ԱՄՆ բանակցողները այսօր պետք է մեկնեն Պակիստան: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախօրեին արդեն ժամանել է Իսլամաբադ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսա Ջարեդ Քուշները, ըստ Սպիտակ տան, շաբաթ առավոտյան պետք է մեկնեն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների:
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին ասել է, որ Իրանը հնարավորություն ունի «լավ գործարք» կնքել Միացյալ Նահանգների հետ:
Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ իր ներկայացուցիչները չեն հանդիպի ամերիկացիներին. Թեհրանի մտահոգությունը կփոխանցվի ոչ թե ուղիղ հենց ԱՄՆ-ին, այլ միջնորդ Պակիստանին:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ միջուկային ծրագրի հարցն այլևս չի կարող լինել հնարավոր բանակցությունների գլխավոր թեման։ Բանակցությունները պետք է կենտրոնանան պատերազմն ավարտելու վրա, ասել է Էսմայիլ Բաղային:
«Գլխավոր թեման պատերազմն ավարտելն է այնպես, որ այն ծառայի մեր շահերին և կարիքներին։ Մենք սկզբից ասել ենք, որ ընդունում ենք այս հրադադարը, քանզի այն ճանապարհ կհարթի և կլինի պատերազմի լիակատար ավարտի նախերգանքը», - նշել է Բաղային:
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը պատմական հնարավորություն ունի Միացյալ Նահանգների հետ «լավ գործարք» կնքելու: Փիթ Հեգսեթը հույս է հայտնել, որ Թեհրանը խելամիտ կվարվի, ապա նշել, որ ԱՄՆ կողմից Իրանի նավահանգիստների շրջափակման շնորհիվ որևէ նավ առանց ԱՄՆ թույլտվության դուրս չի գալիս Հորմուզի նեղուցից:
«Սա համարձակ և վտանգավոր առաքելություն է ... Այն այսօր շարունակվում է նոր փուլում, մինչ Իրանն ունի կարևոր ընտրություն, հնարավորություն՝ կնքելու գործարք, լավ գործարք, խելամիտ գործարք», - ասել է Հեգսեթը:
Այսօր երեկոյան ակնկալվում է, որ Իրանի արտգործնախարարը փոքր թիմով կժամանի Իսլամաբադ, որտեղ հավանաբար բանակցություններ տեղի կունենան ԱՄՆ-ի հետ, հաղորդում են Reuters-ը և BBC-ն՝ Պակիստանի կառավարությունում իրենց աղբյուրներին հղումով: Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ լոգիստիկ և անվտանգության թիմն արդեն այնտեղ է։ Վաշինգտոնը և Թեհրանը պաշտոնապես դեռ չեն հաստատել:
Մինչ այդ Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Պակիստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է հրադադարին առնչվող հարցեր: Այլ մանրամասներ նա չէր ներկայացրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանից ամերիկյան առաջարկների վերաբերյալ պատասխանի հարցում չի շտապում:
«Ես ունեմ աշխարհի ողջ ժամանակը, իսկ Իրանը՝ ոչ»,- գրել է նա՝ հավելելով, որ ժամանակն ի վնաս Իրանի է աշխատում: «Գործարքը կկնքվի միայն այն ժամանակ, երբ այն նպատակահարմար և լավ կլինի ԱՄՆ-ի, մեր դաշնակիցների և, ըստ էության, մնացած աշխարհի համար»,- հավելել է նա։
Թրամփը նաև նշել է, որ ոչ մի դեպքում միջուկային զենք չի կիրառի Իրանի դեմ: «Ո՛չ։ Ո՛չ, չեմ անի նման բան։ Մեզ դա պետք չէ»,- ասել է նա:
Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին հայտարարությունից ժամեր անց իսրայելական կործանիչները նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի հրթիռային հարվածների:
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, թե վստահ չէ, որ երկարաձգված հրադադարը լիովին կդադարեցնի հակամարտությունը Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի միջև: CNN-ին տված հարցազրույցում Դենի Դանոնն ասել է, որ Լիբանանի կառավարությունը չի վերահսկում Իրանի աջակցությունը վայելող շարժումը: «Հեզբոլան հրթիռներ է արձակում` փորձելով խափանել հրադադարը, իսկ Իսրայելը պետք է հակահարված տա»,- ասել է նա։
Իսրայելի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ պատրաստ են վերսկսել պատերազմը նաև Իրանի դեմ: Իսրայել Կացն ասել է, որ զինվորականները սպասում են ԱՄՆ-ից «կանաչ լույսի»՝ վերացնելու առաջին հերթին հոգևոր առաջնորդ Խամենեի դինաստիան: Կացը նաև սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և երկիրը վերադարձնել «Քարի դար»։
«Այս անգամ հարձակումը տարբեր կլինի և մահացու: Ավերիչ հարվածներ կհասցվեն ամենացավոտ տեղերին, որոնք կցնցեն և կփլուզեն երկրի հիմքերը»,- հայտարարել է Կացը:
Իսրայելն ու Լիբանանը երեք շաբաթով երկարաձգեցին հրադադարը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կայացած հանդիպման ժամանակ, ով հայտարարեց, որ պատրաստ է սպասել «լավագույն գործարքին»՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը երկու երկրների բանագնացների հետ հանդիպումից հետո հայտարարեց.
«Հանդիպումը շատ լավ է անցել, - սոցցանցի էջում գրել է Թրամփը՝ հավելելով, - Միացյալ Նահանգները պատրաստվում է աշխատել Լիբանանի հետ՝ օգնելու պաշտպանվել «Հեզբոլա»-ից։ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երեք շաբաթով կերկարաձգվի»։
Թրամփը նշել է, որ Լիբանանի և Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպած պաշտոնյաներից են փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Բանակցություններին իրենց երկրները ներկայացրել են ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանը և Իսրայելի դեսպանը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «մոտ ապագայում» սպասում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Լիբանանի նախագահ Ջոսեֆ Աունի հետ հանդիպմանը։
Ավելի քան 30 միլիոն մարդ կհայտնվի աղքատության մեջ Իրանի պատերազմի, այդ թվում՝ վառելիքի և պարարտանյութերի մատակարարման խափանումների պատճառով։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ալեքսանդր Դե Քրուն է այս մասին հայտարարել, հավելելով՝ պարարտանյութերի պակասը, որը սրվել է Հորմուզի նեղուցով բեռնատար նավերի անցման արգելափակման պատճառով, արդեն իսկ նվազեցրել է գյուղատնտեսական արտադրողականությունը։
«Սննդային անապահովությունը մի քանի ամսից կհասնի իր գագաթնակետին։ Նույնիսկ եթե պատերազմը վաղը դադարի, այդ հետևանքներն արդեն առկա են, և դրանք ավելի քան 30 միլիոն մարդու աղքատ կդարձնեն», - ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։
Աշխարհի պարարտանյութերի մեծ մասն արտադրվում է Մերձավոր Արևելքում, և համաշխարհային մատակարարումների մոտ մեկ երրորդն անցնում է Հորմուզի նեղուցով, որտեղ Իրանը և Միացյալ Նահանգները պայքարում են վերահսկողության համար։
Ավելի վաղ այս ամիս Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը նախազգուշացրել էին, որ պատերազմը կբարձրացնի սննդի գները՝ ավելի մեծ բեռ դառնալով աշխարհի առավել խոցելի բնակչության վրա։
Իրանի տապալված շահի որդի Ռեզա Փահլավին այսօր հայտարարել է, որ Թեհրանի հոգևորական ղեկավարության հետ ցանկացած բանակցություն «հաշտեցման քաղաքականություն» է, և հույս է հայտնել, որ նոր փողոցային բողոքները կկործանեն այդ իշխանությունը։
65-ամյա Փահլավին ելույթ է ունեցել Բեռլին կատարած այցի ընթացքում, որտեղ նրան դիմավորել են ինչպես կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմադիրներ․ ակտիվիստներից մեկը նույնիսկ կարմիր հեղուկ է լցրել նրա վրա, որից հետո բերման է ենթարկվել։
Լրագրողների հետ զրույցում Փահլավին կոչ է արել եվրոպական կառավարություններին, որոնք դուրս են մնացել Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի շրջանակներից, այլ քայլեր ձեռնարկել՝ սկսած իրանցի դեսպանների արտաքսումից մինչև Իրանի քաղաքացիներին արգելափակված ինտերնետին հասանելիություն ապահովելը։
Հորմուզն ամերիկյան լիարժեք վերահսկողության ներքո է. Թրամփ
Հորմուզի նեղուցը ամերիկյան լիարժեք վերահսկողության ներքո է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ որևէ նավ առանց ԱՄՆ ռազմածովային ուժերի համաձայնության չի կարող մտնել նեղուց կամ դուրս գալ այնտեղից:
ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ նեղուցը փակ է լինելու մինչև «Իրանն ի վիճակի լինի գործարք կնքել»:
Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ երկրի ռազմածովային ուժերին հրամայել է «կրակել և սպանել» Հորմուզի նեղուցում ականներ տեղադրել փորձող բոլոր նավերին։
Ամերիկյան ուժերը «կեռապատկեն» նեղուցի ականազերծման ջանքերը, գրել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը պնդել է նաև, թե Իրանը դժվարանում է առաջնորդ ընտրել, և որ Թեհրանում առկա են քաղաքական հակասություններ «կոշտ դիրքորոշում ունեցողների» և «չափավորների» միջև, որոնք, ըստ նախագահի՝ «իրականում այդքան էլ չափավոր չեն»։