Մատչելիության հղումներ

Թրամփը պատրա՞ստ է դադարեցնել պատերազմը՝ առանց Հորմուզի նեղուցը բացելու. Ռուբիոն բացառում է

Դոնալդ Թրամփը խիստ քննադատել է եվրոպացի դաշնակիցներին Իրանի հարցում Վաշինգտոնին չօժանդակելու համար։ ԱՄՆ նախագահը նշել է, թե Մեծ Բրիտանիան և մյուս երկրները, որոնք Հորմուզի նեղուցում սահմանափակումների պատճառով չեն կարողանում ավիաբենզին ձեռք բերել, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ դա գնել ԱՄՆ-ից, կա՛մ «ուշացումով քաջություն հավաքել, գնալ նեղուց և պարզապես վերցնել այն»:

«Դուք ստիպված կլինեք սովորել, թե ինչպես են ինքնուրույն պայքարում, քանզի ԱՄՆ-ն այլևս ձեր կողքին չի լինի այնպես, ինչպես դուք մեր կողքին չէիք: Գործի ամենադժվար մասն արված է։ Գնացեք և վերցրեք ձեր նավթը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սոցցանցում արած մեկ այլ գրառմամբ Թրամփը քննադատել է նաև Ֆրանսիային, որը, ըստ նրա, թույլ չի տվել, որ Իսրայել ուղևորվող ռազմական պարագաներով լի ինքնաթիռները թռչեն իր օդային տարածքով։ Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել է՝ ԱՄՆ չի մոռանա սա:

Մինչ այդ Wall Street Journal-ը գրել էր, թե Թրամփն իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը, նույնիսկ եթե փակ մնա Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանն ինքնիշխանություն ունենա Հորմուզի նկատմամբ: Al Jazeera-ին տված հարցազրույցում Մարկո Ռուբիոն զգուշացրել է՝ նեղուցը կբացվի՝ անկախ ամեն ինչից:

«Երբ այս գործողությունն ավարտվի, նեղուցը կբացվի այսպես, թե այնպես: Այն կբացվի, քանզի Իրանը կհամաձայնի պահպանել միջազգային իրավունքը և չարգելափակել առևտրային ջրային ուղին, կամ աշխարհի և տարածաշրջանի երկրների կոալիցիան՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ, կապահովի, որ այն բացվի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ կրակային հզորությունն օրեցօր մեծանում է, իսկ Իրանինը՝ նվազում։ Փիթ Հեգսեթը պնդել է, թե իրանցի զինվորականների մարտական ոգին խարխլված է, ռազմական ղեկավարների շրջանում հիասթափություն կա: Ըստ նրա՝ առաջիկա օրերը վճռորոշ կլինեն:

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով.- «Առաջիկա օրերը վճռորոշ կլինեն։ Իրանը գիտի դա, և գրեթե ոչինչ չի կարող անել ռազմական առումով։ Այո, նրանք դեռ կարձակեն մի քանի հրթիռ, բայց մենք կխոցենք դրանք։ Վերջին 24 ժամում Իրանն ամենքիչ թվով հրթիռներ և անօդաչուներ է արձակել»։

Ու մինչ Վաշինգտոնից հակասական ազդակներ են ստացվում, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովը հաստատել է
նեղուցի վերահսկողությունը խստացնելու ծրագիրը: Այն նկարագրում է, թե ինչպես է Թեհրանը կառավարելու նեղուցը՝ նավերի համար անցման վճարներից մինչև Իսրայելին և ԱՄՆ-ին պատկանող նավերի լիակատար արգելք:

Նեթանյահուն հրաժարվել է ասել՝ երբ կավարտվի պատերազմը

Պատերազմի 32-րդ օրը Իսրայելի վարչապետը հրաժարվել է ասել, թե երբ կավարտեն իրենց նպատակների իրականացումն Իրանում: Newsmax-ին տված հարցազրույցում Բենյամին Նեթանյահուն նշել է, որ հասել են դրանց կեսից ավելիին՝ սպանել են կարևոր ֆիգուրների, ոչնչացրել են Իրանի հրթիռային կարողությունների մեծ մասը, ցենտրիֆուգները, ուրանի հարստացման մատակարարման ուղիները: Սակայն դեռ անելիք կա:

Իսրայելի բանակի խոսնակն էլ հայտարարել է, որ պատրաստ են շարունակել պատերազմը առաջիկա շաբաթներին և ունեն անհրաժեշտ ամեն ինչ:

Թեև դեռ անորոշ է, թե որքան կտևի պատերազմը, Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին, այդ թվում՝ Թեհրանին: Սպահանում բունկերներ ճեղքող ռումբերով հարվածել են ռազմական օբյեկտների: Իսրայելը նաև շարունակել է հարվածները Լիբանանում, որտեղ իսրայելցի չորս զինվոր և ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է սպանվել:

Իրանը պատասխանել է Իսրայելին, նաև շարունակել հարվածներն ամերիկյան բազաներին Պարսից ծոցում: Քուվեյթը հայտարարել է, որ Դուբայի մոտ իրանական անօդաչուն հարվածել է իր ամենամեծ լցանավերից մեկին: Անձնակազմը չի տուժել, նավթի արտահոսք չկա: Արաբական ծոցում էլ Իրանը հարվածել է իսրայելական բեռնատար նավի:

Իրանի արտգործնախարարը Սաուդյան Արաբիային կոչ է արել «դուրս հանել ամերիկյան զորքերին», քանզի դրանք երկիրը թիրախ են դարձնում Իրանի համար: Ռուսաստանի արտգործնախարար էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են փոխել Իրանի իշխանություններին, որպեսզի վերահսկեն երկրի նավթն ու գազը:

Տնտեսական հետևանքները

Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը շարունակում է ցնցել համաշխարհային տնտեսությունը: Նավթը 115 դոլարից ավելի է վաճառվում, իսկ ԱՄՆ-ում գինն անցել է 100 դոլարը՝ ամենաբարձրը 2022-ից ի վեր:

Ծոցի երկրներում ալյումինի երկու խոշոր արտադրողներին շաբաթավերջին հասցված հարվածներից հետո այս մետաղի գինը հասել է 3400 դոլարի և մոտեցել վերջին չորս տարվա ամենաբարձր ցուցանիշին։

Էներգակիրների թանկացման պատճառով եվրոգոտում գնաճն արագացել է՝ փետրվարի 1.9%-ից մարտին հասնելով 2.5%-ի: Արժույթի միջազգային հիմնադրամը զգուշացրել է, որ պատերազմը ծանր բեռ է համաշխարհային տնտեսության համար և կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ։

Նավթի և գազի գնաճը պատերազմի առաջին ամսում աշխարհում սպառողներին ու բիզնեսներին հավելյալ մոտ 111 միլիարդ դոլար է արժեցել: Դուբայի և Աբու Դաբիի ֆոնդային շուկաները մոտ 120 մլրդ դոլար են կորցրել պատերազմի հետևանքով:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG