Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածներն Իրանին: Ալբորզ նահանգում առնվազն 18 մարդ է սպանվել, վիրավորվել՝ երկու տասնյակից ավելի: Իսրայելը հայտարարել է, որ հարվածել են Խորամաբադի օդանավակայանին, իսկ Շիրազում՝ նավթաքիմիական գործարանի՝ երրորդը պատերազմի ընթացքում:
Իսրայելի բանակը նաև իրանցիներին զգուշացրել է իրենց իսկ անվտանգության համար այսօր մինչև երեկոյան ժամը 9-ը խուսափել երկաթուղուց օգտվելուց: Իսրայելը պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկաթուղին օգտագործում է զենք-զինամթերք տեղափոխելու համար։ Հետևաբար այն լեգիտիմ թիրախ է դառնում բանակի համար:
Իսրայելը նաև հայտարարել է, որ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի մարտիկների է սպանել Լիբանանում: Իրանի աջակցությունը վայելող շարժումը պատասխան հարվածներ է հասցրել իսրայելական բանակին:
Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելին, կան ավերածություններ: Նաև շարունակել է հարվածները Պարսից ծոցի երկրներին:
Իրանի խորհրդարանը պատրաստվում է Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի «ինքնիշխանության և լեգիտիմության իրականացման» վերաբերյալ ընդունել օրենք: Փոխնախագահ Ալի Նիկզադը հայտարարել է, որ հարցը «շուտով» կքննարկվի խորհրդարանում։
«Օրենքն անպայման կկիրառվի Հորմուզի նեղուցում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից», - ասել է նա:
Հորմուզի հարցով այսօր նախատեսված է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քվեարկության կդրվի Բահրենի ներկայացրած բանաձևը: Այն անդամ երկրներին «խրախուսում է համակարգել պաշտպանական բնույթի ջանքերը՝ նեղուցով նավարկության անվտանգությունն ապահովելու համար»:
Ասիական որոշ երկրների նավեր այս ընթացքում ապահով անցել են նեղուցը Իրանի հետ համակարգելուց հետո:
Պակիստանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու շուրջ միջնորդների միջոցով ընթացող բանակցությունները մոտենում են «կրիտիկական, զգայուն» փուլի: Այլ մանրամասներ, սակայն, Ռեզա Ամիրի Մոգադամը չի հայտնել:
Չնայած Թրամփի սպառնալիքներին՝ առայժմ ոչինչ չի վկայում, որ Թեհրանը մտադիր է զիջման գնալ Հորմուզի հարցում:
Ուկրաինական հետախուզության գնահատմամբ՝ ռուսական արբանյակները տասնյակ մանրամասն լուսանկարներ են արել Մերձավոր Արևելքում ռազմական օբյեկտների և կարևոր նշանակության օբյեկտների վերաբերյալ, որպեսզի օգնեն Իրանին հարվածներ հասցնել ԱՄՆ ուժերին և այլ թիրախներին:
Ըստ հետախուզության՝ ռուսական արբանյակները մարտի 21-ից 31-ը առնվազն 24 տարածքի նկարահանում են իրականացրել Մերձավոր Արևելքի 11 երկրներում՝ ընդգրկելով 46 «օբյեկտ», ներառյալ՝ ամերիկյան և այլ ռազմական բազաներ, օդանավակայաններ ու նավթային հանքավայրեր:
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել և ոչնչացրել է երկրի արևելյան ուղղությամբ արձակված յոթ բալիստիկ հրթիռներ: Ընդ որում, ըստ Պաշտպանության նախարարության, բեկորներն ընկել են էներգետիկ օբյեկտների մոտակայքում:
Նախարարությունը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում վնասի գնահատման ուղղությամբ, սակայն չի հստակեցրել, թե ով է արձակել հրթիռները:
Մայրաքաղաք Թեհրանում բնակելի թաղամաս է ենթարկվել հարձակման, փրկարարները որոնում են փլատակների տակ գտնվողներին, հայտնում է Իրանի Կարմիր մահիկի լրատվական կայքը։
Իսրայելի բանակը, իր հերթին, հայտարարել է, որ ավարտել է օդային հարվածների ալիքը, որի նպատակն էր վնասել Իրանի «ահաբեկչական ռեժիմի» ենթակառուցվածքները Թեհրանում և Իրանի այլ շրջաններում։
Իրանի հեղափոխական գվարդիան երկուշաբթի առավոտյան կանգնեցրել է Կատարի հեղուկացված բնական գազով երկու լցանավեր, որոնք Հորմուզի նեղուց էին ուղևորվում, և առանց բացատրության նրանց հրամայել է տեղում մնալ, Reuters-ին հայտնել է աղբյուրը:
Իրանն ավելի վաղ թույլատրել էր նավերին անցնել նեղուցով Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնության համաձայն:
Սակայն, երկու նավերն էլ չեն հատել Հորմուզը:
Ամերիկա-իսրայելական հրթիռը հարվածել է սինագոգի Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում, հայտնում է կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը։
Իրանը մեկ գիշերվա ընթացքում կարող է ոչնչացվել, և այդ գիշերը կարող է հենց վաղը լինել,- այսօր լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ կարծում է՝ Իրանի ժողովուրդը պետք է ապստամբի երկրի կառավարության դեմ, եթե հայտարարվի հրադադար։
«Իրանի հետ համաձայնության գալու վերջնաժամկետը շարունակում է մնալ երեքշաբթին», - հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Արձագանքելով Իրանի կողմից հրադադարի առաջարկի մերժմանը՝ Թրամփը նշել է․ «Ես դժգոհ եմ Իրանի կառավարությունից, և նրանք դրա համար մեծ գին են վճարելու»։