Իրանի պատերազմը «աղետալի սխալ» է, որը խախտում է միջազգային իրավունքը, հայտարարել է Գերմանիայի նախագահը՝ արտասովոր կտրուկ քննադատելով ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությունը։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պնդել է, թե Թրամփը սասանում է Գերմանիայի հարաբերությունները հետպատերազմյան ամենամեծ դաշնակցի հետ։
«Մեր արտաքին քաղաքականությունն ավելի համոզիչ չի դառնում միայն այն պատճառով, որ մենք միջազգային իրավունքի խախտումը չենք անվանում միջազգային իրավունքի խախտում», - արտգործնախարարությունում հայտարարել է Շտայնմայերը, որը նախկինում ղեկավարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Պատերազմը անվանելով ավելորդ և «քաղաքականապես աղետալի սխալ», Շտայնմայերը նշել է, որ Թրամփի երկրորդ ժամկետը Գերմանիայի արտաքին հարաբերություններում ի հայտ է բերել նույնքան խորը խզում, որքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմը դադարեցնելու բանակցությունները։ Հայտարարությունը հնչել է ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների ֆոնին, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են այս շաբաթ արդեն Պակիստանում հանդիպել իրանական պատվիրակության հետ։ Ըստ նույն աղբյուրի՝ բանակցություններին հնարավոր է միանա նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Պակիստանը ողջունում և լիովին աջակցում է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար երկխոսության շարունակական ջանքերին՝ հանուն տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության և կայունության», - գրել է Շարիֆը X-ում, նաև տեղեկացրել, որ այս հարցով հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Պակիստանի արտգործնախարարն էլ իր հերթին է հեռախոսազրույց ունեցել իրանցի գործընկերոջ հետ։
Իրանի բանակցային դիրքորոշումը կտրուկ կոշտացել է պատերազմի մեկնարկից ի վեր, քանի որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ազդեցությունը երկրում գնալով աճում է, Reuters-ին ասել են Թեհրանի երեք բարձրաստիճան աղբյուրներ, հավելելով, թե Իրանը զգալի զիջումներ կպահանջի Միացյալ Նահանգներից, եթե միջնորդական ջանքերի արդյունքում կողմերի միջև հանդիպում կայանա։
Ըստ այդմ, Իրանը կարող է պահանջել ոչ միայն պատերազմի դադարեցում, այլև պատերազմական կորուստների փոխհատուցում: Դիվանագիտական աղբյուրները նաև ասել են, որ Իրանը կհրաժարվի բանակցել իր բալիստիկ հրթիռների ծրագրի սահմանափակման շուրջ, մի հարց, որը Թեհրանի համար կարմիր գիծ էր դեռ այս պատերազմից առաջ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ։
Երեք բարձրաստիճան աղբյուրներ Reuters-ին նաև հայտնել են, որ Իրանը միայն նախնական քննարկումներ է ունեցել Պակիստանի, Թուրքիայի և Եգիպտոսի հետ այն մասին, թե արդյոք հիմքեր կան պատերազմը դադարեցնելու շուրջ Նահանգների հետ բանակցությունների համար։
Ըստ դիվանագետների, եթե ԱՄՆ-ի հետ բանակցություններն, այդուամենայնիվ, մեկնարկեն, Իրանը կուղարկի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին և արտգործնախարար Աբբաս Արաղչիին։
Անցած գիշեր Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար։
Գիշերը անօդաչու թռչող սարքի հարված է եղել նաև Քուվեյթի միջազգային օդանավակայանի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան։
Սաուդյան Արաբիան ևս հայտնել է, որ գիշերը որսացել է անօդաչու սարքեր, իսկ Բահրեյնի ՆԳ նախարարությունը, օդային տագնապի ազդանշանից հետո, քաղաքացիներին կոչ է արել տեղափոխվել անվտանգ վայրեր։
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն կտան միայն «ոչ թշնամական» նավերին, որոնք իրենց հետ կհամակարգեն երթուղին,գրում է Financial Times-ը՝ հղում անելով Իրանի արտգործնախարարության նամակին, որն ուղարկվել է Միջազգային ծովային կազմակերպության անդամներին։
Նամակում նշվում է, որ Իրանը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու Հորմուզի նեղուցի միջոցով «ագրեսորների և նրանց աջակիցների թշնամական գործողությունները»։ Ըստ նույն աղբյուրի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի և հակամարտության մյուս մասնակիցների հետ կապ ունեցող նավերին նեղուցով անցնել չի թույլատրվի։
Միևնույն ժամանակ, Թեհրանը նշում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են օգտվել Հորմուզի նեղուցից միայն Թեհրանի հետ նախապես համաձայնեցնելու դեպքում։
Երրորդ օրն է՝ ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն պաշտոնական Թեհրանը դա հերքում է։
Դոնալդ Թրամփն ասել է, թե պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում: Սպիտակ տան ղեկավարը պնդել է, թե ռազմական գործողությունները Իրանում «ռեժիմի փոփոխության» են հանգեցրել, և հիմա իր վարչակազմը բանակցում է «ճիշտ մարդկանց» հետ, թեև զգուշացրել է՝ «ոչ մեկին» չի վստահում։ Թրամփը նշել է, թե Իրանի նախկին ղեկավարներին «վերացնելուց» հետո նրանց փոխարեն եկածներին էլ նույն կերպ կարող են «վերացնել», բայց «կտեսնեն՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»։
Թրամփը կրկնել է՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա ասել է, թե Իրանը էներգետիկ ոլորտի հետ կապված խոշոր զիջում է արել ԱՄՆ-ին, սակայն մանրամասներ չի հայտնել։
«Նրանք մեզ նվեր տվեցին, որն այսօր տեղ հասավ։ Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր մրցանակ էր, և նրանք դա տվեցին մեզ … Դա ինձ համար մեկ բան էր նշանակում. մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ»,- հայտարարել է ԱՄՆ նախաագահը՝ նշելով միայն, որ «նվերը» կապված է Հորմուզի նեղուցի հետ։
Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մարտի 24-ի ուշ երեկոյան հաղորդել է, որ Իրանից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ նույն առավոտյան Բուշերի ատոմակայանի տարածքում ևս մեկ արկ է ընկել։ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ «Իրանի տվյալներով՝ կայանը որևէ վնաս չի կրել, և անձնակազմից ոչ ոք չի տուժել»։
Պակիստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ դեռևս բանակցություններ չեն ընթանում
Պակիստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Պակիստանի նման բարեկամ երկրները փորձում են հիմք ստեղծել Թեհրանի և Վաշինգտոնի միջև երկխոսության համար և հույս է հայտնել, որ այդ ջանքերը կարող են օգնել ավարտել պատերազմը։
Այդուհանդերձ AFP-ին գրում է՝ դեսպանը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև որևէ բանակցություն չի եղել՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկեց դիվանագիտական ջանքերում որոշակի առաջընթացի մասին։
«Մենք նույնպես նման տեղեկություններ լսել ենք լրատվամիջոցներից, սակայն իմ տեղեկություններով և հակառակ Թրամփի պնդումների, մինչև այժմ երկու երկրների միջև ոչ մի բանակցություն՝ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի, տեղի չի ունեցել»,- ասել է դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը՝ հավելելով, որ բնական է, որ բարեկամ երկրները մշտապես խորհրդակցությունների մեջ են երկու կողմերի հետ՝ ագրեսիան ավարտելու համար։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նախօրեին հայտարարել էր, որ Իսլամաբադը պատրաստ է հյուրընկալել ցանկացած բանակցություն։
Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ չփորձարկի Իսլամական Հանրապետության վճռականությունը իր տարածքը պաշտպանելու գործում
Այս հայտարարությունը հաջորդում է այն տեղեկություններին, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է ուղարկում ավելի շատ զորքեր։
«Չփորձեք փորձարկել մեր վճռականությունը մեր երկիրը պաշտպանելու համար: Մենք մանրակրկիտ հետևում ենք ամերիկյան բոլոր շարժումներին տարածաշրջանում, հատկապես զորքերի տեղաբաշխմանը։ Այն, ինչ գեներալները կոտրել են, զինվորները չեն կարող վերականգնել․ փոխարենը, նրանք դառնալու են Նեթանյահուի երևակայության զոհը»,- X-ում անգլերենով գրել է Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պատրաստ է այս շաբաթ անցկացնել երկրորդ արտահերթ քննարկումը՝ կապված Մերձավոր Արևելքի պատերազմի հետ, որը կենտրոնացած կլինի իրանական դպրոցի հարձակման վրա։
Փետրվարի 28-ին պատերազմի առաջին օրը Մինաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցն օդային հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով 168 երեխա էր մահացել։