ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին «Իրանի շուրջ զարգացումներին միջամտելու համար»։
«Գերմանիայի կանցլերը ավելի շատ ժամանակ պետք է ծախսի ռուս - ուկրաինական պատերազմի [դադարեցման] վրա։ Այս հարցում նա որևէ արդյունավետություն չի ցուցաբերել։ Լավ կլիներ նաև, որ Մերցը ոչ թե խառնվեր այն մարդկանց գործերին, որոնք ցանկանում են չեզոքացնել Իրանի միջուկային սպառնալիքը, այլ զբաղվեր ճգնաժամում գտնվող իր երկրում առկա խնդիրներով, օրինակ՝ ներգաղթով կամ էներգետիկայով», - հայտարարել է Թրամփը։
Արաբական Միացյալ Էմիրությունները նախօրին իր քաղաքացիներին արգելել է ճամփորդել Իրան, Լիբանան և Իրաք՝ որոշումը կապելով մերձավորարևելյան պատերազմի և անվտանգային մտահոգությունների հետ։
«Հաշվի առնելով տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ Արտաքին գործերի նախարարությունը ԱՄԷ քաղաքացիների համար Իրանի Իսլամական Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն և Իրաքի Հանրապետություն ճափորդելու արգելք է սահմանում», - հաղորդել է պետական WAM լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը երեք երկրներում գտնվող ԱՄԷ քաղաքացիներին հորդորել է շտապ հայրենիք վերադառնալ։
Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածներին ի պատասխան՝ Իրանը սկսեց թիրախավորել Ծոցի երկրների, այդ թվում՝ Էմիրությունների ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող օբյեկտներին։
«Իհարկե, Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա ԱՄՆ-ում. ՖԻՖԱ-ի նախագահ
Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա ԱՄՆ-ում, այս մասին Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն.
«Իհարկե, Իրանը կմասնակցի 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը։ Եվ, իհարկե, Իրանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - հայտարարել է Ինֆանտինոն։
«Եվ դրա պատճառը շատ պարզ է, մենք պետք է միավորվենք։ Դա իմ պատասխանատվությունն է, մեր պատասխանատվությունը»,- հավելել է ՖԻՖԱ-ի ղեկավարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Իրանի մասնակցությանն, ասել է. «Եթե Ինֆանտինոն է դա ասել, ապա ես համաձայն եմ դրա հետ»:
Իրանը որակավորվել է մրցաշարին, սակայն Թեհրանը խնդրել էր խմբային փուլի խաղերը ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։ ՖԻՖԱ-ն, սակայն, մերժել էր այդ մասին Իրանի դիմումը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը՝ չնայած երկու երկրների միջև հակամարտությանը։
«ԱՄՆ-ից որևէ կերպ չի ասվել, թե նրանք չենք կարող գալ», - ասել էր Ռուբիոն՝ հավելելով, սակայն, որ Իրանի հավաքականի հետ ԱՄՆ ճամփորդել չեն կարողանա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊՀ) հետ կապեր ունեցող անձինք։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ստիպված լինել Իրանի դեմ «կրկին գործել», որպեսզի Թեհրանը կրկին «սպառնալիք» չդառնա։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համակարգմամբ գլխավորում է ռազմական արշավի նպատակներին հասնելու ջանքերն այնպես, որ Իրանն ապագայում կրկին սպառնալիք չդառնա Իսրայելի, Միացյալ Նահանգների և ազատ աշխարհի համար», - ասվում է Կացի գրասենյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ։
«Մենք աջակցում ենք այս ջանքերին և տրամադրում ենք անհրաժեշտ աջակցությունը, սակայն հնարավոր է, որ շուտով մենք կրկին ստիպված լինենք գործել՝ այս նպատակներին հասնելու համար», - նշվում է հայտարարության մեջ։
Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ պատերազմը դադարեցվեց ապրիլի 8-ին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի շնորհիվ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն:
Նավթի համաշխարհային գները ավելի վաղ հասել էին չորս տարվա ամենաբարձր մակարդակին՝ մեկ բարելի համար ավելի քան 126 դոլարի: Սա այն մտավախությունների պատճառով, որ հակամարտությունը կարող է հանգեցնել երկարատև ճգնաժամի։
Լրանում է առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ պատերազմ վարելու ժամկետը․ Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետի առջև է. կա՛մ ավարտելու Իրանի դեմ պատերազմը, կա՛մ Կոնգրեսին հիմնավորելու դրա երկարաձգումը, գրում է Reuters-ը։
Լրատվամիջոցի դիտարկմամբ, սակայն, ակնկալվում է, որ օրը կանցնի առանց էական զարգացումների, քանի որ հակամարտությունը ռազմական գործողություններից վերածվել է ծովային բեռնափոխադրումների ուղիների փակուղային դիմակայության։
Նշվում է, որ պաերազմի ավարտը թվում է խիստ անհավանական։
Փորձագետները և կոնգրեսականների օգնականները ակնկալում են, որ Թրամփը Կոնգրեսին կտեղեկացնի, որ նախատեսում է պատերազմը 30 օրով երկարաձգել, կամ պարզապես կանտեսի օրենքով սահմանված վերջնաժամկետը։ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Իրանի հետ գործող հրադադարի հաստատումը նշանակում է հակամարտության ավարտ, գրում է Reuters-ը։
Գիշերը Թեհրանում ակտիվացվել են ՀՕՊ համակարգերը
Ենթադրյալ անօդաչուների գործողություններին ի պատասխան՝ գիշերը Թեհրանում ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը, մայրաքաղաքի մի քանի կետից ՀՕՊ կրակի ձայներ են լսվել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Ըստ կիսապաշտոնական Tasnim և Fars լրատվական գործակալությունների՝ քաղաքում լսված ՀՕՊ գործողությունը տևել է մոտ 20 րոպե։ Հակաօդային պաշտպանության համակարգերը Թեհրանի երկնքում թիրախավորում էին «փոքր ինքնաթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր»։
Ըստ հաղորդումների՝ ի սկզբանե հստակ չէր՝ ՀՕՊ համակարգերի կիրառումը իրանական վարժա՞նք էր, թե՞ իրական արձագանք։
Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ՀՕՊ համակարգերը գործադրվել են օդային օբյեկտների դեմ՝ չմանրամասնելով դրանց ծագման կամ խոցման մասին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը տևել է մոտ 20 րոպե, որից հետո դադարել է։ Նշվում է, որ Թեհրանում իրավիճակը վերադարձել է բնականոն վիճակի, տուժածների կամ վնասների մասին չեն հաղորդվում։
Իսրայելը շարունակել է ռազմական գործողությունները Լիբանանի հարավում՝ թիրախավորելով Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքները: Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարել է, որ ամեն ինչ կանեն իրենց «օկուպացված հողերի յուրաքանչյուր թիզը վերադարձնելու» համար:
Իրանը սպառնացել է «երկարատև և ցավոտ հարվածներով» պատասխանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները և վերահաստատի իր պահանջը Հորմուզի նեղուցի նկատմամբ:
Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ աշխարհը տեսել է, թե ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում ամերիկյան բազաների հետ պատերազմի օրերին: «Նույնը տեղի կունենա նաև ձեր ռազմանավերի հետ»,- սպառնացել է Մաջիդ Մուսավին։
Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը կխորացնի Պարսից ծոցում մատարարումների խափանումները և չի ծառայի իր նպատակին: Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին և դատապարտված է ձախողման, նշել է Մասուդ Փեզեշքիանը:
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների ընդլայնում է պետության դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության և անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակումն անհանդուրժելի է»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով իր նոր առաջարկն ուղարկել է ԱՄՆ-ին. IRNA
Իրանը խաղաղության նոր առաջարկ է երեկ փոխանցել պակիստանցի միջնորդներին, հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը՝ առանց որևէ պաշտոնյայի հղում անելու: Նույնը հայտնել է Al Jazeera-ն՝ իրանցի դիվանագիտական աղբյուրին հղումով:
Նախորդ առաջարկն ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չէր ընդունել: Դրանով Իրանն առաջարկում էր շարունակել բանակցությունները, իսկ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնել ապագային: