ԱՄՆ վարչակազմը, Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին, փոխել է երկրի ռազմածովային ուժերի նախարարին։ Պաշտոնից Ջոն Ֆելանի անհապաղ հեռացման մասին ապրիլի 22-ին X -ում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը։
Պաշտպանության նախարաարությունը պաշտոնանկության պատճառները չի նշել։ Ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆելանի տեղակալ Հունգ Կաոն։
Ֆելանը նախարար էր նշանակվել անցած տարվա մարտին։ Նրա աշխատանքային առաջնահերթություններից էին նավաշինության և ծովային արդյունաբերության ամրապնդումը։
ԱՄՆ նախագահը ցանկանում է Իրանի ղեկավարությունից «միասնական» արձագանք ստանալ պատերազմը դադարեցնելու՝ ամերիկյան առաջարկների վերաբերյալ, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Քերոլայն Լևիթը հերքել է լուրերը, թե Դոնալդ Թրամփը հրադադարի նոր վերջնաժամկետ է սահմանել: «Գիտեմ, որ որոշ անանուն աղբյուրներից ստացված լուրեր կան, թե 3-5 օրվա վերջնաժամկետ կա։ Դա ճիշտ չէ։ Նախագահն ինքը վերջնաժամկետ չի սահմանել։ Ի վերջո, նա կթելադրի ժամանակացույցը», հայտարարել է Լևիթը։
Չնայած հրադադարն անժամկետ է, բանակցությունների հեռանկարը մնում է անորոշ: Ո՛չ Իրանը, ո՛չ ԱՄՆ-ն, ինչպես ակնկալվում էր, երեկ այդպես էլ չմեկնեցին Պակիստան, որը պատրաստ է ընդունել կողմերին:
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության՝ UNIFIL-ի զինվորների դեմ իրականացված մահաբեր հարձակումը որակել է որպես ռազմական հանցագործություն։
«Հարձակվել ՄԱԿ-ի «կապույտ սաղավարտների»՝ խաղաղության զինվորների վրա, որոնք դաշտում հստակ ճանաչելի են, ոչ միայն ռազմական հանցագործություն է, այլև վիրավորանք ողջ միջազգային հանրությանը»,- France Info-ին հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են երկու ֆրանսիացի զինվորներ, ևս երկուսը վիրավորվել են։
ՄԱԿ-ի Լիբանանում ժամանակավոր ուժերի (UNIFIL) տվյալներով՝ զինվորները հայտնվել են կրակի տակ, երբ Լիբանանի հարավում ճանապարհից ականազերծում էին պայթուցիկ սարքեր։
UNIFIL-ի նախնական գնահատականը ցույց է տվել, որ հարձակման համար պատասխանատու են «Հեզբոլա»-ի մարտիկները։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր հետախուզական տվյալները ևս մատնանշում են, որ կրակ են բացել «Հեզբոլա»-ի զինյալները։
Սակայն «Հեզբոլա»-ն հանգստյան օրերին հերքել է իր մասնակցությունը միջադեպին։
Լիբանանի արտգործնախարարությունը խոստացել է միջադեպի համապարփակ քննություն։
Հորմուզն ամերիկյան լիարժեք վերահսկողության ներքո է. Թրամփ
Հորմուզի նեղուցը ամերիկյան լիարժեք վերահսկողության ներքո է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ որևէ նավ առանց ԱՄՆ ռազմածովային ուժերի համաձայնության չի կարող մտնել նեղուց կամ դուրս գալ այնտեղից:
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ նեղուցը փակ է լինելու մինչև «Իրանն ի վիճակի լինի գործարք կնքել»:
Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ երկրի ռազմածովային ուժերին հրամայել է «կրակել և սպանել» Հորմուզի նեղուցում ականներ տեղադրել փորձող բոլոր նավերին։
Ամերիկյան ուժերը «կեռապատկեն» նեղուցի ականազերծման ջանքերը, գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը պնդել է նաև, թե Իրանը դժվարանում է առաջնորդ ընտրել, և որ Թեհրանում առկա են քաղաքական հակասություններ «կոշտ դիրքորոշում ունեցողների» և «չափավորների» միջև, որոնք, ըստ նախագահի՝ «իրականում այդքան էլ չափավոր չեն»։
Իրանի տապալված շահի որդի Ռեզա Փահլավին այսօր հայտարարել է, որ Թեհրանի հոգևորական ղեկավարության հետ ցանկացած բանակցություն «հաշտեցման քաղաքականություն» է, և հույս է հայտնել, որ նոր փողոցային բողոքները կկործանեն այդ իշխանությունը։
65-ամյա Փահլավին ելույթ է ունեցել Բեռլին կատարած այցի ընթացքում, որտեղ նրան դիմավորել են ինչպես կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմադիրներ․ ակտիվիստներից մեկը նույնիսկ կարմիր հեղուկ է լցրել նրա վրա, որից հետո բերման է ենթարկվել։
Լրագրողների հետ զրույցում Փահլավին կոչ է արել եվրոպական կառավարություններին, որոնք դուրս են մնացել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի շրջանակներից, այլ քայլեր ձեռնարկել՝ սկսած իրանցի դեսպանների արտաքսումից մինչև Իրանի քաղաքացիներին արգելափակված ինտերնետին հասանելիություն ապահովելը։
Ավելի քան 30 միլիոն մարդ կհայտնվի աղքատության մեջ Իրանի պատերազմի, այդ թվում՝ վառելիքի և պարարտանյութերի մատակարարման խափանումների պատճառով։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դե Քրուն է այս մասին հայտարարել, հավելելով՝ պարարտանյութերի պակասը, որը սրվել է Հորմուզի նեղուցով բեռնատար նավերի անցման արգելափակման պատճառով, արդեն իսկ նվազեցրել է գյուղատնտեսական արտադրողականությունը։
«Սննդային անապահովությունը մի քանի ամսից կհասնի իր գագաթնակետին։ Նույնիսկ եթե պատերազմը վաղը դադարի, այդ հետևանքներն արդեն առկա են, և դրանք ավելի քան 30 միլիոն մարդու աղքատ կդարձնեն», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Աշխարհի պարարտանյութերի մեծ մասն արտադրվում է Մերձավոր Արևելքում, և համաշխարհային մատակարարումների մոտ մեկ երրորդն անցնում է Հորմուզի նեղուցով, որտեղ Իրանը և Միացյալ Նահանգները պայքարում են վերահսկողության համար։
Ավելի վաղ այս ամիս Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել էին, որ պատերազմը կբարձրացնի սննդի գները՝ ավելի մեծ բեռ դառնալով աշխարհի առավել խոցելի բնակչության վրա։
Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին հրադադարը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ով հայտարարեց, որ պատրաստ է սպասել «լավագույն գործարքին»՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը երկու երկրների բանագնացների հետ հանդիպումից հետո հայտարարեց.
«Հանդիպումը շատ լավ է անցել, - սոցցանցի էջում գրել է Թրամփը՝ հավելելով, - Միացյալ Նահանգները պատրաստվում է աշխատել Լիբանանի հետ՝ օգնելու պաշտպանվել «Հեզբոլա»-ից։ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երեք շաբաթով կերկարաձգվի»։
Թրամփը նշել է, որ Լիբանանի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպած պաշտոնյաներից են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Բանակցություններին իրենց երկրները ներկայացրել են ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանը և Իսրայելի դեսպանը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «մոտ ապագայում» սպասում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոսեֆ Աունի հետ հանդիպմանը։
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունից ժամեր անց իսրայելական կործանիչները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի հրթիռային հարվածների:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, թե վստահ չէ, որ երկարաձգված հրադադարը լիովին կդադարեցնի հակամարտությունը Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի միջև: CNN-ին տված հարցազրույցում Դենի Դանոնն ասել է, որ Լիբանանի կառավարությունը չի վերահսկում Իրանի աջակցությունը վայելող շարժումը: «Հեզբոլան հրթիռներ է արձակում` փորձելով խափանել հրադադարը, իսկ Իսրայելը պետք է հակահարված տա»,- ասել է նա։
Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ են վերսկսել պատերազմը նաև Իրանի դեմ: Իսրայել Կացն ասել է, որ զինվորականները սպասում են ԱՄՆ-ից «կանաչ լույսի»՝ վերացնելու առաջին հերթին հոգևոր առաջնորդ Խամենեի դինաստիան: Կացը նաև սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և երկիրը վերադարձնել «Քարի դար»։
«Այս անգամ հարձակումը տարբեր կլինի և մահացու: Ավերիչ հարվածներ կհասցվեն ամենացավոտ տեղերին, որոնք կցնցեն և կփլուզեն երկրի հիմքերը»,- հայտարարել է Կացը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից ամերիկյան առաջարկների վերաբերյալ պատասխանի հարցում չի շտապում:
«Ես ունեմ աշխարհի ողջ ժամանակը, իսկ Իրանը՝ ոչ»,- գրել է նա՝ հավելելով, որ ժամանակն ի վնաս Իրանի է աշխատում: «Գործարքը կկնքվի միայն այն ժամանակ, երբ այն նպատակահարմար և լավ կլինի ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների և, ըստ էության, մնացած աշխարհի համար»,- հավելել է նա։
Թրամփը նաև նշել է, որ ոչ մի դեպքում միջուկային զենք չի կիրառի Իրանի դեմ: «Ո՛չ։ Ո՛չ, չեմ անի նման բան։ Մեզ դա պետք չէ»,- ասել է նա:
Այսօր երեկոյան ակնկալվում է, որ Իրանի արտգործնախարարը փոքր թիմով կժամանի Իսլամաբադ, որտեղ հավանաբար բանակցություններ տեղի կունենան ԱՄՆ-ի հետ, հաղորդում են Reuters-ը և BBC-ն՝ Պակիստանի կառավարությունում իրենց աղբյուրներին հղումով: Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ լոգիստիկ և անվտանգության թիմն արդեն այնտեղ է։ Վաշինգտոնը և Թեհրանը պաշտոնապես դեռ չեն հաստատել:
Մինչ այդ Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Պակիստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է հրադադարին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել: