Տեսանյութում Նախիջևանն է
Անկարայում հայտարարում են, որ «ուշի ուշով հետևում են իրանցի քրդերի գործողություններին», հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ այսօր տարածած հայտարարությունը։
«Մի շարք խմբերի, այդ թվում՝ ահաբեկչական PJAK կազմակերպության գործողությունները, որոնք նպաստում են էթնիկ անջատողականության աճին, բացասական ազդեցություն են թողնում ոչ միայն Իրանի անվտանգության, այլև ողջ տարածաշրջանի կայունության վրա»,- նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դատապարտել է Նախիջևանի տարածքին հասցված հարվածները՝ հայտարարելով, որ դրանք անպատասխան չեն մնա։
Թեհրանը հերքում է հարվածների մասին հաղորդումները:
Իսրայելի բանակը Իրանի դեմ պատերազմի 6-րդ օրը լայնամասշտաբ նոր հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքների, այդ թվում՝ Թեհրանին, թիրախավորելով պետական ենթակառուցվածքները:
Բանակը հայտնել է, որ Ղոմ քաղաքում հրթիռի արձակման հարթակ է ոչնչացրել, Սպահանում՝ հակաօդային պաշտպանության համակարգ: Հարվածել են նաև Քարաջ քաղաքին:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն իր հերթին հայտնել է, որ շարունակում է քայլերը՝ վերացնելու Իրանի հրթիռային արձակման շարժական հնարավորությունները:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրանի դեմ պատերազմի միայն առաջին երկու օրերին մոտ 100 հազար մարդ է լքել Թեհրանը:
Լիբանանում Իսրայելի բանակը հարվածել է Բեյրութում «Հեզբոլա»-ի հրամանատարական կենտրոններին, կան զոհեր և վիրավորներ: Ըստ լիբանանյան լրատվամիջոցների՝ սպանվել է նաև «Հեզբոլա»-ի հրամանատարներից մեկը: Զոհեր կան նաև Լիբանանի հարավում:
Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ խմբավորումը «չի հանձնվի»։
Ըստ լիբանանցի պաշտոնյաների՝ Իսրայելի գործողությունների հետևանքով ավելի քան 80 հազար մարդ է տեղահանվել։
Իսրայելը հայտնել է, որ Իրանը մի քանի հրթիռ է արձակել իր ուղղությամբ, զոհերի կամ վնասների մասին չի հաղորդվում: Երուսաղեմում պայթյուններ են լսվել:
Պայթյուններ են լսվել Բահրեյնում, Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ տարհանվել է ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքի բնակչությունը:
Քուվեյթի ափերի մոտ Իրանը լցանավի է հարվածել, ինչից հետո նավթի արտահոսք է եղել: Օմանում էլ վառելիքի պահեստ է վնասվել հարձակումից:
Բազմաթիվ բեռնատար և մարդատար նավեր են արգելափակվել Հորմուզի նեղուցում, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը փակել է արդեն մի քանի օր, իսկ այսօր հայտարարել, որ պատերազմի ընթացքում նեղուցով անցումն իր հսկողության տակ կլինի: Կորպուսը նաև հայտնել է, որ ամերիկյան տանկեր է խոցել:
Սպիտակ տան մամուլի քարտուղարն ասել է, որ ԱՄՆ-ն ակտիվ աշխատում է Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման և տանկերների անվտանգ անցումն ապահովելու համար: Քերոլայն Լևիթը, սակայն, ժամկետներ չի նշել: