Մատչելիության հղումներ

եթերում Ըստ Սպիտակ տան՝ Թրամփն ու Սին համաձայն են՝ Հորմուզը պետք է բաց լինի, Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ

Գլխավորը՝ համառոտ

08:26 14.4.2026

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված չինական տանկերը նախօրեին անցել է Հորմուզի նեղուցով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից սահմանած շրջափակմանը, հայտնում է Reuters-ը:

Տվյալները ցույց են տալիս, որ «Ռիչ Սթարրի»-ն առաջինը կլինի, որը կանցնի նեղուցով և դուրս կգա ծոցից՝ շրջափակման սկսվելուց ի վեր։

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել տանկերի և դրա սեփականատիրոջ նկատմամբ՝ Իրանի հետ գործարքներ կնքելու համար։ Ընկերությունից առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ:

Տվյալները ցույց են տալիս, որ տանկերի անձնակազմը չինացի է։

Ըստ LSEG-ի տվյալների՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող մեկ այլ տանկեր՝ «Մուրլիկիշանը», նույնպես երեքշաբթի օրը ուղևորվել է նեղուց:

21:34 13.4.2026

Իրանից վտարված շահի որդի Ռեզա Փահլավին հայտարարել է, որ մշտական կապի մեջ է արտերկրում գտնվող իրանական ընդդիմության տարբեր խմբերի հետ՝ կրկին ընդգծելով իր ցանկությունը «ծառայել որպես միավորող ազգային գործիչ, այլ ոչ թե կուսակցական»։

Փահլավին այս մասին ասել է Ստոկհոլմ կատարած այցի ընթացքում, որտեղ ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ պահպանողական Քրիստոնյա դեմոկրատների և ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության հրավերով։

20:58 13.4.2026

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցները հայտարարել են, որ չեն ներգրավվի նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրում՝ Հորմուզի նեղուցը շրջափակելու հարցում, ինչը ևս մեկ անգամ սրում է լարվածությունն արդեն իսկ փխրուն դաշինքի ներսում։

17:12 13.4.2026
15:35 13.4.2026

Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը բացասական կազդի համաշխարհային պարենային անվտանգության ապահովման վրա, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Մասլեննիկովը։

«Տարածաշրջանի երկրների պարենային անվտանգությանը սպառնացող հիմնական գործոնը Հորմուզի նեղուցի արգելափակումն է, որն արդեն խաթարել է սննդամթերքի և հումքի մատակարարման ձևավորված տրանսպորտային և լոգիստիկ շղթաները»,- ասել է նա՝ պնդելով, թե նախնական գնահատականներով՝ եթե Հորմուզի նեղուցը փակ մնա երեք ամիս և ավելի, տարածաշրջանի երկրները կբախվեն պարենային անվտանգության լուրջ ռիսկերի։

15:22 13.4.2026

Եվրոպական միության անդամ պետությունները պետք է համակարգեն էներգիայի գները, քանի որ Իրանի պատերազմի սկսվելուց ի վեր հանածո վառելիքի ծախսերն աճել են 22 միլիարդ եվրոյով, հայտարարել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա նշել է, որ դիտարկում են նաև անդամ պետությունների գազի պահեստավորման գործունեության համակարգման հարցը։

13:52 13.4.2026

Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում կիրակի օրը վերսկսել է իր գործունեությունը։

«Սկզբնական փուլում դեսպանությունը կգործի սահմանափակ թվով դիվանագիտական և վարչական աշխատակիցներով, ներառյալ դեսպանը։ Դեսպանության աշխատանքի վերսկսումը Իրանում ռազմական գործողությունների դադարից և երկշաբաթյա հրադադարի հայտարարումից կարճ ժամանակ անց վկայում է, որ Ադրբեջանը մեծ կարևորություն է տալիս հարևան և բարեկամ Իրանի հետ հարաբերություններին։ Մեր երկիրը ևս մեկ անգամ վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելուն ուղղված նախաձեռնությունների», - նշված է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ

Նշվում է, որ դեսպանության գործունեությունը կվերականգնվի փուլային եղանակով՝ հաշվի առնելով անվտանգության և կազմակերպչական հարցերը։

13:23 13.4.2026

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ներքաշվի Իրանի պատերազմի մեջ և չի մասնակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը։

«Մենք չենք աջակցում շրջափակմանը», - ասել է նա՝ հավելելով, որ նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։

«Իմ կարծիքով՝ կենսական է, որ մենք բացենք նեղուցը և այն լիովին բաց լինի, և հենց դրա վրա ենք մենք կենտրոնացրել մեր բոլոր ջանքերը վերջին օրերին, և կշարունակենք դա անել», - ասել է Սթարմերը։

08:48 13.4.2026


ԱՄՆ-ը ապրիլի 13-ին, ժամը 10:00-ից կարգելափակի մուտքն ու ելքը Իրանի նավահանգիստներ մտնող և դուրս եկող նավերի համար, Truth Social-ում գրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակումը կիրականացվի բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից «Արաբական ծոցում» և Օմանի ծոցում։

Հրամանատարությունը հավելել է, որ չի խոչընդոտելու Հորմուզի նեղուցով անցնող նավերի նավարկությանը, եթե դրանք ուղևորվում են դեպի ոչ իրանական նավահանգիստներ կամ այնտեղից են գալիս։

20:17 12.4.2026

Այսօր կայացած հեռախոսազրույցում Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության վերջին զարգացումները, հաղորդում է Կրեմլը:

Մասուդ Փեզեշքիանն իր գնահատականն է տվել Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցություններին, երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշման համար, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ուղղված իրավիճակի ապաէսկալացմանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռուսաստանի ցուցաբերած մարդասիրական օգնության համար:

Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս նպաստել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, միջնորդական ջանքեր գործադրել ի շահ Մերձավոր Արևելքում արդարացի և տևական խաղաղության հաստատման: Այդ նպատակով Ռուսաստանը կշարունակի ակտիվ շփումները տարածաշրջանում բոլոր գործընկերների հետ, նշված է ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:

ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդումը, փոխանցում է, որ Փեզեշքիանը Պուտինին վստահեցրել է՝ Թեհրանը կարող է Վաշինգտոնի հետ արդարացի համաձայնություն կնքել, եթե Միացյալ Նահանգները հետևի միջազգային նորմերին և հաշվի առնի Իրանի կարմիր գծերը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է հավասարակշռված և արդարացի համաձայնության հասնելուն, որը կապահովի խաղաղությունը և հաստատուն անվտանգությունը տարածաշրջանում: Եթե ԱՄՆ-ը մնա միջազգային-իրավական շրջանակում, համաձայնության հասնելը միանգամայն հնարավոր է», - իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ասել է Մասուդ Փեզեշքիանը:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG