Իրանի արտաքին գործերի նախարարությունից այսօր հայտարարել են, որ դեռևս որոշում չի կայացվել՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե ոչ։
«Այս պահին մենք բանակցությունների հաջորդ փուլի ծրագրեր չունենք, և այս առումով որևէ որոշում չի կայացվել», - ճեպազրույցի ժամանակ ասել է նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ռացիոնալ և դիվանագիտական ուղիները՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ փոխհարաբերություններում զգոնությունն ու անվստահությունը «անժխտելի անհրաժեշտություն» են, հաղորդում է IRNA պետական լրատվամիջոցը։
Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանալու է չորեքշաբթի օրը, ԱՄՆ ներկայացուցիչներն այսօր կժամանեն Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու: Թեհրանը, սակայն, դեռևս չի հայտարարել, թե արդյոք պատվիրակություն կուղարկի Պակիստան, թե ոչ։
Իրանում մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղավոր են ճանաչվել Իսրայելի «Մոսադ» լրտեսական գործակալության հետ համագործակցելու և երկրի ներսում հարձակումներ պլանավորելու մեջ, հայտնում է դատական համակարգի «Միզան» լրատվական գործակալությունը։
«Միզան»-ը նշել է, որ Մոհամմադ Մասում Շահի և Համեդ Վալիդի անուններով երկու անձինք մեղադրվում են «Մոսադի» հետ կապված լրտեսական ցանցին պատկանելու համար, նշվում է նաև, որ նրանք վերապատրաստվել են արտերկրում, այդ թվում՝ Իրաքի Քուրդիստանում։
Պակիստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
Հեռախոսազրույցը «ջերմ և կառուցողական» որակելով՝ Շահբազ Շարիֆը հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է «տարածաշրջանային զարգացող իրավիճակը»։
«Ես գնահատում եմ Իրանի ներգրավվածությունը, այդ թվում՝ նրա բարձր մակարդակի պատվիրակության այցը Իսլամաբադ՝ պատմական բանակցություններին մասնակցելու համար, ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած վերջին քննարկումները ֆիլդմարշալ Սաեդ Ասիմ Մունիրի հետ», - գրել է Պակիստանի վարչապետը։
Շարիֆը վստահեցրել է Փեզեշքիանին, որ Պակիստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության և տարածաշրջանային կայունության միջնորդի իր դերին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է գրավել, որը փորձել է շրջանցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակումը:
Վաշինգտոնից հայտնում են՝ բեռնանավն ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ է»։
«Այսօր, Իրանի դրոշի ներքո նավարկող TOUSKA բեռնանավը փորձել է անցնել մեր ծովային շրջափակումը, և լավ չստացվեց իրենց համար», - սոցցանցում նախօրեին գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անձնակազմն անտեսել է կանգ առնելու բազմաթիվ զգուշացումները:
«TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ նախկինում Իրանի համար ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մենք լիարժեք վերահսկում ենք նավը և ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»,- հայտարարել է Թրամփը։
Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Օմանի ծոցում իրանական առևտրային նավերից մեկի վրա կրակ բացելով հրադադարի ռեժիմը խախտելու համար և խոստացել է հակահարված տալ։
Քանի դեռ ԱՄՆ-ն Իրանին ծովային շրջափակման ներքո է պահում, Թեհրանը պատվիրակություն չի ուղարկի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու՝ հղում անելով իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությանը, հաղորդում է Al Jazeera-ն։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի գլխավորի ամերիկյան պատվիրակությունը Իրանի հետ սպասվելիք բանակցություններում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միակ պատճառն անվտանգությունն է», - ABC-ի եթերում ասել է Թրամփը՝ հավելելով, որ «Ջեյ Դին հրաշալի է»։
Նախագահն այլ մանրամասներ չի փոխանցել։
Նախագահ Թրամփը մեղադրել է Իրանին նախօրեին Հորմուզի նեղուցում կրակոցներ արձակելու համար՝ դա «հրադադարի համաձայնության բացարձակ խախտում» որակելով։
Թրամփի խոսքով՝ Իրանի զինուժը մասնավորապես թիրախավորել է մեկ ֆրանսիական և մեկ բրիտանական նավ։ «Լավ բան չեն արել, չէ՞», - գրել է նա։
Անդրադառնալով Իրանի կողմից համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար կարևորագույն ջրուղի Հորմուզի նեղուցը վերստին փակելու որոշմանը՝ Թրամփը նշել է․ «Դա տարօրինակ է, որովհետև մեր շրջափակումն արդեն իսկ փակել է նեղուցը։ Առանց հասկանալու օգնում են մեզ։ Արդյունքում՝ նրանք են տուժում՝ կորցնելով օրական 500 միլիոն դոլար։ Միացյալ Նահանգները ոչինչ էլ չի կորցնում», - ասել է Թրամփը։
Ամերիկյան բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա չի հստակեցրել, սակայն, թե ո՞վ կղեկավարի ամերիկյան պատվիրակությունը։ Նախորդ շաբաթավերջի բանակցություններում Վաշինգտոնը ներկայացնում էր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դրանք հաջողությամբ չպսակվեցին։
«Մենք շատ արդար և տրամաբանական գործարք ենք առաջարկում, - սոցցանցում գրել է Սպիտակ տան առաջնորդը՝ նաև սպառնալով, - հուսով եմ, որ նրանք կընդունեն այդ գործարքը, որովհետև եթե չընդունեն, Միացյալ Նահանգները շարքից հանելու է Իրանի էներգետիկ բոլոր կայաններն ու կամուրջները»։
Պատերազմի ընթացքում Թեհրանի 44,750 շենք-շինություն է վնասվել, հայտնում է Թեհրանի ճգնաժամային կառավարման կազմակերպության տնօրեն Ալի Նասիրին՝ վստահեցնելով, որ պետությունը կփոխհատուցի անձանց ունեցվածքի, կենցաղային պարագաների, կահույքի, մեքենաների և վերանորոգման աշխատանքների համար։
Նասիրին հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ կառավարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ «գույություն ունեցող տնտեսական իրողությունները» պետությանը թույլ չեն տալիս փոխհատուցել պատերազմի հետևանքով վնասված բնակարաններ ունեցող քաղաքացիներին։
Ըստ Ալի Նասիրիի՝ բնակելի շինություններին հասցված վնասները կարող են վերացվել «վերանորոգման փոքր աշխատանքներով»։
Լուրջ վնասներ կրած բնակարանների համար նախատեսված օժանդակությունը ներառում է հյուրանոցային կացություն կամ վարձով բնակարան, վերանորոգման համար վճարումներ, կենցաղային տեխնիկայի գնման քարտեր և վնասված տրանսպորտային միջոցների համար փոխհատուցում։