Մատչելիության հղումներ

եթերում Իրանը պատասխանել է խաղաղության ամերիկյան առաջարկին

Գլխավորը՝ համառոտ

09:38 27.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկության դեպքում «կարող է զանգահարել մեզ», եթե ցանկանում է խոսել, հավելելով, սակայն, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած ծրագրից, հակառակ դեպքում «հանդիպելու ոչ մի պատճառ չկա»։

«Եթե նրանք ցանկանում են խոսել, կարող են գալ մեզ մոտ, կամ կարող են զանգահարել մեզ։ Գիտեք՝ հեռախոս կա։ Մենք ունենք լավ, անվտանգ հեռախոսագծեր, - նախօրեին Fox News-ին ասել է Թրամփը:

«Նրանք գիտեն, թե ինչ պետք է լինի համաձայնագրում։ Դա շատ հստակ է․ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, այլապես հանդիպման ոչ մի պատճառ չկա»,- ասել է Թրամփը։

08:52 27.4.2026

Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով ամերիկյան կողմին Հորմուզի նեղուցը վերաբացելու և փետրվարի 28-ին սկիզբ առած պատերազմն ավարտելու առաջարկ է փոխանցել, գրում է ամերիկյան Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ Axios-ի՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգվել են. ավելի ուշ կընթանան։

08:51 27.4.2026

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարը նշել է, որ Պուտինի հետ հանդիպումը լավ հնարավորություն է պատերազմի զարգացումները քննարկելու համար:

17:44 26.4.2026

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման հրատապ անհրաժեշտությունը, հայտնել Է Դաունինգ սթրիթը:


15:56 26.4.2026

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարիք ալ-Սայիդի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում ուժեղացնում է անկայունությունն ու պառակտումը:

Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքում ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ, որը զերծ կլինի արտաքին միջամտությունից:

14:11 26.4.2026

Իսրայելի պաշտպանության բանակը Լիտանի գետից հյուսիս գտնվող յոթ քաղաքների բնակիչներին զգուշացրել է տարհանվել՝ հայտարարելով, որ նրանք վճռական են գործելու «Հեզբոլայի» դեմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների պատճառով:

11:30 26.4.2026

Լիբանանի հարավային հատվածի առնվազն չորս բնակավայր իսրայելական հարվածների է ենթարկվել։

Լիբանանի ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրար հաջորդած երկու հարված է հասցվել Բինտ Ջբեիլ շրջանի քաղաքներից մեկին, ևս երկու հարված՝ Նաբաթիե շրջանի երկու քաղաքներին, մեկ հարված էլ՝ Թայրե շրջանի քաղաքներից մեկին։

Իսրայելի պաշտպանության բանակը, իր հերթին, հայտարարել է, որ հարվածել են «Հեզբոլա»-ի՝ ռազմական նպատակներով օգտագործվող ահաբեկչական ենթակառուցվածքներին՝ հավելելով, որ «կշարունակեն վճռականորեն գործել սպառնալիքների դեմ»։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ կարգադրել էր զինված ուժերին հարվածներ հասցնել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի թիրախներին՝ հրադադարի ենթադրյալ խախտումներին ի պատասխան։

«Հեզբոլա»-ն էլ հաղորդել է, որ իսրայելական զինուժին պատկանող մեքենա է թիրախավորել՝ պատասխանելով իր ուղղությամբ հարվածին։

11:00 26.4.2026

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է վերադառնալ Պակիստան Օման ուղևորության ավարտից հետո և Ռուսաստան մեկնելուց առաջ, հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը ավելի վաղ լքել էր Իսլամաբադը՝ առանց Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններում առաջընթացի որևէ նշանի:

IRNA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Արաղչիի գլխավորած պատվիրակության մի մասը վերադարձել է Թեհրան «խորհրդակցությունների և անհրաժեշտ հրահանգներ ստանալու համար պատերազմի ավարտի հետ կապված հարցերի վերաբերյալ և նախատեսում է կիրակի երեկոյան [ապրիլի 26-ին] միանալ Արաղչիին Իսլամաբադում»:

10:47 26.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում իր մասնակցությամբ միջոցառման ժամանակ հրաձգությունն իրեն հետ չի պահի Իրանի դեմ պատերազմը հաղթելուց:

Մայրաքաղաքի «Վաշինգտոն հիլթոն» հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ գրանցված միջադեպից 40 րոպե հետո տված ասուլիսին Թրամփը միաժամանակ հավելել է, թե չի կարծում, որ հրաձգությունը որևէ կապ ունի Իրանի պատերազմի հետ։

Շաբաթ երեկոյան տեղի ունեցած միջադեպին մասնակցում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահը, առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, առողջապահության նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։

Երկրի առաջին դեմքերին տարհանել են, միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով։ Ենթադրյալ հրաձիգը ձերբակալվել է, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն։

20:10 25.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ամերիկացի բանագնացների՝ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի՝ Պակիստան նախատեսված այցը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:

Բանագնացները պետք է մեկնեին Իսլամաբադ այսօր՝ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երեկ էր ժամանել Պակիստան, սակայն Թեհրանը հայտարարել էր, որ ուղիղ բանակցություններ չի պլանավորում ամերիկացիների հետ:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG