Երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց մեկ օր առաջ դեռ պարզ չէ, թե արդյոք Իրանը կմասնակցի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին:
Ամերիկյան մամուլը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահը Պակիստան է մեկնում այսօր: Al Jazeera-ի փոխանցմամբ էլ՝ Ջեյ Դի Վենսն Իսլամաբադ կժամանի վաղը: Մինչդեռ իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ մինչ այս պահը Իրանից ոչ մի պատվիրակություն, այդ թվում՝ տեխնիկական թիմից, չի մեկնել Իսլամաբադ:
ԱՄՆ նախագահը, որն ավելի վաղ քիչ հավանական էր համարել հրադադարի երկարաձգումը, վստահ է՝ Իրանը կգա բանակցությունների: Ամերիկյան ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ հակառակ դեպքում Իրանն «այնպիսի խնդիրներ կունենա, ինչպիսիք չի ունեցել երբևէ»:
«Հուսով եմ՝ նրանք կկնքեն արդար գործարք և կվերականգնեն իրենց երկիրը, բայց երբ դա անեն, նրանք միջուկային զենք չեն ունենա: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Դա կարող է լինել աշխարհի կործանումը», - ասել է նա:
Սպիտակ տան ղեկավարը նաև վստահեցրել է՝ Իրանի հետ գործարքն իր օրոք շատ ավելի լավն է լինելու, քան 2015-ի միջուկային համաձայնագիրը: Հենց Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ-ն դուրս եկավ այս գործարքից:
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Թրամփը չի կարող Իրանին որևէ բան պարտադրել: Ըստ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի՝ նրան այդ հարցում չեն օգնի ո՛չ իրանական նավահանգիստների շրջափակումը, ո՛չ էլ հրադադարի խախտումները: ԱՄՆ-ն պարզապես փորձում է արդարացնել պատերազմի վերսկսումը, սակայն Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, սոցցանցում գրել է նա:
«Մեզ համար անընդունելի է սպառնալիքների ստվերի տակ բանակցություններ վարելը, և վերջին երկու շաբաթների ընթացքում մենք պատրաստվել ենք մարտի դաշտում նոր խաղաքարտեր բացահայտել», - նշել է նա։
Իրանի զինված ուժերն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է «անհապաղ և վճռական պատասխան» տալ ցանկացած նոր հարձակման: Ըստ Fars գործակալության՝ գեներալ Ալի Աբդոլլահի Ալիաբադին հայտարարել է, որ Իրանն Իսրայելին և ԱՄՆ-ին «հուսահատության և ուժասպառության է հասցրել: Եվ արդյունքում, ըստ գեներալի, նրանք «հուսահատորեն հրադադար են խնդրում»։
Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան դիմել են ԵՄ՝ կասեցնելու Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը
Ու մինչ պարզ չէ, թե արդյոք Պակիստանում բանակցություններ տեղի կունենան, Իսպանիան, Սլովենիան և Իռլանդիան դիմել են ԵՄ, որպեսզի կասեցվի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը՝ Գազայում, Արևմտյան ափում և Լիբանանում մարդու իրավունքների խախտումների համար:
Իսպանիայի արտգործնախարարն ասել է, որ ԵՄ-ն, ըստ դաշինքի կանոնադրության, Իսրայելի հետ հարաբերություններ կարող է ունենալ միայն մարդու իրավունքների հարգանքի հիման վրա։ Բելգիայի արտգործնախարարն էլ ասել է, որ Իսրայելի վերաբերմունքը խորապես խնդրահարույց է և դատապարտելի:
«Իհարկե, «Հեզբոլա»-ի սկզբնական հարձակումները պետք է խստորեն դատապարտվեն, քանզի Իրանին համերաշխություն ցուցաբերելու ձգտմամբ այն Լիբանանին ներքաշել է մի պատերազմի մեջ, որը նրանք չէին ուզում: Իսրայելի անհամաչափ արձագանքը խորապես խնդրահարույց է և դատապարտելի», - նշել է Մաքսիմ Պրևոն:
Չնայած Լիբանանում ևս հրադադար է հաստատված, Իսրայելը կշարունակի գործողությունները երկրի հարավում: Նպատակը, ըստ պաշտպանության նախարարի, իսրայելական զորքին պաշտպանելն է և «Հեզբոլա»-ից եկող սպառնալիքը նվազեցնելը։ Իսրայել Կացը նաև ասել է, թե Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը «սեփական գլխով» է վճարելու առ այսօր պատճառված վնասի համար: