Մատչելիության հղումներ

եթերում Իրանը պատասխանել է խաղաղության ամերիկյան առաջարկին

Գլխավորը՝ համառոտ

09:59 1.5.2026

Լրանում է առանց Կոնգրեսի հավանության Իրանի դեմ պատերազմ վարելու ժամկետը․ Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետի առջև է. կա՛մ ավարտելու Իրանի դեմ պատերազմը, կա՛մ Կոնգրեսին հիմնավորելու դրա երկարաձգումը, գրում է Reuters-ը։

Լրատվամիջոցի դիտարկմամբ, սակայն, ակնկալվում է, որ օրը կանցնի առանց էական զարգացումների, քանի որ հակամարտությունը ռազմական գործողություններից վերածվել է ծովային բեռնափոխադրումների ուղիների փակուղային դիմակայության։

Նշվում է, որ պաերազմի ավարտը թվում է խիստ անհավանական։

Փորձագետները և կոնգրեսականների օգնականները ակնկալում են, որ Թրամփը Կոնգրեսին կտեղեկացնի, որ նախատեսում է պատերազմը 30 օրով երկարաձգել, կամ պարզապես կանտեսի օրենքով սահմանված վերջնաժամկետը։ ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Իրանի հետ գործող հրադադարի հաստատումը նշանակում է հակամարտության ավարտ, գրում է Reuters-ը։

08:57 1.5.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո բենզինի գները կնվազեն:

Նավթի համաշխարհային գները ավելի վաղ հասել էին չորս տարվա ամենաբարձր մակարդակին՝ մեկ բարելի համար ավելի քան 126 դոլարի: Սա այն մտավախությունների պատճառով, որ հակամարտությունը կարող է հանգեցնել երկարատև ճգնաժամի։

08:56 1.5.2026
Իսրայել Կաց
Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ստիպված լինել Իրանի դեմ «կրկին գործել», որպեսզի Թեհրանը կրկին «սպառնալիք» չդառնա։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համակարգմամբ գլխավորում է ռազմական արշավի նպատակներին հասնելու ջանքերն այնպես, որ Իրանն ապագայում կրկին սպառնալիք չդառնա Իսրայելի, Միացյալ Նահանգների և ազատ աշխարհի համար», - ասվում է Կացի գրասենյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ։

«Մենք աջակցում ենք այս ջանքերին և տրամադրում ենք անհրաժեշտ աջակցությունը, սակայն հնարավոր է, որ շուտով մենք կրկին ստիպված լինենք գործել՝ այս նպատակներին հասնելու համար», - նշվում է հայտարարության մեջ։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի համատեղ պատերազմը դադարեցվեց ապրիլի 8-ին՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հրադադարի համաձայնագրի շնորհիվ։

08:44 1.5.2026

«Իհարկե, Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա ԱՄՆ-ում. ՖԻՖԱ-ի նախագահ

Իրանը կմասնակցի Աշխարհի առաջնությանը և կխաղա ԱՄՆ-ում, այս մասին Վանկուվերում կայացած Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսի ժամանակ հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն.

«Իհարկե, Իրանը կմասնակցի 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը։ Եվ, իհարկե, Իրանը կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգներում», - հայտարարել է Ինֆանտինոն։

«Եվ դրա պատճառը շատ պարզ է, մենք պետք է միավորվենք։ Դա իմ պատասխանատվությունն է, մեր պատասխանատվությունը»,- հավելել է ՖԻՖԱ-ի ղեկավարը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադառնալով Իրանի մասնակցությանն, ասել է. «Եթե Ինֆանտինոն է դա ասել, ապա ես համաձայն եմ դրա հետ»:

Իրանը որակավորվել է մրցաշարին, սակայն Թեհրանը խնդրել էր խմբային փուլի խաղերը ԱՄՆ-ից տեղափոխել Մեքսիկա։ ՖԻՖԱ-ն, սակայն, մերժել էր այդ մասին Իրանի դիմումը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությանը՝ չնայած երկու երկրների միջև հակամարտությանը։

«ԱՄՆ-ից որևէ կերպ չի ասվել, թե նրանք չենք կարող գալ», - ասել էր Ռուբիոն՝ հավելելով, սակայն, որ Իրանի հավաքականի հետ ԱՄՆ ճամփորդել չեն կարողանա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊՀ) հետ կապեր ունեցող անձինք։

08:16 1.5.2026

Արաբական Միացյալ Էմիրությունները նախօրին իր քաղաքացիներին արգելել է ճամփորդել Իրան, Լիբանան և Իրաք՝ որոշումը կապելով մերձավորարևելյան պատերազմի և անվտանգային մտահոգությունների հետ։

«Հաշվի առնելով տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ Արտաքին գործերի նախարարությունը ԱՄԷ քաղաքացիների համար Իրանի Իսլամական Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն և Իրաքի Հանրապետություն ճափորդելու արգելք է սահմանում», - հաղորդել է պետական WAM լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը երեք երկրներում գտնվող ԱՄԷ քաղաքացիներին հորդորել է շտապ հայրենիք վերադառնալ։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ավիահարվածներին ի պատասխան՝ Իրանը սկսեց թիրախավորել Ծոցի երկրների, այդ թվում՝ Էմիրությունների ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ փոխկապակցվող օբյեկտներին։


21:09 30.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին «Իրանի շուրջ զարգացումներին միջամտելու համար»։

«Գերմանիայի կանցլերը ավելի շատ ժամանակ պետք է ծախսի ռուս - ուկրաինական պատերազմի [դադարեցման] վրա։ Այս հարցում նա որևէ արդյունավետություն չի ցուցաբերել։ Լավ կլիներ նաև, որ Մերցը ոչ թե խառնվեր այն մարդկանց գործերին, որոնք ցանկանում են չեզոքացնել Իրանի միջուկային սպառնալիքը, այլ զբաղվեր ճգնաժամում գտնվող իր երկրում առկա խնդիրներով, օրինակ՝ ներգաղթով կամ էներգետիկայով», - հայտարարել է Թրամփը։

18:59 30.4.2026

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերահաստատել է Հորմուզի նեղուցը վերահսկելու Թեհրանի մտադրությունը։

Իրանում այսօր տոնում են Հորմուզի նեղուցում Պորտուգալիայի դեմ Սեֆյան Պարսկաստանի 1622 թվականին տարած հաղթանակը։

Այս կապակցությամբ Ղալիբաֆը X-ում գրառում է կատարել՝ նշելով. «Վերահսկելով Հորմուզի նեղուցը՝ [Իրանը] իր և իր հարևանների համար Ամերիկայի ներկայությունից և միջամտությունից զերծ ապագայի թանկագին երջանկությունը կապահովի»։

15:55 30.4.2026

Հորմուզի նեղուցի կառավարման նոր կարգը հանդարտություն կպարգևի Ծոցի երկրներին. Մոջթաբա Խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին գրավոր ուղերձով հայտարարել է, որ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի համար նոր էջ է ձևավորվում՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։

Խամենեիի վստահեցմամբ՝ Թեհրանը կապահովի Ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և կվերացնի, իր բնորոշմամբ, «թշնամու կողմից ջրուղու չարաշահումը»։

Հոր՝ Ալի Խամենեիի սպանությունից հետո երկրի հոգևոր առաջնորդի պաշտոնը ստանձնած Մոջթաբա Խամենեին հավելել է, որ Հորմուզի նեղուցի կառավարման նոր կարգը հանդարտություն, առաջընթաց և տնտեսական օգուտներ կպարգևի Ծոցի բոլոր երկրներին։

Պաշտոնը ստանձնելուց հետո Խամենեին դեռևս չի հայտնվել հանրության առջև, եղել են միայն գրավոր հաղորդագրություններ նրա անունից։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեի, արխիվ
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեի, արխիվ


15:17 30.4.2026

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը բռնագրավել է Իրանին պատկանող «մոտ կես միլիարդ» կրիպտոարժույթ:

Սքոթ Բեսենթը պնդել է, որ տնտեսական ճնշման և իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման արդյունքում Իրանի կառավարությունն արդեն «ճգնաժամի» մեջ է հայտնվել: Ապա հավելել է, որ այս միջոցառումները մշտական վնաս կհասցնեն Իրանի տնտեսությանը։

Իրանում, մինչդեռ, համաձայն չեն ամերիկացի նախարարի պնդումների հետ: Խորհրդարանի խոսնակը հերքել է, թե տնտեսական ճնշումը խնդիրներ է ստեղծում Իրանի համար: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը սոցցանցում գրել է, որ մինչ այժմ իրանական նավթահորերում պայթյուններ չեն եղել՝ հավելելով, որ երկիրը պատրաստ է դիմանալ տնտեսական ճնշմանը առնվազն ևս 30 օր։ Նա նաև քննադատել է Բեսենթին՝ Թրամփին վատ խորհուրդներ տալու համար:

12:42 30.4.2026

Իսրայելը շարունակել է գործողություններն Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ Լիբանանի հարավում՝ հարվածելով մի քանի քաղաքի: Իսրայելական բանակը Բաթուլիե քաղաքում ջրամատակարարման կայանի է հարվածել, պայթեցրել ալ-Բայադում գտնվող զբոսաշրջային հանգստավայր։ Թայր Դեբբա քաղաքում էլ չորսամյա երեխա է սպանվել իսրայելական հարվածներից:

Իսրայելը նաև միջերկրական ծովում կանգնեցրել է նավատորմ, որը մարդասիրական օգնություն էր տեղափոխում Գազա:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG