Մատչելիության հղումներ

Թրամփ. Իրանն ավելի արագ պետք է գործի

Գլխավորը՝ համառոտ

08:31 8.4.2026

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ հրադադարի համաձայնագրից հետո «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել. AFP

«Լիակատար և ամբողջական հաղթանակ։ 100 տոկոս։ Դրանում կասկած չկա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով AFP-ի հարցին, թե արդյոք նա այսպիսով հաղթանակ է հայտարարում հրադադարով։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը նա անվանել է «գործնական հիմք բանակցությունների համար»։

Սակայն, երբ Թրամփին հարցրել են գործարքի խզման դեպքում Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններն ու կամուրջները ոչնչացնելու իր սկզբնական սպառնալիքների մասին, նախագահը պատասխանել է. «Դուք պետք է տեսնեք», - ասվում է AFP-ի հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Թրամփը պնդել է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը կընդգրկվի ցանկացած խաղաղության համաձայնագրում։

Այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։

05:01 8.4.2026

Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի

«Ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնության են եկել ամենուր անհապաղ հրադադարի շուրջ», - X-ում գրել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր հրադադարի հարցում, X-ի գրառման մեջ նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։

«Սա երկկողմանի զինադադար կլինի», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։ «Սա անելու պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք ռազմական բոլոր նպատակները և շատ առաջ ենք գնացել Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքման հարցում»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը կդադարեցնի հակահարձակումները և կապահովի ջրային ուղիով անվտանգ անցում։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է. «Ճշմարտությունն այն է, որ նախագահ Թրամփը և մեր հզոր զինված ուժերը համոզեցին Իրանին համաձայնվել Հորմուզի նեղուցը վերաբացել, և բանակցությունները կշարունակվեն»։

23:56 7.4.2026

Իրանը դրականորեն է դիտարկում Պակիստանի կողմից առաջարկված երկշաբաթյա հրադադարի խնդրանքը, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանին տված վերջնաժամկետը: Պակիստանի վարչապետը նաև դիմել է Իրանին՝ որպես բարի կամքի դրսևորում, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը:

19:48 7.4.2026

Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիվ Բիրոլն ապրիլի 13-ին կհանդիպի Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարների հետ՝ քննարկելու էներգետիկ ճգնաժամը, որն առաջացել է Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի պատճառով։
«Իրանի պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը պահանջում է բոլորի ներգրավվածություն և միջազգային համագործակցություն»,- X սոցիլական հարթակում գրել է Բիրոլը։

18:56 7.4.2026

ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր հայտարարություն է տարածել՝ հորդորելով Բահրեյնում գտնվող բոլոր ամերիկացիներին մնալ իրենց բնակության վայրերում մինչև հետագա ծանուցումը։

17:35 7.4.2026

Մինչ ներդրողները հաշվարկում են՝ արդյոք Իրանը կկատարի՞ ռազմավարական նշանակության Հորմուզի նեղուցը վերաբացելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որի վերջնագիրն այսօր լրանում է, բարձրացել են նավթի և արժեթղթերի գները։

Սուրբ Հարության տոնից հետո Եվրոպայի տարածաշրջանային առևտուրը վերսկսել է, եվրոպական ֆոնդային բորսան կեսօրին աճ է գրանցել։ Ասիական բաժնետոմսերի ինդեքսներն էլ իրենց հերթին օրն ավարտեցին չնչին աճով։

Թրամփը Թեհրանին զգուշացրել է՝ եթե մինչև երեքշաբթի երեկոյան 20:00-ն Իրանը չթույլատրի Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժը, Միացյալ Նահանգները կիրականացնի Իրանի կարևորագույն ենթակառուցվածքների «ամբողջական ոչնչացման» գործողություն։

17:33 7.4.2026

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ըստ որոշ հաղորդագրությունների, անգիտակից վիճակում է և բուժվում է Իրանի Քոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Շիայական իսլամում Քոմը համարվում է ամենասրբազան քաղաքներից մեկը:

The Times-ը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ «Մոջթաբա Խամենեին ծանր վիճակում է և չի կարող մասնակցել որոշումների կայացմանը»:

16:21 7.4.2026

Թրամփը հայտարարել է՝ եթե Իրանը գործարք չկնքի, «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այս գիշեր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին զգուշացրել է Իրանին համաձայնության գալ՝ ընդգծելով, որ «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այս գիշեր», եթե հակամարտությունը դադարեցնելու համար համաձայնագիր չկնքվի։

16:15 7.4.2026

Իրանի պաշտոնյաները հաղորդել են, որ ԱՄՆ-իսրայելական օդային հարձակումների ալիքի ժամանակ վնասվել են առնվազն երկու կամուրջ, երկաթուղային ենթակառուցվածքներ և կարևոր մայրուղի:

Պետական լրատվամիջոցները նշում են, որ փլուզվել են Ղոմ սուրբ քաղաքի մոտ գտնվող կամուրջը և Քաշանի մեկ այլ կամուրջ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել։

Իրանի հյուսիսում գտնվող կարևորագույն մայրուղին, որը Թավրիզը Զանջանով կապում է Թեհրանի հետ, նույնպես փակվել է՝ Թավրիզից մոտ 90 կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցած վթարի հետևանքով:

14:49 7.4.2026

Իրանը նախապայմաններ է ներկայացրել ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ խաղաղության բանակցությունների համար, գրում է Reuters-ը՝ հղում անելով երկրի անանուն բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Ըստ այդմ՝ այդ նախապայմանների մեջ ընդգրկված են՝ հարձակումների անմիջական դադարեցում, երաշխիքներ, որ դրանք չեն կրկնվի, և պատճառված վնասի փոխհատուցում։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG