Մատչելիության հղումներ

«Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք ԱՄՆ նախագահի քայլը»․ Թուրքիան պատրաստվում է հակադարձել Բայդենին


Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալըն

Թուրքիան պատրաստվում է հակադարձել Ջո Բայդենին, ով ապրիլի 24-ին` առաջին անգամ ԱՄՆ պատմության մեջ, նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:

«Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Միացյալ Նահանգների նախագահի այդ քայլը», - «Ռոյթերզ»-ին ասել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, պնդելով, թե այն վնասներից բացի որևէ օգուտ չի տալու:

«Այդ հայտարարությունը հիմնված չէ պատմական փաստերի վրա, ոչ էլ իրավական հենք ունի: Իսկ եթե խոսենք քաղաքական տեսանկյունից, դա անպատասխանատու և ոչ կառուցողական հայտարարություն է: Բայդենի այդ խոսքերը չեն օգնի որևէ գործընթացի, որտեղ մենք ներգրավված ենք, այդ թվում` Ղարաբաղի ազատագրումից հետո Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեր փորձերին»,- ասել է նա:

Ի տարբերություն ԱՄՆ նախորդ նախագահների, որոնք, տարբեր հնարքների դիմելով, խուսափում էին ցեղասպանություն բառից, Բայդենը այս տարի`ապրիլքսանչորսյան ուղերձում երկու անգամ օգտագործեց այդ եզրույթը` կոշտ քննադատության արժանանալով Անկարայում:

«Դա ուղղակի վրդովվեցուցիչ, անընդունելի ու անարդար հայտարարություն էր», - «Ռոյթերզ»-ին ասել է նախագահ Էրդողանի խոսնակը՝ շարունակելով․ - «Անշուշտ, սա իր ազդեցությունը կունենա մեր երկկողմ հարաբերությունների և քաղաքական մթնոլորտի վրա: Բոլորդ եք տեսել թուրքական հասարակության արձագանքը: Եվ հիմա ամերիկացիները պետք է մտածեն` ինչ են արել, և հաշվարկեն` ում օգտին են լինելու հետևանքները»:

Բայդենի հայտարարությունից րոպեներ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում գրել էր․ - «Մենք մեր պատմության մասին որևէ մեկից սովորելու որևէ բան չունենք․ քաղաքական պատեհապաշտությունը ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության հանդեպ»։

Արտաքին քաղաքական գերատեսչությունն էլ ընգդծել էր` Բայդենի հայտարարությունը «խորը վերք է բացել երկկողմ հարաբերություններում, որը խարխլում է փոխադարձ վստահությունն ու բարեկամությունը»:

«Մենք, սակայն, լոկ հայտարարություններով չենք սահմանափակվելու», - ընդգծել է նախագահ Էրդողանի խոսնակը, մանրամասնելով․ - «Կլինեն տարբեր բնույթի և աստիճանի արձագանքներ, ինչի ականատեսն եք արդեն վերջին օրերին: Մենք մեր պատասխանը կշարունակենք տալ այնժամ և այնպես, ինչպես հարմար կգտնենք»:

Վաշինգոնի և Անկարայի երբեմնի ռազմավարական ու սերտ հարաբերությունները սկսել էին սրվել, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ռուսաստանից գնել էր S-400 զենիթահրթիռային համակարգեր:

Մոլորյալ դաշնակցին դարձի բերելու անարդյունք փորձերից հետո նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անցած տարի պատժամիջոցներ էր սահմանել Անկարայի դեմ: ԱՄՆ նոր նախագահը պաշտոնամուտից երեք ամիս անց ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Բայդենի այդ աննախադեպ քայլին ի պատասխան կարող է սահմանափակել ամերիկացիների մուտքը «Ինջիրլիք»-ի ավիաբազա, որն արդեն մի քանի տասնամյակ է` օգտագործվում է Նահանգների և ՆԱՏՕ֊ի կողմից: Էրդողանի խորհդականը, սակայն, այս մասին հստակ որևէ բան չի ասել, ընդամենը զգուշացրել է, որ Բայդենի հայտարարության բացասկան հետևանքները երկար են իրենց զգացնել տալու:

«Երկկողմ հարաբերություններն այլևս դյուրին չեն լինի: Անշուշտ, հիմա ամեն բան, որ մենք կձեռնարկենք Միացյալ Նահանգների հետ, Թուրքիայում դիտարկվելու է այս՝ շատ անհաջող ու անբարենպաստ հայտարարության լույսի ներքո», - ասել է Իբրահիմ Քալընը:

Ամենակոշտ ձևով քննադատելով Բայդենի քայլը` Թուրքիայի նախագահի խոսնակը միաժամանակ վստահեցրել է, որ նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն իրավական որևէ հետևանք չի ունենալու ոչ Նահանգներում, ոչ էլ ամերիկայի սահմաններից դուրս:

Քալընը պնդել է` Վաշինգտոնն ամենաբարձր մակարդակով է վստահեցրել, որ Բայդենի հայտարարությունը չի կարող իրավական հիմք դառնալ` ֆինանսական փոխհատւցումների համար:

«Ուզում եմ ընդգծել, որ այս որոշումը իրավական որևէ ուժ չունի: Ամերիկացի պաշտոնյաները նույնպես փոխանցել են մեզ այս ուղերձը` ամենաբարձր մակարդակով: Այս բառի օգտագործումն իրավական որևէ հիմք չի ունենալու ամերիկյան կամ, այլ դատարաններում: Սա կասկածից դուրս է»:

Նախագահ էրդողանի խոսնակը տեղեկացրել է, որ այսօր երեկոյան Ռեջեփ էրդողանը պատրաստվում է հատուկ ելույթով պատասխանել Բայդենին, և մանրամասն ներայացնել Անկարայի տեսակետն ու առաջիկա քայլերը:

XS
SM
MD
LG