Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Պակիստանի պաշտոնյաներին է փոխանցել բանակցություններում Թեհրանի պահանջները, ինչպես նաև Իսլամաբադ կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ի պահանջների վերաբերյալ ի վերապահումները: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է բանակցություններին մասնակցող պակիստանյան աղբյուրը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հանդիպել է Պակիստանի զինված ուժերի ղեկավարի Ասիմ Մունիրի հետ:
Արաղչին, որ երեկ է մեկնել Իսլամաբադ, հայտնել է, որ Պակիստանում իր հանդիպումներից հետո կմեկնի Օման և Ռուսաստան: Նպատակն է «համակարգել գործողությունները գործընկերների հետ երկկողմ հարցերի շուրջ և խորհրդակցել տարածաշրջանային իրադարձությունների վերաբերյալ», գրել է Արաղչին սոցիալական ցանցում:
Չնայած Արաղչին Պակիստանում է, և ըստ Սպիտակ տան՝ այստեղ են մեկնում նաև ԱՄՆ ներկայացուցիչները, սակայն դեռևս հայտնի չէ՝ բանակցություններ կկայանան, թե ոչ:
Իսրայելն ու Լիբանանում տեղակայված «Հեզբոլա» շարժումը շարունակում են փոխհրաձգությունը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ին հարավային Լիբանանի երեք շրջաններում: Ըստ բանակի՝ վերջին խախտումը տեղի է ունեցել, երբ շարժումը Լիբանանի հարավում զինվորների ուղղությամբ պայթուցիկներով անօդաչու թռչող սարքեր է արձակել:
Առավոտյան խմբավորումը ևս հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հարվածել է իսրայելական բանակին: Ըստ «Հեզբոլայի»՝ իրենք պատասխանել են Իսրայելի խախտումներին:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի երկարաձգումից հետո:
ԱՄՆ բանակցողները այսօր պետք է մեկնեն Պակիստան: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախօրեին արդեն ժամանել է Իսլամաբադ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները, ըստ Սպիտակ տան, շաբաթ առավոտյան պետք է մեկնեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին ասել է, որ Իրանը հնարավորություն ունի «լավ գործարք» կնքել Միացյալ Նահանգների հետ:
Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ իր ներկայացուցիչները չեն հանդիպի ամերիկացիներին. Թեհրանի մտահոգությունը կփոխանցվի ոչ թե ուղիղ հենց ԱՄՆ-ին, այլ միջնորդ Պակիստանին:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ միջուկային ծրագրի հարցն այլևս չի կարող լինել հնարավոր բանակցությունների գլխավոր թեման։ Բանակցությունները պետք է կենտրոնանան պատերազմն ավարտելու վրա, ասել է Էսմայիլ Բաղային:
«Գլխավոր թեման պատերազմն ավարտելն է այնպես, որ այն ծառայի մեր շահերին և կարիքներին։ Մենք սկզբից ասել ենք, որ ընդունում ենք այս հրադադարը, քանզի այն ճանապարհ կհարթի և կլինի պատերազմի լիակատար ավարտի նախերգանքը», - նշել է Բաղային:
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը պատմական հնարավորություն ունի Միացյալ Նահանգների հետ «լավ գործարք» կնքելու: Փիթ Հեգսեթը հույս է հայտնել, որ Թեհրանը խելամիտ կվարվի, ապա նշել, որ ԱՄՆ կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման շնորհիվ որևէ նավ առանց ԱՄՆ թույլտվության դուրս չի գալիս Հորմուզի նեղուցից:
«Սա համարձակ և վտանգավոր առաքելություն է ... Այն այսօր շարունակվում է նոր փուլում, մինչ Իրանն ունի կարևոր ընտրություն, հնարավորություն՝ կնքելու գործարք, լավ գործարք, խելամիտ գործարք», - ասել է Հեգսեթը:
Այսօր երեկոյան ակնկալվում է, որ Իրանի արտգործնախարարը փոքր թիմով կժամանի Իսլամաբադ, որտեղ հավանաբար բանակցություններ տեղի կունենան ԱՄՆ-ի հետ, հաղորդում են Reuters-ը և BBC-ն՝ Պակիստանի կառավարությունում իրենց աղբյուրներին հղումով: Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ լոգիստիկ և անվտանգության թիմն արդեն այնտեղ է։ Վաշինգտոնը և Թեհրանը պաշտոնապես դեռ չեն հաստատել:
Մինչ այդ Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Պակիստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է հրադադարին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից ամերիկյան առաջարկների վերաբերյալ պատասխանի հարցում չի շտապում:
«Ես ունեմ աշխարհի ողջ ժամանակը, իսկ Իրանը՝ ոչ»,- գրել է նա՝ հավելելով, որ ժամանակն ի վնաս Իրանի է աշխատում: «Գործարքը կկնքվի միայն այն ժամանակ, երբ այն նպատակահարմար և լավ կլինի ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների և, ըստ էության, մնացած աշխարհի համար»,- հավելել է նա։
Թրամփը նաև նշել է, որ ոչ մի դեպքում միջուկային զենք չի կիրառի Իրանի դեմ: «Ո՛չ։ Ո՛չ, չեմ անի նման բան։ Մեզ դա պետք չէ»,- ասել է նա:
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունից ժամեր անց իսրայելական կործանիչները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի հրթիռային հարվածների:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, թե վստահ չէ, որ երկարաձգված հրադադարը լիովին կդադարեցնի հակամարտությունը Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի միջև: CNN-ին տված հարցազրույցում Դենի Դանոնն ասել է, որ Լիբանանի կառավարությունը չի վերահսկում Իրանի աջակցությունը վայելող շարժումը: «Հեզբոլան հրթիռներ է արձակում` փորձելով խափանել հրադադարը, իսկ Իսրայելը պետք է հակահարված տա»,- ասել է նա։
Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ են վերսկսել պատերազմը նաև Իրանի դեմ: Իսրայել Կացն ասել է, որ զինվորականները սպասում են ԱՄՆ-ից «կանաչ լույսի»՝ վերացնելու առաջին հերթին հոգևոր առաջնորդ Խամենեի դինաստիան: Կացը նաև սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և երկիրը վերադարձնել «Քարի դար»։
«Այս անգամ հարձակումը տարբեր կլինի և մահացու: Ավերիչ հարվածներ կհասցվեն ամենացավոտ տեղերին, որոնք կցնցեն և կփլուզեն երկրի հիմքերը»,- հայտարարել է Կացը:
Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին հրադադարը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ով հայտարարեց, որ պատրաստ է սպասել «լավագույն գործարքին»՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը երկու երկրների բանագնացների հետ հանդիպումից հետո հայտարարեց.
«Հանդիպումը շատ լավ է անցել, - սոցցանցի էջում գրել է Թրամփը՝ հավելելով, - Միացյալ Նահանգները պատրաստվում է աշխատել Լիբանանի հետ՝ օգնելու պաշտպանվել «Հեզբոլա»-ից։ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երեք շաբաթով կերկարաձգվի»։
Թրամփը նշել է, որ Լիբանանի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպած պաշտոնյաներից են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Բանակցություններին իրենց երկրները ներկայացրել են ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանը և Իսրայելի դեսպանը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «մոտ ապագայում» սպասում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոսեֆ Աունի հետ հանդիպմանը։