Մատչելիության հղումներ

եթերում Արաղչին Պակիստանում է, ԱՄՆ բանակցողները պատրաստվում են մեկնել

Գլխավորը՝ համառոտ

12:20 24.3.2026

Չնայած պաշտոնական Թեհրանի հերքմանը, թե Վաշինգտոնի հետ բանակցում է պատերազմը դադարեցնելու շուրջ՝ Դոնալդ Թրամփը երեկ կրկին հայտարարել է, թե Իրանի հետ բանակցում են և հիմա համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա:

ԱՄՆ նախագահը պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից: Ըստ նրա՝ Թեհրանն այժմ ունի ևս մեկ հնարավորություն՝ վերջ դնելու ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին: Սպիտակ տան ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Թեհրանը կօգտվի այդ հնարավորությունից:

«Մենք հիմա իսկապես լավ քննարկումներ ենք ունենում... Նրանք ուզում են խաղաղություն։ Նրանք համաձայնել են, որ չեն ունենա միջուկային զենք և այլն։ Բայց տեսնենք, թե ինչ կստացվի։ Բայց ես կասեի, որ շատ մեծ հնարավորություն կա», - նշել է Թրամփը:

12:23 24.3.2026

Պատերազմի 25-րդ օրը Իսրայելը շարունակել է հարվածներն Թեհրան, Թավրիզ, Սպահան և Կարզի քաղաքներին, նաև Արևելյան Ադրբեջան նահանգին: Կան զոհեր, այդ թվում երեխաներ: Իրանը հայտնել է, որ Սպահանի և Խորամշահրի շրջաններում Իսրայելը հարվածել է էներգետիկ ոլորտի հետ կապված օբյեկտներին:

Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարել է, որ անհանգստանալու կարիք չկա, քանզի երկիրն ապակենտրոնացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և ծրագրում է արագ վերականգնել ցանկացած էլեկտրակայան, եթե դրանց հարվածեն։

12:24 24.3.2026

Իրանն իր հերթին հարվածել է ինչպես մայրաքաղաք Թել Ավիվին, այնպես էլ Իսրայելի հարավային և կենտրոնական շրջաններին: Ըստ իսրայելական մամուլի՝ Կան վիրավորներ և ավերածություններ:

Իրանը նաև հարվածել է Քուվեյթին և Սաուդյան Արաբիային: Reuters-ի փոխանցմամb՝ անօդաչուի հարվածից Բահրեյնում խափանվել է ամպային ծառայություններ մատուցող հսկայի՝ Amazon Web Services-ի գործունեությունը:


12:27 24.3.2026

Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը, դեռ փակ է:

Թրամփի երեկվա հայտարարությունների ֆոնին նավթի գնի նվազումից հետո այսօր այն կրկին բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց: Ասիական ֆոնդային բորսաները բացվել են աճով։

Ճապոնիան հայտարարել է, որ նավթի պահանջարկը բավարարելու նպատակով հինգշաբթի կսկսի օգտագործել իր ազգային պաշարները:

14:13 24.3.2026

Քուվեյթում էլեկտրահաղորդման յոթ գծեր դուրս են եկել շահագործումից, լսվել են պայթյունների ձայներ․ պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը արձագանքում են «հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներին»՝ կոչ անելով քաղաքացիներին հետևել իշխանության հրահանգներին։

Ընդհանուր առմամբ, ըստ զինված ուժերի, այսօր՝ երկու ժամվա ընթացքում, կասեցվել և ոչնչացվել է երկրի Արևելյան նահանգը թիրախավորող 19 անօդաչու թռչող սարք։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ պատրաստվում է տարածաշրջանում տեղակայել կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հարձակումների ալիքին դիմակայելու համար։

15:46 24.3.2026

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար է նշանակվել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը․ նա այս պաշտոնում կփոխարինի անցած շաբաթ սպանված Ալի Լարիջանիին։

«Զոլղադրի թեկնածությունը հաստատվել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կողմից, սոցցանցերում գրել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի աշխատակազմի ներկայացուցիչը։

Զոլղհադրին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար է, կոշտ քաղաքական գծի հետևորդ, ով նախկինում անվտանգության ոլորտում մի շարք պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում եղել է Ներքին գործերի նախարարության անվտանգության գծով տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի տեղակալ և դատական իշխանության ղեկավարի՝ հանցագործությունների կանխարգելման գծով խորհրդական։

15:53 24.3.2026

Իսրայելը հայտարարել է, որ իր տիրապետության տակ է առնելու հարավային Լիբանանը՝ մինչև Լիտանի գետը․ դա կլինի բուֆերային գոտի, քանի դեռ շարունակվում է պայքարը Իրանի աջակից «Հեզբոլա»-ի դեմ, ասել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Լիտանի գետը պետք է լինի մեր նոր սահմանը Լիբանանի հետ», - իր հերթին, պնդել է ծայրահեղական հայացքներով հայտնի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։

Երեկ իսրայելական կողմի հարվածից փլուզվել էր գետի վրայով անցնող առանցքային կամուրջը, որը կապում էր հարավային Լիբանանը երկրի մյուս հատվածների հետ։ Իսրայելը հայտարարել էր, թե «Հեզբոլա»-ն կամուրջներն օգտագործել է զենքի տեղափոխման համար:

Շաբաթներ շարունակվող մարտական գործողությունների պատճառով Լիբանանում շուրջ հազար մարդ է զոհվել, մոտ մեկ միլիոնը՝ տեղահանվել։

17:22 24.3.2026

Իրանը խնդրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հրատապ նիստ անցկացնել դպրոցի վրա օդային հարձակման թեմայով։

«Գործող դպրոցի վրա հարձակումը լրջագույն հանցանք է երեխաների, կրթության և ամբողջ համայնքի ապագայի հանդեպ», - ասել է ՄԱԿ-ի ժնևյան կառույցում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին՝ խորհրդի նախագահին ուղղված մարտի 23-ի նամակում։

Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի էր ունեցել պատերազմի առաջին օրը՝ փետրվարի վերջին, իրար հաջորդած երկու հրթիռային հարվածներով։ Ըստ իրանցի պաշտոնյաների՝ սպանվել էր 168 երեխա, մեծամասամբ՝ աղջիկ։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական քննիչները չեն բացառում, որ ամերիկյան ուժերն են պատասխանատու կատարվածի համար։ Հետաքննությունը, սակայն, շարունակվում է և առայժմ չի հասել վերջնական եզրակացության։ Պենտագոնը խորացրել է այս ուղղությամբ ջանքերը։

Ծոցի երկրները նույնպես խնդրում են Մարդու իրավունքների խորհրդի քննարկում անցկացնել՝ Միջին Արևելքի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարվածների թեմայով։ Քննարկումը տեղի կունենա վաղը։

17:23 24.3.2026

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ֆոնին Իրանը հաղորդում է 466 անձի կալանավորման մասին՝ համացանցում երկիրն «ապակայունացնող գործողություններ իրականացնելու» մեղադրանքով։

«Այս անձինք փորձել են շփոթ առաջացնել, վախ և մտահոգություն սերմանել հանրության մեջ և թշնամու օգտին քարոզչություն տարածել», - հայտնել է պետական IRNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանությանը։

Թե կոնկրետ ի՞նչ գործողությունների մասին է խոսքը և ե՞րբ են անձինք կալանավորվել, լրատվամիջոցը չի հստակեցրել։

Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից և Իրանի գերագույն առաջնորդի սպանությունից ի վեր Իրանի իշխանությունները ամբողջապես դադարեցրել են ինտերնետի հասանելիությունը երկրում։

Ըստ ինտերնետի մատակարարմանը հետևող Netblocks-ի՝ այսօր Իրանում համացանցի անհասանելիության 25-րդ օրն է՝ ընդհանուր մոտ 576 ժամ։

Գրեթե մեկ ամիս է՝ իշխանությունների կողմից արտոնված միայն մի խումբ մարդիկ են կարողանում օգտվել համաշխարհային ցանցից։

17:27 24.3.2026

Մերձավոր Արևելքում արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմում ավելի քան 2 100 երեխա է սպանվել կամ վիրավորվել, հայտարարում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

ՄԱԿ-ի հովանու նեքո գործող կառույցի փոխտնօրեն Թեդ Չայբանի խոսքով, մինչ օրս Իրանում սպանվել է 206, Լիբանանում՝ 118, Իսրայելում՝ չորս և Քուվեյթում՝ մեկ երեխա, չի բացառվում, որ առաջիկայում այս թվերն աճեն։

«Բախումների հետագա ընդրաձակումն ու շարունակությունը աղետալի կլինի միլիոնավոր մարդկանց համար», - հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը հակամարտության գոտի։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG