Պակիստանը ԱՄՆ-ի խաղաղության առաջարկների մի շարք է փոխանցել Իրանին: Այս լուրն այսօր հաստատել են պակիստանյան աղբյուրները, այն բանից հետո, երբ ամերիկյան լրատվամիջոցները հաղորդեցին, թե Վաշինգտոնը ներկայացրել է Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։
Պակիստանցի երկու պաշտոնյաներ, անանուն մնալու պայմանով, DPA գործակալությանը հայտնել են, որ 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզի մեծ մասը կենտրոնացած է միջուկային հարցերի վրա, սակայն այն նաև ներառում է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու խոստում։
Հստակ չէ, սակայն, երբ է նախագիծն ուղարկվել Իրանին և ով է այն ստացել։ Պաշտոնյաները նշել են միայն, որ դա տեղի է ունեցել այս շաբաթ:
Իրանը մինչև այժմ հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս շաբաթվա սկզբին արված պնդումները, թե երկու կողմերը «կառուցողական բանակցություններ» են վարել պատերազմի ավարտի շուրջ:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան այս շաբաթ կգլխավորեն ռազմական բանակցություններ, որին կմասնկացի շուրջ 30 երկիր։ Նպատակն է՝ ձևավորել կոալիցիա՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու համար։ Այս մասին AFP-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչության պաշտոնյան։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Նիդերլանդները անցած շաբաթ հայտարարեցին, որ պատրաստ են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ Հորմուզի նեղուցով անվտանգ անցուդարձը ապահովելու համար: Այնուհետև ևս 24 երկիր հավանություն տվեց այս հայտարարությանը:
Մերձավոր Արևելքում պատերազմը «դուրս է եկել վերահսկողությունից»։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ նախազգուշացնելով, որ որքան երկար շարունակվեն մարտերը, այնքան կավելանա մարդկային և տնտեսական ցավը։
«Հակամարտությունը անցել է այն սահմանները, որոնք նույնիսկ առաջնորդներն էին պատկերացնում հնարավոր։ Աշխարհը կանգնած է ավելի լայն պատերազմի վտանգի առջև, մարդկային տառապանքների աճող ալիքի և գլոբալ տնտեսական ավելի խոր ցնցման առաջ։ Սա չափազանց հեռու է գնացել», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լրագրողների հետ զրույցում։
Իրանի պետական հեռուստատեսությունը, հղում անելով անանուն բարձրաստիճան պաշտոնյայի, հայտարարել է, որ Իրանը մերժել է Միացյալ Նահանգների առաջարկած խաղաղության ծրագիրը, որը նպատակ ուներ ավարտել Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը։
«Իրանը բացասաբար է արձագանքել շարունակվող պարտադրված պատերազմը դադարեցնելու նպատակով ներկայացված ամերիկյան առաջարկին»,- ըստ անգլալեզու Press TV հեռարձակողի՝ ասել է պաշտոնյան։
«Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ Իրանը որոշի, որ այն պետք է ավարտվի, այլ ոչ թե, երբ Թրամփը պատկերացնի դրա ավարտը»,- հայտարարվել է Իրանի պետական հեռուստաալիքով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը մասնակցում է խաղաղության բանակցություններին՝ չնայած պաշտոնական հերքումներին: Նա նշել է` իրանցի բանակցողները վախենում են, որ իրենց «սեփական ժողովուրդը» կարող է սպանել։
«Ի դեպ, նրանք բանակցություններ են վարում և շատ են ուզում համաձայնության գալ։ Բայց նրանք վախենում են դա ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդը կսպանի իրենց», - ասել է Թրամփը Կոնգրեսի հանրապետական անդամների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ։
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին։
«Անադոլու»-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են պատերազմի հետ կապված ներկայիս իրավիճակը։
Իրանը ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել Մերձավոր Արևելքի ընդլայնվող հակամարտությունը մեղմելու համար, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նախօրեին Wall Street Journal-ն ու AP-ն գրել էին, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին: իրանական պետական Press TV-ին հայտնել էր, թե Թեհրանը մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկները և պնդել է, որ պատերազմը կդադարեցվի միայն Թեհրանի պայմաններով և ժամանակացույցով:
«Միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը չի նշանակում բանակցություններ ԱՄՆ-ի հետ: Նրանք իրենց հաղորդագրություններում առաջ են քաշել գաղափարներ, որոնք փոխանցվել են բարձրագույն իշխանություններին, և անհրաժեշտության դեպքում նրանք կհայտարարեն իրենց դիրքորոշումը», - ասել է Արաղչին։
Բացի այդ, Իրանը միջնորդներին ասել է, որ Լիբանանը պետք է ներառվի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կնքվող ցանկացած հրադադարի համաձայնագրում, Reuters-ին հայտնել են Իրանի դիրքորոշմանը ծանոթ վեց տարածաշրջանային աղբյուրներ։
Իրանի հարցում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները «մեզ բացարձակապես ոչնչով չեն օգնել», այսօր Truth Social սօցիալական ցանցում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ից որևէ բան պետք չէ։ Մենք, սակայն, երբեք չենք մոռանա դաշինքի անդամների պահվածքը այս կարևորագույն ժամանակահատվածում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Իրանական Tasnim գործակալության պնդմամբ` Թեհրանն այսօր պաշտոնապես պատասխանել է պատերազմի ավարտին ուղղված ԱՄՆ առաջարկներին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` կարգավորման ամերիկյան պլանը բաղկացած է 15 կետից։
Առաջարկների բովանդակության կամ դրանց իրանական արձագանքի մասին գործակալության աղբյուրները որևէ տեղեկություն չի հաղորդում։
Պենտագոնը քննարկում է Մերձավոր Արևելք մինչև լրացուցիչ 10,000 ցամաքային զորքեր ուղարկելու հնարավորությունը, հայտնում է The Wall Street Journal-ը։
Նաև նշվում է, որ դեռ պարզ չէ, թե տարածաշրջանի որ հատվածում կտեղակայվեն այդ ուժերը, սակայն ենթադրվում է, որ դրանք կլինեն Իրանի և Խարգ կղզու հարվածային հասանելիության սահմաններում։