Ադրբեջանը չի հանդուրժի Նախիջևանի վրա իրանական անօդաչուների հարձակումը և զինված ուժերին հանձնարարել է պատրաստել ու իրականացնել պատասխան միջոցառումներ, Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հարձակումը որակել է «վախկոտ», «տգեղ ահաբեկչական գործողություն»՝ պահանջելով, որ Իրանը ներողություն խնդրի, իսկ կատարողներն անհապաղ պատժվեն։
«Դիվանագիտական ուղիներով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները։ Մեր զինված ուժերը՝ Պաշտպանության նախարարությունը, Պետական սահմանապահ ծառայությունը և մյուս բոլոր հատուկ նշանակության ուժերը, թիվ մեկ պատրաստվածության են բերվել և պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողություն իրականացնելու։ Առայժմ այսքանը», - ասել է Ալիևը:
Ըստ պաշտոնական Բաքվի՝ իրանական զինուժը անօդաչուներով հարվածել է Նախիջևանի օդանավակայանին, ինչի հետևանքով կա չորս վիրավոր, վնասվել են տերմինալի շենքն ու թռիչքուղին: Անօդաչուներից մի քանիսն ընկել են այլ վայրերում, այդ թվում՝ գյուղերից մեկի դպրոցի մոտ:
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրանի զինված ուժերը հերքել է, թե հարվածել է Ադրբեջանին:
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կրթության նախարարությունը ադրբեջանական APA-ին ասել է, որ դպրոցի տարածքում անօդաչուի ընկնելու հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան, իսկ Նախիջևանում կրթական գործընթացը շարունակվում է իր բնականոն հունով։
Սակայն «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ ծնողներին հրահանգվել է շտապ գալ ու վերցնել իրենց երեխաներին ավագ և միջնակարգ դպրոցներից: «Ոստիկանությունը թույլ չի տալիս մարդկանց հավաքվել մեծ խմբերով: Մարդկանց կոչ են անում գնալ տուն և հետևել անվտանգության կանոններին», - ասել է բնակիչներից մեկը:
Մինչ այդ Ադրբեջանի արտգործնախարարությունն էր դատապարտել Նախիջևանի վրա հարձակումը և պարզաբանումներ պահանջել Թեհրանից, ինչպես նաև երաշխիքներ, որ հարձակումը չի կրկնվի: Նախարարության հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում «պատասխան միջոցներ ձեռնարկել»։
«Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին ու նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին ... Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ», - հայտարարում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ իրանցի պաշտոնյային բողոքի նոտա է հանձնվել:
Պաշտպանության նախարարությունն, իր հերթին, պնդել է, որ Իրանն է պատասխանատու այս հարձակման համար, խստորեն դատապարտել է Ադրբեջանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, որոնք «կատարվել են ռազմական որևէ անհրաժեշտության բացակայության պարագայում»: Նախարարությունը նաև նշել է, որ այդ հարձակումներն անպատասխան չեն մնա:
«Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պատրաստում է անհրաժեշտ արձագանքման միջոցառումներ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար, և այդ հարձակումները անպատասխան չեն մնա», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունում:
Ադրբեջանի արտգործնախարարն էլ Ուզբեկստանի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այսպիսի հարձակումները մտահոգություն են առաջացնում և խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները և նպաստում տարածաշրջանում լարվածության սրմանը։
Նախիջևանի օդանավակայանի վրա հարձակումը կարող է լինել պատահականություն կամ իրավիճակի կտրուկ սրում, «Ազատության» ադրբեջանական ծառայությանն ասել է քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: Նրա կարծիքով՝ Իրանի համար տրամաբանական հիմք չկա հարձակվելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա, նրանք փորձում են պահպանել չեզոքություն։
Քաղաքագետի խոսքով՝ տեղեկություններ կան Իրաքում քուրդ զինյալների կողմից Իրանում ռեժիմի տապալմանը միանալու մասին, ինչը սրում է իրավիճակը:
«Հաշվի առնելով ռեժիմի անխուսափելի փլուզումը վաղ թե ուշ, մենք պետք է վաղուց պատրաստ լինեինք իրադարձությունների զարգացմանը: Սա այնպիսի իրադարձություն է, որը կարող է հանգեցնել Իրանի փլուզմանը», - ասել է ադրբեջանցի մեկնաբանը:
Դեռ մարտի 3-ին տարածաշրջանային OC Media լրատվամիջոցը, հղում անելով անկախ Qazetchi-ին, գրել էր, թե Ադրբեջանը սկսել է զորք կուտակել Իրանի հետ սահմանին և իր զորքերը մարտական պատրաստության է բերել, հետաձգվել են սպաների ու զինվորների արձակուրդները:
Այս զարգացումներից առաջ, Իրանում բնակվող մոտ 30 միլիոն ադրբեջանցիների ներկայացնող Հարավային Ադրբեջանի համակարգող հարթակը երեկ նամակով դիմել էր Իլհամ Ալիևին և խնդրել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմի ընթացքում իրենց անվտանգությունն ապահովելու համար: