Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը երկարաձգեց հրադադարը՝ պահպանելով շրջափակումը, Իրանը դեռ չի որոշել՝ բանակցի՞, թե՞ ոչ

Լրացված

ԱՄՆ-ի կողմից հրադադարի ժամկետի երկարաձգումից ժամեր անց իրանական զինուժը Հորմուզի նեղուցում առևտրային երեք նավի է հարվածել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել է, որ նավերից երկուսն առգրավվել են և տեղափոխվել Իրանի տարածքային ջրեր՝ փաստաթղթերը և բեռները ստուգելու։

Կորպուսը պնդել է, որ նավերը «գործել են առանց թույլտվության» և կատարել են «կրկնակի խախտումներ»՝ փորձելով «գաղտնի» լքել նեղուցը և խաթարել նավիգացիոն համակարգերը:

Մինչ այդ ԱՄՆ նախագահը, առանց ժամկետներ նշելու, միակողմանիորեն երկարաձգել էր հրադադարը: Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել էր, թե դա անում է Պակիստանի խնդրանքով, մինչև Իրանի «պառակտված իշխանությունը կկարողանա միասնական առաջարկ ներկայացնել» պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Ամերիկյան զինուժի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն, կշարունակվի, նշել էր նա:

«Ես հրահանգել եմ մեր զինվորականներին շարունակել շրջափակումը և լինել պատրաստ և մարտական պատրաստվածության վիճակում մնացած բոլոր առումներով, ու ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկի ներկայացումը և բանակցությունների ավարտը՝ այս կամ այն կերպ», - հայտարարել է Թրամփը:

Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը չի խնդրել երկարաձգել հրադադարը: : Ի պատասխան հրադադարի երկարաձգման Պակիստանի խնդրանքների էլ՝ Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ «Թեհրանն ուշադիր հետևում է քաղաքական դաշտի զարգացումներին»: Էսմայիլ Բաղային սոցցանցում գրել է, որ Իրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի իր պետական շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար:

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն, իր հերթին, Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամի հետ քննարկել է «տարածաշրջանում իրավիճակը և խաղաղության հասնելու ջանքերը»։

Ու մինչ իրավիճակը Հորմուզի նեղուցում կրկին լարվում է, անորոշ է մնում բանակցությունների հեռանկարը: Չնայած երեկ հաղորդվում էր, որ ԱՄՆ փոխնախագահն այսօր կժամանի Իսլամաբադ՝ բանակցելու, Սպիտակ տունն այսօր հայտարարել է, որ Ջեյ Դի Վենսի այցը չեղարկվել է:

Էսմայիլ Բաղային BBC-ին հայտնել է, որ Թեհրանը դեռ չի որոշել՝ կբանակցի՞, թե՞ ոչ: Իրանցի պաշտոնյան ասել է, որ Իրանը բանակցությունների առաջին փուլին մասնակցել է «բարի կամքով» և լուրջ է վերաբերվել դրանց: Նույնը, սակայն, ըստ նրա, չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին:

«Նրանք շարունակում են ռազմական հանցագործությունների, ցեղասպանության, մեր կամուրջները և էլեկտրակայանները ռմբակոծելու սպառնալիքները։ Այնպես որ, սա այն երկրի վարքագիծը չէ, որն իսկապես լուրջ է վերաբերվում դիվանագիտական գործընթացին», - պնդել է Բաղային:

Իրանի արտգործնախարարն էլ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը «պատերազմական ակտ» և «հրադադարի խախտում» է որակել: Աբբաս Արաղչին հայտարարել է, որ օրեր առաջ իրանական առևտրային նավի գրավումն ու դրա անձնակազմին պատանդ վերցնելն է՛լ ավելի մեծ խախտում է: «Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը և դիմադրել սպառնալիքներին», - սոցցանցում գրել է նա։

Չնայած Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի ավարտին դեռ մի քանի օր կա, Իսրայելի զինուժը վերսկսել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում և չորս քաղաքի է հարվածել: Հաղորդվում է զոհերի մասին: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հայտարարել է, որ հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը՝ ի պատասխան հրադադարի խախտումների:

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ հրադադարի երկարաձգման շուրջ Իսրայելի հետ բանակցությունները շարունակվում են: Ժոզեֆ Աունը զգուշացրել է, որ ոչ մի կողմի թույլ չի տրվի խաթարել կայունությունը։ «Մեր երկրի պատմության այս փուլում խաղաղության պահպանումը կարմիր գիծ է», - սոցցանցում գրել է նա:

Իսրայելի արտգործնախարարն էլ Լիբանանին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել «Հեզբոլա»-ին հակազդելու համար, նախքան կողմերը վաղը Վաշինգտոնում կվերսկսեն բանակցությունները։ «Այս համագործակցությունը ձեզ ավելի շատ է պետք, քան մեզ», - հայտարարել է Գիդեոն Սաարը։

France Presse-ի տվյալներով՝ Վաշինգտոնում Լիբանանը Իսրայելին կխնդրի հրադադարը երկարաձգել մեկ ամսով:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG