Մատչելիության հղումներ

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Լրացված

19:02

Պետությունը պետք է հետամուտ լինի Ցեղասպանության հարցին. Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի «Միասնության թևերը» կարևոր է համարում Ցեղասպանությունը միջազգային հանցագործության կանխարգելման տեսանկյունից:

«Ոորովհետև սա ոչ մեկը չի կարող ժխտել, այն գոյություն ունի, և մենք պետք է հետապնդենք այս հարցը, պետությունը պետք է հետամուտ լինի», - լրագրողներին ասաց Թաթոյանը:

19:00

Փաշինյանը փորձում է տանել դեպի ցեղասպանության փաստի ուրացում. Զուրաբյան

«91 թվականից սկսած մեր արտաքին քաղաքականության հիմքում դրված է եղել հենց այդ մոտեցումը, որ մենք Ցեղասպանության ճանաչման հարցը չպիտի դարձնենք քաղաքական առևտրի մանրադրամ և չպիտի այդ պահանջը դնենք Թուրքիայի առաջ», - Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով Ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ իշխանությունների ներկայից մոտեցումը՝ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն շեշտեց, որ կարող են գնալ կարգավորմանը՝ համաձայնվելով դրա մասին չհամաձայնելու քաղաքականության վերաբերյալ։

«Այսինքն՝ Թուրքիան եթե ցանկանում է, թող շարունակի պնդել, որ ցեղասպանություն չի եղել, մենք երբեք չենք ունենա ցեղասպանության փաստը: Այն, ինչ որ Փաշինյանի քաղաքականությունն է, դա մի քիչ ավելին է, քան թե այն, ինչ որ մենք...ինքը փորձում է տանել դեպի ցեղասպանության փաստի ուրացում», - ասաց նա:

18:52

«Ծայրահեղությունից ծայրահեղություն կա». Մարուքյան

«Ծայրահեղությունից ծայրահեղություն կա, կա՝ ուրացությունը ծայրահեղություն է, կա առաջնահերթություն՝ դրոշակի պես բերել առաջին պլան, դա նույնպես ծայրահեղություն է, բայց արտաքին քաղաքական մեր հարցերի մեջ պետք է լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն մեր համար», - անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսույթին ու քաղաքականությանը՝ Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը, որը ևս հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում մասնակցության հայտ է ներկայացրել:

Ըստ Մարուքյանի՝ երբ միջազգային գործընկերներին ներկայացնում ես խնդիրը պատմական ընթացքի ոճով, նրանք էլ լիարժեք ըմբռնում են, թե ինչ է կատարվել այն ժամանակ, ու ինչ է կատարվում հիմա։

18:50

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր սոցցանցերում անդրադարձել է 1915 թվականի իրադարձություններին՝ ոչ միայն ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, այլև հայերին մեղադրելով «զանգվածային սպանությունների համար»։

18:21

Լինելու է ապագայի վարչապետ. Ծառուկյան

Բացի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից վարչապետի քննադատության առանցքում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ևս առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նաև ներքաղաքական հարցերի անդրադարձավ։

Նա կրկին չհայտնեց, թե ով է իրենց ուժի վարչապետի թեկնածուն. «Լինելու է ապագայի վարչապետ, որ մեր ժողովուրդն այս վիճակից դուրս գա»:

Հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանին չի ընտրի վարչապետ, եթե նրա շուրջ համախմբում լինի, Ծառուկյանը պատասխանեց. «Ես նորից եմ ասել և համապատասխան Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, ով առաջինը կլինի, այդքան շատ ձայն կտանի, նա էլ կորոշի»։

18:00

Թուրքիայի հետ հարաբերությունները պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի. Նարեկ Կարապետյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին նաև ընդդիմադիր գործիչները:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Նարեկ Կարապետյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, այդ թվում՝ Ցեղասպանության հարցի վերաբերյալ:

«Մենք պետք է, իհարկե, տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինի արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, թող Փաշինյանը չզուգորդի երկու բան», - ասաց Կարապետյանը։

Ըստ նրա՝ Փաշինյանն այստեղ «խաղ է ներկայացնում» հասարակությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։

«Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց ո՛չ, Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում։

Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ միավոր է միշտ եղել և հայաստանի մաս չի կազմել: Անկախ միավոր է ճանաչված անկախությամբ», - նշեց նա:

Հարցին, թե Արցախի հարցի վերաբերյալ ի՞նչ գործընթաց է սպասվում իրենց՝ իշխանության գալու դեպքում, Կարապետյանն արձագանքեց. «Մենք պետք է իրականության առերեսվենք ճիշտ, ամենամեծ այս պահին ուղղակի մեր արցախահայերի իրենց հայրենիք վերադառնալու անվտանգ իրավունքով»:

14:49

Թիկնապահներով շրջապատված Հակոբյանը, Փաշինյանն ու Գարեգին Բ-ն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեսանյութ


14:30

Առիթ է ընդգծելու Ֆրանսիայի և Հայաստանի անքակտելի կապը. Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ X-ում գրառում է արել:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, Հանրապետությունը ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և խոնարհվում նրանց հիշատակի առաջ», - նշված է նրա գրառման մեջ։

Ելիսեյան պալատի ղեկավարն ընդգծել է՝ սա առիթ է հիշելու, փոխանցելու և ընդգծելու Ֆրանսիայի և Հայաստանի, ինչպես նաև ֆրանսիացիների և հայերի միջև գոյություն ունեցող անքակտելի կապը։

13:49

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին:

13:41

Էրդողանի ուղերձը

Ապրիլքսանչորսյան այս տարվա ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:

Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին հղած ցավակցական նամակում Էրդողանը գրել է, թե Օսմանյան կայսրության փլուզումն ուղեկցվել է բախումներով, հրոսակախմբերի շարժումներով, ահաբեկչություններով, համաճարակներով, ինչի ընթացքում էլ ի թիվս այլ ժողովուրդների, նաև հայերն են խորը ցավեր կրել:

Էրդողանի ուղերձն ընթերցվել է Ստամբուլի հայկական եկեղեցում մատուցված պատարագի ընթացքում:

«Բախումի փոխարեն նախընտրում ենք համաձայնությունը», - գրել է Թուրքիայի նախագահը, սակայն չի անդրադարձել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

13:20

Պուտինի ուղերձը

Անմեղ մարդկանց դաժան կոտորածը ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները հստակ ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի հրահրումը, Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

13:00

Բաքուն քննադատում է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ապրիլի 23-ին Երևանում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշի այրումը։

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Հայաստանի կառավարությունը պետք է ձեռնարկեր համապատասխան անվտանգության միջոցառումներ և անհապաղ կանխեր նման արշավը, որը «խորը արմատացած էթնիկ ատելության դրսևորում» է որակել:

12:20

«Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զորհերի հիշատակը, որը տեղի է ունեցել 111 տարի առաջ»,- X-ում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին:

10:50

Վեհափառը Ծիծեռնակաբերդ այցելեց պաշտոնյաներից առանձին

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը, ինչպես նախորդող տարիներին, այս անգամ ևս՝ բարձրաստիճան պաշտոնյաներից առանձին:

Իշխանության և Հայ Առաքելական եկեղեցու միջև արդեն մեկ տարի շարունակվող լարվածության պայմաններում այս տարի Հանրային հեռուստաընկերությունը չհեռարձակեց Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մինչդեռ Մայր Աթոռը նախապես հայտնել էր, որ ժամը 10:30-ին Գարեգին Երկրորդը անմար կրակի մոտ մատուցելու է Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Հանրայինի եթերում այդ ընթացքում հեռարձակվեց հարցազրույց հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյա Հովհաննես Ալեքսանյանի հետ, կադրում չերևաց Մայր Աթոռի պատվիրակության այցը:

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում Ամենայն Հայոց կաթողիկոսը դարձյալ անդրադարձել է 2023-ին Լեռնային Ղարաբաղից տեղահանված արցախցիներին:

«Ցեղասպանության աղետալի դեպքերից հարյուրամյակ անց, երբ թվում էր, թե նման սոսկալի հանցագործությունները մնացել են անցյալում, ցավոք, նոր ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, բռնությամբ տեղահանվեցին ավելի քան 120.000 արցախցիներ: Հիրավի, համազգային միասնականությամբ է, որ կարող կլինենք արդյունավորելու ջանքերը Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և արգասավորելու քայլերն ու նախաձեռնությունները՝ հանուն ազգային առաջընթացի և խաղաղ ու անվտանգ կյանքի»,- ասված է Վեհափառի ուղերձում:


10: 35

ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների»,- ասված է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱԳՆ հայտարարությունում:

Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով, նշվում է արտաքին գործերի նախարարության հայտարարությունում.

«Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար»,- ասված է գերատեսչության տարածած հայտարարությունում:


10:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետո այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Աննա Հակոբյանը՝ պետական պահպանության ավելի քան տասը աշխատակիցներով շրջապատված:

«Ազատությունը» հետաքրքրվեց՝ իր ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը նախընտրական այս փուլում կդադարեցնի՞ բարեգործական ծրագրերը, Հակոբյանը չպատասխանեց։ Նրա անվտանգության աշխատակիցները լրագրողներին քաշքշեցին ու թույլ չտվեցին նրան մոտենալ և այլ հարցեր ուղղել։

Նախօրեին «Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարեց, որ «ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմում է Վարչական դատարան՝ պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին»:

09:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

09:00

Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք տանող բոլոր ճանապարհները վաղ առավոտյան փակ էին՝ մինչև պաշտոնական արարողությունների ավարտը:

Քաղաքացիների շարժը դեպի հուշամալիր արգելված էր, լրագրողների մուտքը ևս չէր թույլատրվում: Պաշտոնական արարողություններից անմիջապես հետո՝ դեպի հուշահամալիր տանող ճանապարհները բացվեցին:

08:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը.

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասապնության, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան կայսրությունում, իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է, որը մեր ժողովուրդը վերապրում է արդեն 111 տարի»,- ասել է Փաշինյանը, նշելով, թե չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա.

«Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր»,- ասել է Փաշինյանը:

«Մենք ունենք պետություն և խաղաղություն: Պետությունը և խաղաղությունն են այն երաշխիքը, որ Հայոց ցեղասպանություն կրկին տեղի չունենա: Այս պատմական նպատակը իրագործելու համար մեզ անհրաժեշտ է դադարեցնել հայրենիքի փնտրտուքը մեր պետության, ՀՀ միջազգայնորեն ճանաչված 29,743 քառակուսի կմ տարածքից դուրս: Այս տարածքը փոքր չէ հայ ժողովրդի բարգավաճման, զարգացման ու բարեկեցության համար»,- Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ուղերձում ասել է վարչապետը:

08:09

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Բազմահազար մարդիկ այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին:

Երևանն ու Անկարան չորս տարի է՝ 2022-ից բանակցում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս ընթացքում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, սակայն, դեռ թղթի վրա է մնում։ Պաշտոնական Երևանից հայտարարում են՝ Հայաստանը պատրաստ է, գնդակը Թուրքիայի դաշտում է։ Ավելին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստամբուլում լրագրողներին ասել էր՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան Ադրբեջանի ազդեցության գերին է:

Նախօրեին՝ երեկոյան, ինչպես ամեն տարի կայացավ Ջահերով երթ դեպի հուշահամալիր: ՀՅԴ-ի կազմակերպած երթի մեկնարկին այս տարի ևս այրվեց Թուրքիայի դրոշը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին Երևանում ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը գնահատել է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ:

«Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»,- նշել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Վարչապետը նախորդ տարի ևս դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը:

Հայաստանի իշխանությունններն ուղիղ ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG