Մատչելիության հղումներ

եթերում Իրանի հարցում ԱՄՆ-ն չունի Չինաստանի աջակցության կարիքը․ Թրամփ

Գլխավորը՝ համառոտ

14:34 21.4.2026

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Թրամփը չի կարող Իրանին որևէ բան պարտադրել: Ըստ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի՝ նրան այդ հարցում չեն օգնի ո՛չ իրանական նավահանգիստների շրջափակումը, ո՛չ էլ հրադադարի խախտումները: ԱՄՆ-ն պարզապես փորձում է արդարացնել պատերազմի վերսկսումը, սակայն Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի, սոցցանցում գրել է նա:

«Մեզ համար անընդունելի է սպառնալիքների ստվերի տակ բանակցություններ վարելը, և վերջին երկու շաբաթների ընթացքում մենք պատրաստվել ենք մարտի դաշտում նոր խաղաքարտեր բացահայտել», - նշել է նա։

14:32 21.4.2026

Իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ մինչ այս պահը Իրանից ոչ մի պատվիրակություն, այդ թվում՝ տեխնիկական թիմից, չի մեկնել Իսլամաբադ: Սակայն ԱՄՆ նախագահը, որը քիչ հավանական է համարել հրադադարի երկարաձգումը, վստահություն է հայտնել, որ Իրանը կգա բանակցությունների:

14:31 21.4.2026

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց մեկ օր առաջ դեռ պարզ չէ՝ արդյոք Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն Իսլամաբադում՝ ավարտելու պատերազմը: Ամերիկյան մամուլը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահը Պակիստան կմեկնի այսօր: Ըստ Al Jazeera-ի՝ Ջեյ Դի Վենսն Իսլամաբադում կլինի չորեքշաբթի:

09:09 21.4.2026

ԱՄՆ նախագահը պնդում է՝ գործարքը, որի շուրջ Միացյալ Նահանգները բանակցում է Իրանի հետ, շատ ավելի լավն է լինելու, քանի գերտերությունների և Թեհրանի միջև 2015 թվականի համաձայնությունը, որից Դոնալդ Թրամփը դուրս բերեց Վաշինգտոնին իր առաջին նախագահության շրջանում:

Երկուշաբթի օրը իր Truth Social սոցիալական ցանցում գրառումներում Սպիտակ տան ղեկավարը, քննադատելով Դեմոկրատական կուսակցությանը, նախկին նախագահներ Բարաք Օբամային և Ջո Բայդենին ու ամերիկյան հայտնի լրատվամիջոցներին, հայտարարել է, որ ճնշում չի զգում Իրանի հետ գործարք կնքելու, բայց կանխատեսել է, որ բավականին շուտով համաձայնություն ձեռք է բերվելու:

Թրամփի հավաստմամբ՝ Իրանի 2015-ի համաձայնությունը, որից ինքը ԱՄՆ-ին դուրս բերեց երեք տարի անց, «դեպի Միջուկային Զենք երաշխավորված ճանապարհ էր» Թեհրանի համար:

«Եթե գործարք տեղի ունենա ԹՐԱՄՓԻ օրոք, այն կերաշխավորի Խաղաղություն, Անվտանգություն ոչ միայն Իսրայելի և Միջին Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի համար և ամենուր», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը:


09:06 21.4.2026

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ «Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա երթևեկության համար»:

Երեկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցում Չինաստանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը կբխի «տարածաշրջանի երկրների և միջազգային հանրության ընդհանուր շահերից»:

21:30 20.4.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը New York Post-ին հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, մեկնում է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների համար։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ բարձր մակարդակի պատվիրակության կազմում են հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, խորհրդական Ջարեդ Քուշները, որոնք արդեն ճանապարհին են և երեկոյան կլինեն Իսլամաբադում»՝ ընդգծելով՝ կողմերը տրամադրված են բանակցությունների, և, ըստ երևույթին, այս պահին «ոչ ոք խաղ չի խաղում»։

Թրամփը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է անձամբ հանդիպել Իրանի ղեկավարության հետ՝ հիշեցնելով՝ ԱՄՆ-ի անվերապահ պահանջն այն է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ձեռք բերելուց։ Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Իրանը կարող է բարգավաճել, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ, և կրկնել, որ ԱՄՆ-ն կապի մեջ է Իրանի ղեկավարության «ճիշտ մարդկանց» հետ։

Նա նաև հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության կարելի է հասնել գուցե արդեն այսօր երեկոյան։ Սակայն ԱՄՆ նախագահը հրաժարվել է հստակեցնել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թեհրանը չհրաժարվի միջուկային ծրագրից, կամ եթե բանակցությունները ձախողվեն։

17:28 20.4.2026

Բաղդադում Միացյալ Նահանգների դեսպանատունը նոր նախազգուշացում է հրապարակել Իրաք ճանապարհորդելու վերաբերյալ։ Դիվանագիտական առաքելությունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Իրաք ճանապարհորդելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին՝ անհապաղ լքել երկիրը։

«ԱՄՆ դեսպանությունը Իրաքում կրկին հիշեցնում է Level 4՝ «Մի ճանապարհորդեք» նախազգուշացումը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ, որը նաև զգուշացնում է՝ Իրանի հետ կապված զինված խմբավորումները նոր հարձակումներ են պլանավորում Միացյալ Նահանգների քաղաքացիների և Վաշինգտոնի շահերի դեմ։

17:27 20.4.2026

Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ ապրիլի 23-ին Վաշինգտոնում։ Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

14:42 20.4.2026

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն այսօր հայտարարել է, որ Իսրայելի հետ երկկողմ բանակցությունները կվարի լիբանանյան պատվիրակությունը՝ ԱՄՆ-ում Լիբանանի նախկին դեսպան Սայմոն Քարամի գլխավորությամբ։

12:54 20.4.2026

Իրավիճակն անկայուն է Լիբանանում, որտեղ տասնօրյա հրադադար է հաստատվել: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն ստանձնել է մի շարք պայթյունների պատասխանատվությունը, որոնք, ըստ շարժման, թիրախավորել են իսրայելական ութ զրահապատ մեքենաներից բաղկացած շարասյանը:

Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ գիշերը հարվածել են Լիբանանի հարավում գտնվող հրթիռային արձակման կայանի։ Բանակը նաև Լիբանանի հարավի բնակիչներին զգուշացրել է չմոտենալ Լիտանի գետի մոտ գտնվող տարածքներին:

«Խնդրում ենք ուշադիր լինել հրադադարի համաձայնագրի ժամկետի ընթացքում։ Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են տեղակայվել հարավային Լիբանանի իրենց դիրքերում՝ ի պատասխան «Հեզբոլա»-ի շարունակական ահաբեկչական գործողությունների»,- հայտարարել է Իսրայելի զինուժի խոսնակը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG