Թրամփը գոհ չէ Իրանի առաջարկից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից, մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների, եթե Միացյալ Նահանգները փոխի իր մոտեցումը։
Երեկ հաղորդվեց, որ Իրանը նոր առաջարկ է պակիստացնի միջնորդների միջոցով փոխանցել: Պարզ չէ, սակայն, թե իրանցիներն ինչ էին ներկայացրել իրենց նոր առաջարկով։
«Նրանք ուզում են գործարք կնքել, բայց... ես դրանից գոհ չեմ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Իրանի ղեկավարությունը «շատ անհամաձայնեցված» է և բաժանված է երկու կամ երեք խմբի։
«Նրանք խնդրում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հեռախոսով բանակցությունները շարունակվում են։
Նախօրեին Ֆլորիդայում ունեցած ելույթի ժամանակ, Թրամփն ասել է նաև, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ առճակատումը վաղաժամկետ չի դադարեցնի, որպեսզի «երեք տարի անց խնդիրը կրկին առաջանա»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանին թույլ չի տրվի ունենալ միջուկային զենք։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե Միացյալ Նահանգները փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։
Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։
Լիբանանը հայտնում է՝ Իսրայելի հարվածներից 13 զոհ կա
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Իսրայելի հարվածների հետևանքով երկրի հարավում զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ մի քաղաքում, որտեղ Իսրայելի բանակը տարհանման հրաման էր տվել՝ չնայած հրադադարին:
Իրանի զինված ուժերի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հակամարտության վերսկսումը «հավանական է», քանի որ խաղաղության բանակցությունները մնում են փակուղում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի վերջին առաջարկը:
Իրանն այսօր մահապատժի է ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեջ: Նրանցից մեկը մեղադրվում էր Սպահանի կենտրոնական նահանգում գտնվող Նաթանզի միջուկային օբյեկտի տարածքում հետախուզական տվյալներ հավաքելու համար, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ նրանք կախաղան են բարձրացվել՝ Իսրայելի և նրա «Մոսադ» լրտեսական գործակալության հետ համագործակցության մեջ մեղավոր ճանաչվելուց հետո։
Իրանը հայտարարում է՝ «գնդակը ԱՄՆ դաշտում է»
Իրանը հայտարարում է, որ Միացյալ Նահանգներից է կախված՝ գնալ բանակցային կարգավորման, թե՞ վերադառնալ պատերազմի: Թեհրանից նշում են՝ պատրաստ են երկու ելքերին էլ։
Հիմա գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է՝ դիվանագիտության ուղին ընտրել, թե՞ շարունակել առճակատումը», -ըստ IRIB պետական հեռարձակողի՝ Թեհրանում դիվանագետներին ասել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
«Իրանը, իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, պատրաստ է երկու ճանապարհներին էլ», - ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կվերանայի Իրանի վերջին առաջարկը, սակայն «չի պատկերացնում», որ այն կընդունի, ակնարկել է Իրանի դեմ նոր ավիահարվածների հնարավորության մասին:
«Շուտով ես կվերանայեմ Իրանի կողմից ուղարկված ծրագիրը, սակայն չեմ կարող պատկերացնել, որ այն ընդունելի կլինի, քանի որ նրանք դեռևս բավարար մեծ գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկությանը և աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նա ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ իրեն ներկայացրել են Թեհրանի առաջարկի ընդհանուր գաղափարը, սակայն սպասում է, որ իր օգնականներն իրեն մանրամասներ տեղեկացնեն՝ ակնարկելով, որ հնարավոր է վերսկսվեն հարվածները, եթե Իրանը «վատ պահի իրեն»։
Հարցին, թե հնարավո՞ր է վերսկսել Իրանի դեմ հարվածները, Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում դրա մասին խոսել։ Այսինքն՝ չեմ կարող դա լրագրողին ասել։ Եթե նրանք վատ պահեն իրենց, եթե ինչ-որ վատ բան անեն, կտեսնենք։ Բայց դա հնարավոր է»։
Ժամեր առաջ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան մանրամասնել էր Թեհրանի կողմից ներկայացված խաղաղության առաջարկը՝ ասելով, որ այն բաղկացած է 14 կետից, որոնցից շատերն արդեն մերժվել են Թրամփի կողմից։
Թեհրանի առաջարկը ներառում էր հաճախ հաղորդվող պայմանների մասին, որոնց համաձայն՝ պետք է վերաբացվեր Հորմուզի նեղուցը և դադարեցվեր ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը, իսկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները թողնել ավելի ուշ։
Իրանի մյուս պայմանների թվում են ԱՄՆ ուժերի դուրսբերումը Իրանի շուրջ գտնվող տարածքներից, իրանական ակտիվների ապասառեցում, պատերազմում կրած վնասների փոխհատուցում, Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների աստիճանաբար վերացում և ռազմական բոլոր գործողությունների դադարեցում՝ ներառյալ Լիբանանում։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ «գոհ չէ» Թեհրանի ներկայացրած նոր առաջարկից, բազմիցս պնդել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ և պետք է հրաժարվի արդեն հարստացված ուրանից։
Նախօրեին Լիբանանի հարավին Իսրայելի հասցված հարվածների հետևանքով հաղորդվում է 10 զոհի մասին:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 24 ժամում գրանցված զոհերի թիվը նոր ռեկորդի է հասել՝ 41-ի:
Մարտի 2-ից ի վեր, երբ Լիբանանը ներքաշվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակմանը, երկրում 2,659 մարդ է զոհվել, 8,183-ը վիրավորվել, հայտնում են երկրի առողջապահական գերատեսչությունից։
«Հարվածների արդյունքում վերացվել են տարբեր տարածքներում գտնվող մոտ 70 ռազմական կառուցվածք և «Հեզբոլա» -ին պատկանող մոտ 50 ենթակառուցվածք», - տելեգրամյան գրառմամբ տեղեկացրել են Իսրայելի պաշտպանության բանակից։
Իրանում մահապատժի են ենթարկել մի տղամարդու, որը մեղադրվում էր 2022 թվականին «Կանայք, Կյանք, Ազատություն» բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի աշխատակցի սպանությանը մասնակից լինելու համար, հայտնում է Իրանի դատական համակարգին մոտ կանգնած Mizan գործակալությունը։
Մեհրամ Աբդուլազադեն ազգությամբ քուրդ էր, կալանավորվել էր Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Ուրմիա քաղաքում, երբ 25 տարեկան էր։
Մարդու իրավունքների քրդական ցանցը փետրվարին հրապարակել էր տղայի ուղերձը, որով նա բարձրաձայնել է իր դեմ խոշտանգման մասին։
«Իմ կալանավորման առաջին իսկ օրվանից նրանք ինձ խոշտանգման և սպառնալիքների միջոցով ստիպել են խոստովանել», - ասել է տղան՝ հավելով, որ իր միակ «հանցանքը քուրդ լինելն է»։
Նախօրեին Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով Իրանում երկու անձի մահապատժի էին ենթարկել: Հաղորդվում է, որ նրանցից առնվազն մեկը ևս քուրդ էր։
Իրանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգներից ստացել են խաղաղության շուրջ իրենց առաջարկի արձագանքը:
Թեհրանն ավելի վաղ պակիստանցի միջնորդների միջոցով նոր առաջարկ էր փոխանցել ԱՄՆ-ին:
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատկերացնում, որ Իրանի նոր առաջարկը ընդունելի կլինի, «քանի որ նրանք դեռևս բավարար մեծ գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկությանը և աշխարհին վերջին 47 տարիների ընթացքում»:
Չնայած Վաշինգտոնից կամ Իսլամաբադից ԱՄՆ արձագանքի վերաբերյալ հաստատում դեռևս չկա, Իրանի պետական լրատվամիջոցները, մեջբերելով արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, ասել են, որ այս փուլում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։
«Այս փուլում մենք միջուկային բանակցություններ չունենք», - պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ «գոհ չէ» Թեհրանի ներկայացրած նոր առաջարկից, բազմիցս պնդել է, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ և պետք է հրաժարվի արդեն հարստացված ուրանից։
Պակիստանը հայտարարել է, որ արտգործնախարար Մոհամմադ Իսհակ Դարը կիրակի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ:
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և Պակիստանի շարունակական դիվանագիտական ջանքերը։