Իրանական կողմը օգնության որևէ խնդրանքով չի դիմել Ռուսաստանին՝ քաղաքական աջակցությանն ի հավելում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, պատասխանելով ռուսական սպառազինության՝ Իրան հնարավոր մատակարարումների մասին հարցին, նշել է. «Այս հարցում մեր հետևողական դիրքորոշումը հայտնի է, և դրանում փոփոխություններ չկան»։
Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով ֆինանսական շուկաները դեռ անկայուն են, Պարսից ծոցի երկրների օդային տարածքների փակ լինելու պատճառով բազմաթիվ մարդիկ դեռ արգելափակված են: Qatar Airways-ը հայտարարել է, որ արտակարգ թռիչքներ կկատարի դեպի Եվրոպա՝ մարդկանց տարհանելու համար:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը համաշխարհային տնտեսության կայունությունը փորձության է ենթարկում:
Ֆրանսիան թույլատրել է Միացյալ Նահանգներին օգտագործել իր ռազմակայանները Իրանի դեմ գործողությունների շրջանակում, այսօր տեղեկացրել է ֆրանսիական BFMTV հեռուստաընկերությունը՝ սեփական աղբյուրները վկայակոչելով։
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հեռուստաալիքի տարածած տեղեկությունները առայժմ չի մեկնաբանում։
Հարվածները Նախիջևանին
«Իրանի զինված ուժերը հերքում են, թե Նախիջևանին հասցված հարվածների հետևում Թեհրանն է եղել», - հաղորդում է Reuters գործակալությունը՝ Իրանի պետական լրատվամիջոցներին վկայակոչելով։
Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածին Իրանի առնչությունը կասկածի տակ է դրել նաև իսլամական հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ «Մենք չենք թիրախավորում մեր հարևան պետությունները։ Նախիջևանին հարվածի մասին ես առաջին անգամ ձեզանից եմ լսում և պետք է հետաքննեմ, թե որն է այս տեղեկատվություն աղբյուրը», - ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։
Իրանցի պաշտոնյան, սակայն, նշել է, որ հարևան երկրների տարածքը թիրախավորվում է միայն այն դեպքում, երբ «թշնամական պետությունների՝ այդ տարածքներում գտնվող ռազմաբազաները ակտիվ են և օգտագործվում են Իրանի անմեղ բնակիչների դեմ հարվածների նպատակով»։
«Թուրքիայի ուղղությամբ նախօրեին իրանական բալիստիկ հրթիռի արձակման պատճառով Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածը չի ակտիվացվի», - այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Նրա խոսքով՝ թեև միջադեպը «լուրջ բնույթ էր կրում, սակայն ՆԱՏՕ-ի հավաքական արձագանքման մեխանիզմը գործի դնելու կարիք չկա»։
«Որևէ մեկը չի խոսում 5-րդ հոդվածի ակտիվացման մասին։ Ամենակարևորն այն է, որ մեր հակառակորդները երեկ տեսան, որ ՆԱՏՕ-ն շատ ուժեղ է և աչալուրջ», - նշել է Ռյուտեն։
«Մեր զինված ուժերը՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները մոբիլիզացիոն թիվ մեկ վիճակի են բերվել», - այսօր Բաքվում կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ այդ ուժերը «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։
Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի Հանրապետության հանդեպ։
«Դա արվում էր այն պատճառով, որ նրանք շատ լավ գիտեն՝ անկախ ադրբեջանական պետությունն այսօր հույսի աղբյուր է Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար», - հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Իրանը թող չմոռանա, թե ինչպես մենք վերջ տվեցինք հայկական օկուպացիային», - այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք մեր հզորությունը ցուցադրել ցանկացած չարագործ ուժի, այնպես, ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային», - հայտարարել է Ալիևը՝ մեկնաբանելով Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածը։
«Այն պատվազուրկ մարդիկ, որոնք իրականացրել են այս ահաբեկչական գործողությունը, զղջալու են։ Նրանք չպետք է խաղան մեր համբերության հետ։ Ով ուզում է անել դա՝ կկործանվի «Երկաթե բռունցքի» կողմից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
«Անկարան դատապարտում է Ադրբեջանի Նախիջևանի տարածաշրջանին հասցված հարվածը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը՝ կոչ անելով՝ «դադարեցնել երրորդ երկրներին հասցվող հարվածները»։
«Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում դադարեցնել տարածաշրջանում գտնվող երրորդ երկրները թիրախավորող հարվածները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի տարածմանը», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։