Ավելի քան 60 երկիր համատեղ հայտարարությամբ դատապարտել են Լիբանանում ՄԱԿ խաղաղապահների դեմ հարձակումները:
Լիբանանի դեմ իսրայելական գործողությունների հետևանքով տուժում են նաև ՄԱԿ խաղաղապահ առաքելության ծառայողները։ Վերջին շաբաթներին երեք խաղաղապահ է զոհվել, երեքն էլ՝ ազգությամբ ինդոնեզիացի։ Մի շարք այլ երկրների խաղաղապահներ էլ լրջորեն վիրավորվել են։
Reuters-ի փոխանցմամբ՝ 63 երկրները և Եվրամիությունը նաև «խորը մտահոգություն են հայտնել Լիբանանում տիրող մարդասիրական իրավիճակի, մասնավորապես՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի զգալի թվի, քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման և մեկ միլիոնից ավելի մարդկանց զանգվածային տեղահանման վերաբերյալ»։
Հայտարարությունը կարդացել է ՄԱԿ-ում Ինդոնեզիայի դեսպանը՝ այն հավանություն տված երկրների տասնյակ դեսպանների ներկայությամբ։ Նշվում է, որ խաղաղապահների վրա հարձակումները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Հայտարարությանը միացած երկրները կոչ են անում դադարեցնել կրակը, ապաէսկալացնել լարվածությունը և վերադառնալ բանակցություններին։
Չնայած ԱՄՆ-Իրան երկշաբաթյա հրադադարին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրադադարը «Լիբանանին չի վերաբերում»։