ տան խոսնակն արտաբերեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը


ԱՄՆ, Վաշինգտոն, Սպիտակ տուն, արխիվ

Տասնամյակներ շարունակ խուսանավելուց ու զանազան եզրույթներ գործածելուց հետո` երեկ Սպիտակ տան խոսնակն արտաբերել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Խոսելով Նահանգներում վանդալիզմի զոհ դարձած ու պղծված հուշարձանների մասին` Քեյլի ՄըքԷնանին ի թիվս այլ օրինակների վկայաբերել է նաև Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ` ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ:

«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», - ասել է Սպիտակ տան խոսնակը:

Ամերիկյան լրատվամիջոցներն այս խոսքերին կայծակնային արագությամբ են արձագանքել: «Սպիտակ տունը վերջապես, գուցե` ոչ միտումնավոր, վկայաբերեց Հայոց ցեղասպանությունը», - գրել է The Washington Post-ը` շարունակելով. - «Վարչակազմը թերևս կպնդի, թե խոսնակը պարզապես հուշարձանը կոչել է իր անունով, բայց նույնիսկ դա տևական ժամանակ արգելված էր Սպիտակ տանը»:

Ամերիկահայ կազմակերպությունները շտապել են ողջունել վարչակազմի այս քայլը: «Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Սպիտակ տունն ուշադրության է արժանացրել Հայոց ցեղասպանության հուշարձանի վրա կատարված հարձակումն ու պատմական իրողություններն ավելի լավ ընկալելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Ամերիկյան մեկ այլ պարբերական` Business Insider-ը Պետդեպարտամենտից հետաքրքրվել է` արդյոք Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը նշանակում է, թե Դոնալդ Թրամփի վարչակազմն այլևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Պետդեպարտամենտը հորդորել է պատասխանը ստանալ Սպիտակ տան խոսնակից: «Վերջինս դեռ չի արձագանքել մեր հարցմանը», - հաղորդում է Business Insider-ը, հավելելով` երեկ մեկնաբանություններից հրաժարվել է նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը:

XS
SM
MD
LG